Որքան էլ տարբեր լինի վերաբերմունքը մեր հանրապետության առաջին դեմքերի նկատմամբ, մեր ժողովրդի մոտ արդեն ավանդույթ է դարձել լսել նրանց ամանորյա ուղերձները, մանավանդ, որ տեղական հեռուստաալիքները դրանից հետաքրքիր բան այդպես էլ չցուցադրեցին։
Ինչպես միշտ, դեկտեմբերի 31-ի ժամը 12-ից մի քանի րոպե առաջ իր ուղերձով մեր հայրենակիցներին դիմեց նախագահ Ռ. Քոչարյանը՝ չմոռանալով հենց սկզբից նշել անցյալ տարվա ամենամեծ հաջողության՝ Սահմանադրության մասին, եւ շատերի մոտ միանգամից կորավ ուղերձի շարունակությունը լսելու ցանկությունը. «Անցնող տարում մեզ հաջողվեց պահպանել զարգացման բարձր տեմպերը։ Մեր ձգտումն է, որ տնտեսական աճն ուղղակի եւ բարերար ազդեցություն ունենա մարդկանց բարեկեցության վրա։ Տեսանելի է, որ տնտեսության առաջընթացին զուգահեռ աճում է բյուջեի սոցիալական բաղադրիչը: Արդեն հունվարի 1-ից կլինեն աշխատավարձերի եւ թոշակների նոր բարձրացումներ…»: Ինչպես տեսնում եք, նախագահը լավատեսորեն է տրամադրված։
Լավատեսական էր նաեւ վարչապետ Ա. Մարգարյանի ուղերձը, սակայն` շատ ավելի զուսպ։ Այն եզրափակվում էր հետեւյալ պարբերությամբ. «Մենք միշտ ձեզ հետ եղել ենք անկեղծ. անհնարին ու միայն գեղեցիկ խոստումներ չենք տվել, բայց ինչի մասին խոսել ենք, ինչ ծրագրել ենք, կարողացել ենք իրականացնել ու ձեզ ներկայացնել: Այդպես է լինելու նաեւ այսուհետ»։
ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանը նույնպես դժգոհ չէր 2005-ից. «…վստահաբար կարող ենք ասել, որ այս տարի էլ մեր երկիրն ունեցավ թեկուզ փոքր, բայց կարեւոր եւ հաստատուն առաջընթաց քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների իր ճանապարհին»։
Ի դեպ, որպես անցյալ տարվա ձեռքբերում` ԱԺ նախագահը նաեւ նշել էր, որ «… այս տարի վերջապես լուծվեց ավանդների հարցը»։ Ամենայն հավանականությամբ` 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ կոալիցիայի անդամներն իրենց նախընտրական բուկլետների մեջ հաստ տառերով կհիշատակեն այս մասին՝ բյուջեով հաստատված 2 մլրդ դրամը համարելով 100 հազարավոր մարդկանց հուզող խնդրի լուծում եւ մեծ նվաճում։ Իսկ թե դափնիներն ում են բաժին հասնելու, դեռ պարզ չէ։
Երկրի առաջին դեմքերի գնահատականները թվային տեսքով հաստատել է նաեւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ 2005թ. 11 ամիսների համար գրանցելով 13,5% տնտեսական աճ։ Այսինքն, անցյալ տարի էլ վատ չենք «մռնչացել»։ Իսկ սղաճը նույն ժամանակահատվածի համար կազմել է ընդամենը 0,7%։ Այնպիսի տպավորություն է, ասես Վիճակագրական ծառայությունն աշխատում է, որ շնորհավորողներն ասելու բան ունենան։
Անցյալ տարում ինչ եղավ՝ եղավ, երեւի ավելի ճիշտ կլիներ անդրադառնալ նրան, ինչ սպասվում է։ Սակայն այս առումով քիչ թե շատ առարկայորեն խոսել առայժմ հնարավոր չէ, քանի դեռ լուծված չէ գազի սակագնի հարցը։
Ռ. Քոչարյանն իր ամանորյա ուղերձում նշեց. «Հայաստանը շարունակում է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն: 2006 թվականը հռչակված է Ռուսաստանում եւ Ֆրանսիայում Հայաստանի տարի, ինչը մեր երկրների միջեւ հարաբերությունների ամենաբարձր մակարդակի վկայությունն է»:
Հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է երեւի նաեւ այն, որ գազի հարցում անորոշ վիճակում մնացել ենք միայն մենք։ Բելառուսի հետ արդեն դեկտեմբերին ձեռք էր բերվել պայմանավորվածություն։ Վրաստանի եւ Ադրբեջանի հարցում նույնպես ամեն ինչ որոշված է։ Լուծվեց նաեւ ուկրաինական հարցը, որը համարվում էր փակուղային։ Ընդ որում, այդ լուծումը ուկրաինացիների համար շատ ավելի ձեռնտու է, քան այն, ինչ մեզ սպասվում է։ Ռուսաստանը մնաց իր խոսքի տերը եւ Ուկրաինայի համար սահմանած սակագինը (230 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի դիմաց) փոփոխության չենթարկեց։ Ուկրաինան բնական գազը գնելու է ոչ թե անմիջապես «Գազպրոմից», այլ «ՌոսՈւկրԷներգո» ընկերությունից՝ վճարելով 1000խմ-ի դիմաց` 95 ԱՄՆ դոլար։ Առաջին հայացքից այս անտրամաբանական գինը բացատրվում է նրանով, որ 230 դոլար գինը փոխհատուցվում է թուրքմենական գազի անհամեմատ էժան գնով, եւ Ուկրաինա մտնող «խառը» գազի գինը միջինում կազմում է 95 դոլար։
Հետաքրքիր է, որ ուկրաինացիները դժգոհ են նաեւ այս տարբերակից։ Ռադայի պատգամավորների մեծ մասը կնքված համաձայնագիրը համարում է «ստրկական» եւ դրա համար պաշտոնանկ արեց վարչապետ Եխանուրովին։
Իսկ ինչպիսի՞ն է պատկերը մեզ մոտ։ Եթե կարճ ու կոնկրետ արտահայտվենք՝ քար լռություն։ Վերջին օրերի լրահոսին հետեւելով` մարդ այնպիսի տպավորություն է ստանում, որ մեր ժողովրդի ամենահրատապ խնդիրը Արիել Շարոնի առողջական վիճակն է։ Ասել, թե մեր ղեկավարները գազի ուղղությամբ ոչինչ չեն անում՝ սխալ կլինի։ Ոչ մի բան չանելու դեպքում 2006թ. համար նախատեսված կառավարության բոլոր ծրագրերը դատապարտված կլինեն տապալման։ Քանի որ գազի թանկացումը հանգեցնելու է համընդհանուր սղաճի, ապա տնտեսական աճի, արդյունաբերության եւ արտահանման ծավալների մեծացման մասին բոլոր կանխատեսումները կմնան բարի ցանկությունների շրջանակներում։ Իսկ եթե հաշվի առնենք, որ 2006-ը նախընտրական տարի է, ապա դեպքերի այսպիսի զարգացումը ոչ ոքի ձեռնտու չէ։
Մի բան հստակ է. որքան էլ լռեն եւ պատասխանեն, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, դժվար թե ՌԴ-ն փոփոխի իր սահմանած 110 դոլար սակագինը։ Փաստն այն է, որ ՀՀ-ն ՌԴ-ին պետք է վճարի մոտ 90 մլն դոլարով ավելի շատ գումար, քան նախորդ տարիներին։ Իսկ այդ գումարի բեռը, վերջին հաշվով, ուղղակի թե անուղղակի ճանապարհներով, ընկնելու է մեր բնակչության վրա։ Եթե անգամ կառավարությանն ինչ-որ կերպ հաջողվի այս տարին հնարավորինս «սահուն» անցկացնել, ապա հաջորդ տարիների խնդիրը մնում է չլուծված։
Որպես լավատեսական ելք նշվում է Իրանի գազամուղի գործարկումը։ Հիշեցնենք, որ իրանական գազով Հայաստանն արտադրելու է էլեկտրաէներգիա եւ արտահանելու է Իրան։ Մասնագետների կարծիքով, Հայաստանի համար դրա տված օգուտն այդքան էլ մեծ չի լինելու գնի թանկացումը մեղմելու համար, եւ գազամուղն էներգետիկ այլընտրանք համարելը դժվար է։ Հաճախակի հիշատակվում է նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, սակայն այստեղ նույնպես վիճակն անորոշ է, եւ մասնագետներն առանձնապես մեծ հույսեր չեն կապում ինչպես 5-րդ բլոկի, այնպես էլ` Երեւանի ՋԷԿ-ի հետ, գոնե առաջիկա մի քանի տարիների համար։ Իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների եւ հողմային էլեկտրակայանների կառուցման մասին խոսակցությունները լսելիս հիշում ես ժողովրդական խոսքը, որը թեեւ փոքր-ինչ կոպիտ է, բայց շատ տեղին՝ «Էշ, մի սատկիր, գարուն կգա»։
2 օր առաջ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանն անուղղակիորեն խոստովանեց, որ գազի հարցում «շուկայական հարաբերություններ» արտահայտությունը պարզապես գեղեցիկ խոսքեր են, որոնք ասվում են ասվելու համար։ Ի տարբերություն մի քանի օր առաջ իր քողարկված սպառնալիքի, թե Ռուսաստանը կարող է կորցնել իր դիրքերը ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում, դիվանագետն այս անգամ փորձեց մեղմորեն ձեւակերպել իր ասելիքը՝ նշելով, որ տնտեսությունն ու քաղաքականությունը սերտորեն կապված են միմյանց հետ։
Պրն Օսկանյանը նաեւ տեղեկացրեց, որ գազի գինը դեռ հստակեցված չէ, եւ դրա շուրջ բանակցությունները շարունակվում են։ Սա նույնպես անհասկանալի է, քանի որ էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանն ընդունեց, որ Հայաստանի եւ անդրկովկասյան մյուս երկրների համար հաստատված է միատեսակ գին՝ 110 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի դիմաց։ Բոլորը համոզված են, որ բանակցություններն ընթանում են ոչ թե գնի, այլ դրա վճարման կարգի շուրջ։ Իհարկե, շատ լավ կլինի, եթե բոլոր այդպես կարծողները, այդ թվում` նաեւ մենք, սխալվենք, եւ սահմանվի ավելի ցածր գին, սակայն դա քիչ հավանական է։
Ինչպես նշեց պրն Օսկանյանը, հարցը վերջնական լուծում կստանա Քոչարյան-Պուտին հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ առաջիկայում Ռ. Քոչարյանը մեկնելու է Մոսկվա՝ բացելու Ռուսաստանում Հայաստանի տարին։ Տեսնենք այս անգամվա հանդիպումը արդյունքների առումով որեւէ կերպ կտարբերվի՞ դեկտեմբերին Սոչիում կայացած հանդիպումից, երբ նախագահները բավարարվեցին աբստրակտ բնույթի պատասխաններով եւ գարեջուր խմելով։
Ամանորից առաջ ԱԺ Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գ. Մինասյանը լրագրողներին հորդորեց ժամանակից առաջ չընկնել։ Հետեւելով նրա խորհրդին՝ առայժմ զերծ կմնանք «չարագուշակ» կանխատեսումներից եւ կսպասենք պաշտոնական հայտարարություններին։ Ի դեպ, «ՀայՌուսգազարդից» նույնպես մեզ պատասխանեցին, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, իսկ Էներգետիկայի նախարարությունից հիշեցրին, որ գազի գներով զբաղվում են ոչ թե իրենք, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Վերջինս դեռ հայտ չի ստացել սակագների բարձրացման մասին, ինչը նշանակում է, որ առնվազն 3 ամիս գազի սակագինը փոփոխություն չի կրի։ Սա մի կողմից` լավ է, սակայն մյուս կողմից` անորոշ վիճակը շատ ավելի վտանգավոր է։ Ցանկացած լուրջ ընկերություն իր գործունեության ծրագիրը կազմում է գալիք մի քանի տարվա համար, իսկ մեզ մոտ այդպիսի բան հնարավոր չէ։