Հերթական պայքարը փողոցային առեւտրի դեմ

16/01/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ըստ այդ օրենքի` սպառողներն այսուհետ հնարավորություն կունենան ոչ թե փողոցից, այլ առեւտրի օբյեկտներից եւ գյուղատնտեսական շուկաներից գնել «իդեալական», հիգիենիկ ապրանքներ։ Մասնավորապես արձանագրված է, որ առեւտրի օբյեկտներում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ` գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի՝ առանձին բաժիններում: Ավելին, առեւտրի օբյեկտը պետք է ապահովված լինի վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ ընդունման, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւ չափման այլ թույլատրելի միջոցներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքին նախապատրաստման համար անհրաժեշտ շենքերով: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում եւ տոնավաճառներում: Սա նշանակում է, որ փողոցային առեւտուր իրականացնողները կտեղափոխվեն շուկաներ:  

Այս օրենքը, սակայն, շատ առեւտրականների զայրացրել է: Փողոցային առեւտրականների կարծիքով այս Ամանորն իր հետ նոր խնդիրներ բերեց՝ քաղաքապետարանն իրենց Նոր տարին «հարամեց»: Այսպիսով, փողոցային առեւտրի կետերն այսուհետ կմաքրվեն տեղական ինքնակառավարման մարմինների եւ Ոստիկանության լծակների միջոցով, քանի որ այդ լիազորությունները տրված են ՏԻՄ-երին եւ ՀՀ Ոստիկանությանը, իսկ քաղաքապետարանը կվերահսկի, թե որքանով են նշված մարմինները փողոցային առեւտուրը կասեցնում: Եթե նկատել եք, այս մի քանի օրվա ընթացքում մայրաքաղաքի փողոցները բավականին դատարկվել են, սակայն առեւտուրը միանշանակ չի արգելվել, որովհետեւ օրվա տարբեր ժամերին մեր փողոցների մայթերը լցվում են առեւտրականներով եւ փողոցների պատկերը տարբեր ժամերի ընթացքում խիստ փոփոխվում է: Իրականում առեւտրականների եւ հսկիչների միջեւ մեծ հակամարտություն է սկսվել, քանի որ առաջինները ոչ մի դեպքում չեն ցանկանում դադարեցնել առեւտուրը՝ պատճառաբանելով, որ դա ընտանիք պահելու միակ աղբյուրն է: Իսկ հսկիչներն առեւտրականներին քշում են՝ մատնանշելով այս օրենքը: Մետրոյի «Երիտասարդական» կայանի մերձակայքում երեկ անսովոր մաքրություն էր, թեեւ ոմանք դեռեւս նարինջ-բանան-մանդարինի հետ միաժամանակ կիսագուլպա ու հողաթափեր էին վաճառում: Պարզվեց, որ առեւտրականներից շատերը ոչ թե դադարեցրել են իրենց մանրածախ առեւտուրը, այլ դա անում են գաղտնի կերպով: Բանն այն է, որ ոմանք անցել էին ընդհատակ, ասել է թե՝ գետնանցում: Որոշ առեւտրականներ իրենց սեղանիկներով ու պարկերով հանգրվանել էին գետնանցումի աստիճանների վրա: Թեեւ նրանք խուսափում էին խոսել, այնուամենայնիվ, բարկացած մի առեւտրական, որն իր անունը չցանկացավ նշել, ասաց, որ երեկ իրենց պահանջել են ազատել մայթերը եւ դադարեցնել առեւտուրը՝ հորդորելով առեւտուր անել շուկայում: «Հիմա մտել եմ պադզեմկա, բայց հես ա ստեղից էլ դուրս կանեն: Ստեղ հլը թողում են, «նալոգ» եմ տալիս»,- պատմում էր մրգեր վաճառող մի մարդ: Այդ պահին մոտեցավ մի տղամարդ ու զրուցակցիս մի կողմ քաշեց` փսփսալով, թե նա ինչո՞ւ ասաց, որ «նալոգ» է տալիս: Առեւտրականը սկսեց ավելի զգույշ խոսել: Հարցիս, թե գետնանցումից հանելու դեպքում նա որտե՞ղ առեւտուր կանի՝ ասաց. «Ոչ մի տեղ էլ չեմ կարա անեմ, պիտի ապրանքս հավաքեմ, նստեմ տունը: Տղամարդ հալով պիտի սոված-ծարավ, անգործ նստեմ, չգիտեմ, թե ընտանիքիս ոնց կպահեմ: Առաջ քաղաքապետարանը խոստանում էր մինի շուկաներ կառուցել, նոր արգելել առեւտուրը, իսկ հիմա՞: Ասում են` շուկա գնացեք, բայց եթե գնամ շուկա, մենակ իրանց տեղի վարձը կհանեմ: Էս փողոցային առեւտուր անողներից ոչ մեկն էլ չի գնա, որովհետեւ մեր աշխատածն օրվա ուտելիքի փող ա, իսկ ընդեղ մեր աշխատածից էլ շատ են ուզում: Ստացվում ա՝ աշխատելու ենք շուկայի տիրոջ համար»: Մեկ այլ առեւտրական, որին արգելել էին առեւտուր իրականացնել փողոցում, շատ ընկճված էր խոսում: «Ես ուրիշներից առնում եմ ու էդ իմ տանջանքի հետ ընդամենը մի 30-50 դրամ ավել եմ ապրանքս վաճառում, որ օրվա հացի փող հանեմ: Հիմա վռնդում են: Էս ապրանքս ի՞նչ անեմ, էս էլ մնաց վրես: Հավաքեմ, գնամ տուն, էրեխեքիս ի՞նչ ասեմ, հացի փող չե՞մ բերել: Թերթերում կարդում ենք, թե ինչքան մարդ ա ինքնասպան լինում անճարությունից: Դուք գիտե՞ք, թե բոլոր համայնքներում միասին քանի հազար մարդ ա էս ճանապարհով ընտանիք պահում: Էդքան մարդկանց ի՞նչ են առաջարկում. առաջարկում են գնալ շուկա ու էդ շուկայի սեփականատիրոջ գրպանը լցնել: Բոլորդ ուշադրությամբ հետեւեք, թե էս տարի քանի մարդ ա անճարությունից ինքնասպան լինելու»: «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ առեւտուր անող մի վաճառական էլ ասաց. «Մենք մարդիկ ենք, ովքեր սառնամանիքից, անձրեւից ու քամուց չենք վախենում, որովհետեւ պարտավոր ենք երեխա պահել: Էս ցրտին կապտած կանգնում ենք, որ մանր երեխա կերակրենք: Շուկայում մեզնից 2000-3000 դրամ են ուզում, կշեռքի համար` առանձին, տեղի համար` առանձին, բեռնափոխադրման համար` առանձին: Անգամ թույլ չեն տալիս, որ քո բեռը շալակես-տանես, զոռով ստիպում են, որ կաշկով տանեն, փող տաս: Թող շուկայի գներն իջացնեն՝ մենք էլ գնանք: Էսպես չի լինի: Էս առեւտրով մեքենա ու տուն չենք ուզում, ընդամենն ուզում ենք մեր երեխեքին կերակրենք»:

Հսկիչները գործի են անցել

Փողոցային առեւտուր իրականացնողներն այնքան էլ դեմ չեն շուկայում առեւտուր անելուն, պարզապես նրանք խնդրում են շուկայում պահանջվող վարձավճարները նվազեցնել: Նրանց կարծիքով` քաղաքապետարանն իրենց հետ անխնա է վարվում: Առեւտրականները փաստում են, որ հսկիչներն արդեն գործի են անցել, սակայն հետաքրքիր է, որ նրանք փողոցային առեւտրի վրա տեղ-տեղ են արգելք դնում, այսինքն՝ այդ արգելքը տարածվում է որոշ մարդկանց վրա: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, փողոցային առեւտուրը պիտի վերացվեր հունվարի 1-ից, բայց որոշում է կայացվել հունվարի 13-ից հետո առեւտրականներին հանել: Այսինքն՝ ներկայումս հսկիչներն ինքնակա՞մ են վռնդում առեւտրականներին:  

Կենտրոն թաղապետարանի Առեւտրի եւ սպասարկման բաժնից մեզ ասացին, որ փողոցային առեւտուրն արգելելու օրենքն ուժի մեջ է մտնելու հունվարի 13-ից: Այդ դեպքում ինչո՞ւ են առեւտրականներից շատերին վռնդում փողոցներից՝ բաժնի աշխատակիցն ուշագրավ պատասխան տվեց. «Հա հիմա ի՞նչ եք ուզում ասել, հա գյուղմթերքի վաճառք չպետք է լինի: Հիմիկվանից սկսում ենք փողոցները մաքրել»: Եթե նոր օրենքն ուժի մեջ է մտնում ամսի 13-ից, հսկիչներն ինչո՞ւ են հիմա հանում առեւտրականներին կամ «նալոգ» գրպանում: Հիշեցնենք, որ Շենգավիթ համայնքի շուկայի տնօրենը մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ հսկիչներն առեւտրականներին փողոցներից վռնդում են մասնավորապես քաղաքապետարանի դիսպետչերականի օրերին, որպեսզի ստուգումների ժամանակ փողոցները մաքուր լինեն: Դրանից հետո առեւտուրը թույլատրում են, բնականաբար՝ փոխարենը գումար պահանջելով:  

Ինչ վերաբերում է Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքին, ապա ակնհայտ է, որ այս ոլորտում մեծ ջարդ է սպասվում: Նշյալ օրենքից մեջբերենք մի քանի ուշագրավ կետեր. Վաճառողը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր աշխատողին՝ իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան եւ պաշտոնի նշմամբ: Սպառողի հետ դրամական հաշվարկները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով իրականացնելու դեպքում վաճառված ապրանքի հետ սպառողին դրամարկղային չեկի, իսկ առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների իրականացնելու դեպքում՝ ապրանքի գնի վճարումը հաստատող, վաճառողի կողմից հաստատված ձեւի, փաստաթղթերի տրամադրումը: Վաճառողը նաեւ պարտավոր է ապահովել սննդամթերքի վաճառքով զբաղվող առեւտրի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստի կրումը: Աշխատողը պարտավոր է վաճառքի հանելուց առաջ ստուգել ապրանքի որակն ըստ արտաքին հատկանիշների, դրանց պիտակների եւ գնապիտակների առկայությունը, եւ գնորդին վաճառել օգտագործման նշանակությանը համապատասխանող ապրանք, իրազեկ լինել վաճառքում առկա ապրանքները բնութագրող հիմնական հատկություններին եւ անհրաժեշտության դեպքում սպառողին տալ ստույգ եւ հավաստի տեղեկատվություն: Ի դեպ, գնված պատշաճ եւ ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը եւ վերահաշվարկն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Ի գիտություն սպառողների՝ փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա պետք է նշվեն ապրանքի անվանումը, տեսակը, քաշը. մեկ կգ-ի եւ կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաեւ` պիտանելիության ժամկետը: Մի խոսքով՝ օրենք, որի կիրառմամբ մենք կունենանք քաղաքակիրթ շուկա: Բայց թե ինչպես այն կիրագործվի եւ կամ փողոցներում առեւտուր անող սոցիալապես անապահով այդ խավի հետ ինչպես կվարվեն, ինչ կառաջարկեն՝ ժամանակը ցույց կտա: