«Սոված երեխայից ի՞նչ պահանջես». Լեռնագոգի կյանքի նոր իրողությունները

16/01/2006 Սուրեն ԴԵՀԵՐՅԱՆ, Արմենիանոու

Հին մագնիտոֆոնը լցրել էր տունը փոփ երաժշտությամբ, որի հնչյունները, սակայն, բոլորովին չէին ներդաշնակում գորշ ու կեղտոտ պատերի ու դրանց մեջ ընթացող կյանքի ռիթմի հետ: «Մաման գնացել է ձորից ջուր բերի, պապան էլ գործի է»,- մագնիտոֆոնն անջատելով` պատասխանեց պատանին: «Իսկ մյուս երեխաներն ո՞ւր են,- հարցրեց անծանոթը` ավելացնելով,- յոթ երեխա եք, չէ՞»:  

«Հա: Մեծ քույրս դպրոցում է, մի եղբայրս կողքի գյուղում է, մյուսներն էլ փողոցում խաղում են: Հիմա կանչեմ»,- սլանալով դուրս` ասաց տղան:

Կինը` ջրով լի երկու դույլով, քիչ անց վերադարձավ տուն: Գրեթե միաժամանակ ներս մտան նրա հինգ երեխաները: 35-ամյա Սանամը նստեց սեղանի մոտ, իսկ երեխաները նետվեցին` մեկը գիրկը, մյուսը թեւի տակ, մնացածն էլ հավաքվեցին մոր շուրջը եւ, մի փոքր լսելով այցելուներին, սկսվեց հարց ու պատասխանի տարափը:

Սահրադյանների ինը հոգանոց ընտանիքը Լեռնագոգ գյուղում ամենակարիքավորն է:  

Համենայն դեպս, այդպես ներկայացրեց գյուղապետ Սարգիս Մարգարյանը` հավաստիացնելով, թե գյուղում գրեթե բոլորն են կարիքավոր, բայց Սահրադյանները ծայրահեղ վիճակում են: Ընտանիքի յոթ երեխաներն էլ անչափահաս են: Սանամը տնային տնտեսուհի է, իսկ ամուսինը` 40-ամյա Հայկը, գյուղին կից ալյուրի գործարանում պահակ է աշխատում` ընդամենը 25 հազար դրամ աշխատավարձով: Ստանում են նաեւ 30 հազար դրամ նպաստ` որպես բազմազավակ ընտանիք:  

Արդյունքում ընտանիքի յուրաքանչյուր անձին օրական ընկնում է 203 դրամ: Այդ բյուջեն, իհարկե, բավարար չէ, բայց դա է իրողությունը 16-ամյա Լուսինե, 15-ամյա Տարոն, 13-ամյա Անի, 12-ամյա Սուրեն, 7-ամյա Աննա, 6-ամյա Կարեն եւ երկու տարեկան գանգրահեր Մարիամ Սահրադյանների համար: Նրանց հիմնական սնունդը խանութից պարտքով վերցրած ձավարեղենն ու մակարոնեղենն է: «Մեկ-մեկ էլ կոնֆետ ենք առնում,- ավելացնում է Սանամը: -Ո՞նց չառնենք, երեխա են, քաղցր բան են ուզում»:  

Սահրադյաններն ապրում են Հայաստանի այն եզակի գյուղերից մեկում, որի բնակիչներին հող չի բաժանվել` ոչ մշակելու, ոչ էլ անասնապահական նպատակներով: Մայրաքաղաքից 65 կմ դեպի արեւմուտք ընկած Լեռնագոգը խորհրդային տարիների արդյունաբերական գյուղերից է` 1970-ականներին ստեղծված ալյուրի կոմբինատին եւ խոզաբուծական ֆերմաներին աշխատող ապահովելու նպատակով: Մինչեւ Խորհրդային Միության փլուզումը Լեռնագոգի 2500 բնակիչներն աշխատում եւ ապրում էին գոհ ու երջանիկ: Այն ժամանակ Սահրադյանների նորաստեղծ ընտանիքը նույնպես երջանիկ էր, բայց 90-ականների սկզբից նրանց անհոգ օրերը պակասեցին, իսկ կյանքի բանաձեւին փոխարինեցին գոյատեւման չգրված օրենքները:  

«Չենք հասցնում, էլի, դժվար է հիմա մեզ համար,- ասում է Սանամը: -Ինքը (ամուսինը) գործարանում է աշխատում, բայց աշխատավարձի դիմաց ալյուր է բերում, որ հաց թխեմ, ուտենք: Նպաստի գումարով էլ խանութի պարտքերն ենք տալիս: Էլ փող տուն չի հասնում: Ես էլ ամեն օր կողքի սարերից ցախ եմ հավաքում, որ վառենք: Օրական ամենաքիչը մի վեց դույլ ջուր եմ կրում ձորից` լվացվելու ու լվացքի համար»,- պատմում է Սանամը:

Ջրի խնդիրն այստեղ ընդհանուր է: 1995-ից գյուղը զրկված է ջրից: Խմելու ջուրը մեքենաներով բերում են Թալինից` 40 լիտրն արժե 150 դրամ: Սանամն ասում է, որ խմելու ջուրն էլ են պարտքով վերցնում: Նրա հավաստմամբ` ընտանիքը շատ ավելի վատ օրեր է տեսել, երբ ալյուրի գործարանը դեռ վերաբացված չէր. «Հիմա գոնե ալյուր կա, երեխեքը հաց են ուտում: Երկու տարի առաջ էդ էլ չկար»:  

Ընտանիքն ապրում է ծնողներից ժառանգած սեփական տանը, բայց այն դատարկ է: Ունեն վառարան, բայց փայտ չունեն: Ունեն ջրամաններ, բայց ջուր չունեն: Ունեն մահճակալ ու անկողին` մաշված ու պատռված սպիտակեղենով: Ու նաեւ հեռուստացույց, որը չի աշխատում: Ջուր կրած կնոջ մատներն ուռած ու կարմրած էին. պատճառները շատ են` ցուրտը, սառը ջուրն ու ծանր դույլերը: Միակ փրկությունը վառարանն է, եւ քանի դեռ մի քանի ճյուղ մեջը վառվում է, ընտանիքի բոլոր անդամները դրա շուրջը հավաքված` փորձում են փախցնել իրենց հասանելիք ջերմությունը: «Ձմեռվա հագուստ էլ չունեն, ինչ ունեն` հագներն է,- մատներով վառարանի խողովակները շոյելով ասում է Սանամը: -Երեկ տղես լացեց, թե շոր չունեմ, մամ, մրսում եմ, բայց, դե, ուտելիքն ենք պարտքով առնում, շորին արդեն հերթ չի հասնում»:  

Գյուղացիները վկայում են, որ Սանամը աշխատասեր կին է, դեռ հասցնում է հարեւաններին օգնել, որ հաց թխեն: Գյուղի դպրոցի տնօրեն Ավետիսյանն էլ հավաստիացնում է, որ Սահրադյանների դպրոցահասակ հինգ երեխաներն էլ ուսման մեջ հետ են մնում, բայց ավելացնում է. «Ախր, սոված երեխայից ի՞նչ ուսում պահանջենք»: Սանամի երեխաներն էլ պնդում են, որ ոչ բոլոր դասագրքերն ունեն, քանի որ անվճար է միայն կրոնի դասագիրքը:

Այս տան ցուրտ եւ դատարկ սենյակներից մեկի պատին սրբապատկերներ են փակցված: Դա Սանամի աղոթարանն է: Գյուղում կա մի մատուռ, ուր Սանամն այցելում է ամեն կիրակի: «Աղոթում եմ ամեն կիրակի, մեկ էլ էն օրերին, երբ հաց չեմ կարողանում հայթայթել, եւ Ինքն ինձ օգնում է»,- ասում է Սանամը: Մի ակնթարթ լռում եւ ավելացնում է. «Չգիտեմ, ես հավատում եմ Աստծուն»:

Այդ օրը նա աղոթելու կարիք չուներ, քանի որ հարեւանի տված կաղամբով արդեն ճաշ էր եփել: Սանամը դա «բորշչ» անվանեց, սակայն ջրի մեջ լողացող կաղամբի հատուկենտ տերեւները բավական չէին, որ այդ կերակուրը «բորշչ» կոչվեր: Ու նրանց ապրածն էլ դժվար է կյանք անվանել…