Նազարբաեւը երդվեց

16/01/2006

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երեկ կայացել է վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնամուտի արարողությունը: 16 տարի երկիրը ղեկավարող Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանի նախագահի պաշտոնում երրորդ անգամ ընտրվել է 2005 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ստանալով ընտրողների քվեների 91,15 %-ը: Ղազախստանի նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Աֆղանստանի նախագահները, Ադրբեջանի վարչապետը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը եւ բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու դիվանագետներ: Աստանայում Հայաստանը ներկայացրել են Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ու գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սամվել Ավետիսյանը: Վարդան Այվազյանը Նուրսուլթան Նազարբաեւին է փոխանցել Հայաստանի նախագահի ուղերձը: