2006թ. Թուրքիայից Հայաստան առաջին օդանավը կժամանի հունվարի 17-ին: Այս տարի Հայաստանից Թուրքիա չվերթ դեռ չի իրականացվել: Առաջին չվերթը նախատեսվում է հունվարի 15-ին: Հունվարի 10-ին Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշվել է Հայաստանի օդային սահմանը Թուրքիայում բռնկված թռչնագրիպի համաճարակի վիրուսից ապահովագրելու համար ստեղծել հակահամաճարակային միջոցառումների անհրաժեշտ պայմաններ: «Զվարթնոց» օդանավակայանում կհերթապահի հակահամաճարակաբանների խումբ, որը հատուկ մեկուսարան կտեղափոխի վարակի համար կասկածելի ուղեւորներին: Թուրքիայից Հայաստան ժամանող օդանավի ուղեկցորդուհիները եւս տեղեկացված են վարակակիր ուղեւորների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ միջոցառումների մասին: «Ինչպես հայտնի է` թռչնագրիպի արտահայտման ձեւերը սովորական գրիպի սինդրոմներից չեն տարբերվում, ուստի ուղեկցորդուհիներից պահանջվում է առաջին իսկ կասկածելի ուղեւորի հետ բացատրական աշխատանքներ տանել եւ նրան մեկուսացնել մնացածներից»,- Քաղավիացիայի վարչության պետ Ա. Մովսիսյանի խոսքերով՝ կասկածելի ուղեւորները վայրէջքից հետո կհետազոտվեն օդանավակայանում ստեղծվելիք լաբորատորիայում, որն առաջիկա օրերի ընթացքում կապահովվի հետազոտմանն անհրաժեշտ սարքավորումներով:
Ն.Ա.