Պատասխանատուն «ՀայՌուսգազարդն» է

16/01/2006

Հանրապետությունում տոնական օրերին գրանցված արտակարգ պատահարների ցանկում գերակշռում են բնական գազից թունավորումների դեպքերը եւ վթարները: Այդ երկու տեսակի պատահարների դեպքում էլ մահվան դեպքեր են գրանցվել: Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ) տրամադրած տեղեկատվության համաձայն` շմոլ գազից թունավորումները եղել են հիմնականում գազով ջեռուցվող համակարգերի ոչ սարքին լինելու պատճառով: Դեկտեմբերի 25-ից հունվարի 8-ը գազից թունավորման դեպքերը շատ են եղել հատկապես Գյումրիում: Հատկապես արտառոց էին Գյումրիում դեկտեմբերի 30-ին գրանցված պատահարները: Շմոլ գազից թունավորվել եւ մահացել են Ռազմիկ Սահակյանը, Գայանե Հակոբյանը եւ նրանց երեք երեխաները եւ տատը: Նույն օրը Գյումրիում շմոլ գազից թունավորվել եւ մահացել է 20-ամյա Ռոման Փապժիգինովը: Մասնագետների ասելով` նա ջեռուցման համար օգտագործել է առանց ծխատարի ինքնաշեն գազայրիչ: Ընդհանրապես նշված ժամանակամիջոցում ԱԻՎ-ը գրանցել է շմոլ գազից թունավորման տասը դեպք, որից ութը տեղի է ունեցել Գյումրիում: Մահացել են յոթ հոգի, բոլորը` Գյումրիից: Գրեթե նույն վիճակն էր նաեւ անցյալ տարի: Այս հանգամանքը ստիպում է մտածել, որ Գյումրիում գազասպառման ներտնային համակարգի սպասարկումն աղետալի վիճակում է: Ճիշտ է, փաստերը ցույց են տալիս, որ բնակիչներն իրենք էլ են անփույթ, բայց դեպքերի մեծ քանակությունը նշանակում է, որ սպասարկումն էլ շատ ցածր մակարդակի վրա է: Հիշեցնենք, որ 2005թ. նոյեմբերից հանրապետությունում գազասպառման ներտնային համակարգի սպասարկման մենաշնորհը հանձնվեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը: Ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի ասելով` իրենց աշխատակիցները սպասարկումներն արդեն իրականացնում են նաեւ Գյումրիում: Բացի այդ, 2005թ. ամբողջ հանրապետությունով իրենք ստուգողական այցեր են իրականացրել եւ 336.778 բաժանորդներից 269.500-ի բնակարանները ստուգել են: Այսինքն` ստուգումներ են իրականացվել 80 տոկոս գազ սպառողների բնակարաններում: Հայտնաբերված խախտումների համար արձանագրվել է 27.805 ակտ, որոնցից 2107-ի դեպքում կոպիտ խախտումների համար գազամատակարարումը դադարեցվել է: «ՀայՌուսգազարդ» ընկերությունը 2005թ. գրանցել է գազի հետեւանքով դժբախտ պատահարների 12 դեպք: Արդյունքում մահացել է 15 մարդ, տուժել է 9 մարդ: Իսկ Արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն` 2005թ. տեղի է ունեցել գազից թունավորման 59 դեպք, զոհվել է 18 մարդ, տուժել՝ 104 մարդ: Ինչպես տեսնում ենք, «ՀայՌուսգազարդի» եւ ԱԻՎ-ի տվյալները մեծ տարբերությամբ իրար չեն համընկնում:

«Արտակարգ իրավիճակների վարչությունը դեպքը գրանցում է եւ Դատախազության համապատասխան եզրակացությանը չի սպասում,- մեկնաբանում է Շուշան Սարդարյանը: -Դեպք է եղել, որ հետո պարզվել է, որ թունավորումը գազից չէ»:

Իսկ ԱԻՎ պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի ասելով` իրենք հրապարակումներն արել են դեպքի վայր ժամանած տարբեր կառույցների ներկայացուցիչների եզրակացությունների հիման վրա եւ համաձայն 1-04 ծառայության տվյալների, որովհետեւ ԱԻՎ-ը շմոլ գազից թունավորումներով չի զբաղվում:

Տոնական այս օրերին մեծ է եղել նաեւ ավտովթարների քանակը: Վեց ավտովթարից մահացել է ութ մարդ: Արտառոց էր հատկապես հունվարի 7-ին Վանաձորում տեղի ունեցած ավտովթարը. Երեւանյան խճուղում «TOYOTA» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 7 հոգու, որից երեքը տեղում մահացել են, իսկ չորսը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ:

Դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 9-ը գրանցվել է հրդեհի բռնկման 67 դեպք: Իսկ երեկ Էրեբունու թաղապետարանի հարեւանությամբ գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է 109 համարի երթուղային տաքսիներից մեկի բալոնը: Եղել են նաեւ թունավորումներ պատահաբար ընդունած լուծիչից, պահածոյացված սմբուկի խավիարից եւ այլ սննդամթերքից: