Թռչունների անկման դեպքեր վերջին շրջանում գրանցվել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, պրն Բաղյանի խոսքերով՝ հատկապես Սյունիքում ու Արարատում, սակայն գլխավոր անասնաբույժը հավաստիացնում է, որ դրանք սովորական դեպքեր են: Թռչունների անկման կամ սատկելու բոլոր դեպքերը ենթակա են լաբորատոր հետազոտության: «Դրանք սովորական ժանտախտի դեպքեր են եղել»,- ասում է Բաղյանը: Երեկ մեզ հետ ունեցած զրույցում պրն Բաղյանը թեեւ նշեց, որ ոչ բոլոր դեպքերն են դեռ վերջնականապես հետազոտված, սակայն խորհուրդ տվեց «հանգիստ լինել, ամեն ինչ արվում է ոնց որ պետքն է»: Պրն Բաղյանն անվերապահորեն հավատում է մեր լաբորատոր հետազոտությունների ճշգրտությանը, նույնը խորհուրդ է տալիս մեզ, ավելին՝ վստահեցնում է, որ բոլոր միջոցները ձեռնարկվել են թռչնի գրիպից խուսափելու համար: Գլխավոր անասնաբույժի պնդմամբ` դեռեւս անցած տարվա օգոստոսից արգելված է եղել Թուրքիայից կասկածելի ապրանքների ներմուծումը Հայաստան, մաքսակետերը խստորեն հսկվում են, մաքսակետերում Թուրքիայից ներմուծվող ոչ մի կասկածելի ապրանքատեսակ չի առգրավվել: «Շուկայում Թուրքիայից բերված ոչ մի կասկածելի ապրանք չեք գտնի,- հավաստիացնում է պրն Բաղյանը,- ինձ գոնե նման դեպք հայտնի չէ, ձեզ հայտնի՞ է»: Պրն Բաղյանը հասարակության անվստահությունը բացատրում է շուկայում վաճառվող բրազիլական հնդկահավերով: «Հասկանո՞ւմ եք, անգլերեն turkey նշանակում է հնդկահավ, իսկ մեր ժողովուրդը դա տեսնելով մտածում է՝ թուրքական ապրանք է»,- ժողովրդի անգիտությունից զարմացել է պրն Բաղյանը, իսկ ժողովուրդն էլ ուրիշ բանից է զարմացել՝ «Իսկ որտեղի՞ց են բերում բրազիլական հնդկահավը»: Պրն Բաղյանն ասում է՝ «Ամերիկայից, ծովով, Փոթի նավահանգստով»: Այսինքն՝ պրն Բաղյանը վստահ է, որ հարեւան Վրաստանում էլ է ամեն ինչ այնքան լավ, ինչքան մեզ մոտ: Միաժամանակ պրն Բաղյանը դիլետանտություն է համարում տարբեր կուսակցությունների կողմից արված այն հայտարարությունները, թե Հայաստանում արդեն թռչնի գրիպի դեպքեր կան: «Հայաստանում դեռ չկան թռչնագրիպի վիրուսը որոշող լաբորատորիաներ, եւ ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություններ անելու»,- ասում է պրն Բաղյանը: Այսինքն՝ եթե մենք դեռ չենք կարողանում որոշել այդ վիրուսը, հետեւաբար՝ չենք կարող վստահ լինել, որ զերծ ենք մնացել վիրուսից, ապա նույնքան դիլետանտություն են դառնում գլխավոր անասնաբույժի պնդումները հնարավոր թռչնագրիպի բացառման մասին:
Հարիֆ չկա…
Թռչնամթերք արտադրող մեր գործարարներն էլ լրագրողներին խորհուրդ են տալիս փողոցով քայլելիս թռչնամթերք ծամել: «Մի հատ ձվով դուռում արա, ուտելով գնա, թող ժողովուրդն էլ տեսնի, որ ոչ մի թռչնագրիպ չկա, ախր դուք մեզ հետ շփվում եք՝ դուք հո տեսնո՞ւմ եք, ժողովուրդը մեր հետ չի շփվում, դրա համար էլ չի հավատում, որ ոչ մի թռչնի գրիպ էլ չկա մեզ մոտ»,- համոզում է «Մաքս կոնցեռնի» նախագահ Խաչիկ Մանուկյանը: Նրա հավաստմամբ` թռչնագրիպի մասին լուրերը բոլորովին չեն ազդել իրենց ապրանքաշրջանառության վրա: «Մեր արտադրանքը անցած տարի էլ է լավ վաճառվել, ինչպես նախորդ տարիներին, իսկ, ա՛յ, դեկտեմբերին վաճառքը հոյակապ էր»,- հիացած է պրն Մանուկյանը: Թռչնի գրիպը, պրն Մանուկյանի համոզմամբ, պատրվակ է՝ Թուրքիային Եվրամիության դռներին մոտ չթողնելու համար: Բոլոր դեպքերում, ինչպես հավաստիացնում է թռչնաֆաբրիկանտը, դեռեւս անցած տարվանից իրենք բոլոր միջոցները ձեռնարկել են գրիպի վիրուսը բացառելու համար: «Էն, ինչը որ վրացիները հիմա են անում՝ մաքսակետերում ավտոներ են լվանում, մենք դեռ հոկտեմբերից էինք անում՝ չնայած էդ մասին բարձրաձայն չէինք ասում»,- պրն Մանուկյանի հավաստմամբ` «Մաքս Կոնցեռնն» այս տարի նորից կշարունակի թռչնամթերք մատակարարել հարեւան Վրաստանին: Թեեւ ընթացիկ տարվա համար պայմանագիր դեռ չեն կնքել, սակայն գործարարը վստահ է, որ այս տարի արտահանման չափերը չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին:
Մաքսավորները զգուշացնում են
ՀՀ Մաքսային պետական կոմիտեն երեկ հրապարակեց այն ապրանքատեսակների ցանկը, որոնց ներկրումը Թուրքիայից Հայաստան ժամանակավորապես արգելվում է՝ Թուրքիայում թռչնի գրիպի բռնկման պատճառով: Ցանկը ներառում է հետեւյալ ապրանքատեսակները.
1. Ընտանի թռչուն (կենդանի), այսինքն՝ ընտանի հավեր (Gallus domesticus), բադեր, սագեր, հնդկահավեր եւ խայտահավեր։
2. Այլ կենդանի թռչուններ։
3. Ընտանի թռչնի միս եւ մսամթերք, այսինքն՝ ընտանի հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր եւ խայտահավեր՝ թարմ պաղեցրած կամ սառեցրած վիճակում։
4. Միս եւ մսից ենթասննդամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած, ինչպես նաեւ սննդալյուր՝ մսից կամ մսի ենթասննդամթերքներից։
5. Թռչունների ձվեր՝ կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփած։
6. Թռչունների ձվեր՝ առանց կճեպի եւ ձվի դեղնուցներ՝ թարմ, չորացրած, շոգեխաշած կամ եփած, կաղապարած, սառեցրած կամ պահածոյացված այլ կերպ, շաքարով կամ այլ քաղցրացնող նյութերով կամ առանց դրա։
7. Կենդանական ծագման սննդամթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված։
8. Թռչունների մորթիկներ եւ այլ մասեր՝ փետուրով կամ բմբուլով, ինչպես նաեւ փետուրներ եւ դրանց մասեր (կտրած կամ չկտրած եզրերով), բմբուլ՝ ախտահանած կամ մշակած՝ պահելու համար, սակայն հետագա մշակման չենթարկված, փետուրների եւ դրանց մասերի փոշիներ, թափոններ։
9. Երշիկներ եւ համանման մթերքներ՝ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից, նաեւ դրանց հիման վրա պատրաստված սննդամթերքներ։
10. Պատրաստի կամ պահածոյացված այլ մթերք՝ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից։
11. Մակարոնային արտադրատեսակներ՝ ջերմամշակման ենթարկած կամ չենթարկած, խորիզով (մսից կամ այլ մթերքից) կամ առանց խորիզի, այլ կերպ պատրաստված մակարոնային արտադրատեսակներ՝ սպագետտի, մակարոն, լապշա, եղջրիկ, խմորագնդիկ, ռավիոլա, կաննելոն, նաեւ սննդի մեջ օգտագործելու կուսկուս։
12. Հաց, խմորեղեն, հրուշակեղեն, թխվածք եւ այլ հացաբուլկեղեն, ինչպես նաեւ կակաո պարունակող կամ չպարունակող հրուշակեղեն, վաֆլիի շերտեր, դեղագործության մեջ օգտագործվող դատարկ պատիճ, վաֆլի, բրնձաթուղթ եւ նման մթերքներ։
13. Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ միաբջիջ մանրէներ, հացաթխման պատրաստի փոշիներ։
14. Մթերքներ՝ սոուսներ պատրաստելու համար եւ պատրաստի սոուսներ, համային հավելումներ եւ խառը համեմունքներ, մանանեխի փոշի եւ պատրաստի մանանեխ։
15. Ապուրներ եւ արգանակներ՝ պատրաստի կամ պատրաստուկներ դրանց համար, հոմոգենացված բաղադրամասային սննդամթերքներ։
16. Պաղպաղակ եւ սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաոյի պարունակությամբ կամ առանց դրա։
17. Սննդամթերքներ՝ այլ տեղում չնշված։
18. Ալյուր՝ խոշոր կամ մանր աղացքի եւ հատիկներ՝ մսից կամ մսի ենթամթերքներից, ձկներից, խեցեմորթերից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից՝ ոչ պիտանի մարդու սննդի համար, նաեւ՝ ճարպատակուցք։
19. Մթերքներ կենդանիների սնուցման համար։
20. Մորթիկներ եւ թռչունների այլ մասեր՝ պատված փետուրով կամ աղավնափետուրով, փետուրներ, փետուրների մասեր, աղվափետուր եւ դրանցից պատրաստված իրեր (բացի փետուրների մշակված հիմնամասերից եւ ձողիկներից)։
21. Ներքնակի հիմքեր՝ անկողնու եւ նման այլ իրերի կահավորման համար (օր.ներքնակ, վերմակ, մգդակած վերմակ փետուրից կամ աղավնափետուրից, բազմոցի բարձ, փափկաթոռ եւ բարձ) զսպանակով կամ լցված ցանկացած նյութերով, ռետինից կամ պլաստմասսայից, պատված կամ չպատված:
Նշված արգելքը չի տարածվում այս ապրանքախմբերին դասվող, սակայն բացառապես բուսական ծագման սննդամթերքի վրա:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Մաքսային պետական կոմիտեն` 2005-ին Ուկրաինայից, Իրանից, Հունգարիայից, Գերմանիայից եւ Չեխիայից Հայաստան է ներմուծվել 719.800 ընտանի թռչուն (կենդանի): Նույն ժամանակահատվածում 15.407 տոննա թռչնի միս եւ մսամթերք էլ ներմուծվել է ԱՄՆ-ից, Բրազիլիայից, ՄԱԷ-ից, Կանադայից, Դոմինիկիայից, Վրաստանից, Ֆրանսիայից եւ Արգենտինայից: Հայաստանից Ռուսաստան եւ Վրաստան է արտահանվել 32.000 ընտանի թռչուն (կենդանի), Վրաստան է արտահանվել թռչնի 680.400 ինկուբացիոն եւ 12 մլն կճեպով ձու: