«Հայանտառ» ՊՓԲԸ տվյալներով` նույն թվին անտառում օրինական ծառհատումները եղել են 70.000 խմ-ի չափով: Իսկ ֆիքսված ապօրինի ծառհատումները եղել են մոտ 16.000 խմ: Մի քիչ էլ ներմուծվել է, ու, ասենք, 2003թ. Հայաստանում օգտագործված փայտի քանակը մոտեցել է 100.000 խորանարդ մետրի: Կառավարությունը 2004թ. որոշումով հաստատել է շվեդական կազմակերպության արձանագրությունը, եւ մնում է եզրակացնել, որ մնացած 700.000 խմ փայտն էլ չհայտնաբերված ապօրինի հատումների բաժինն է: Կարելի է եզրակացնել նաեւ, որ յուրաքանչյուր տարի մոտավորապես այդքան փայտ էլ հատվում է: Սակայն «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը «Սիդայի» տվյալների հետ համաձայն չէ եւ գտնում է, որ դա ուռճացած թիվ է: Պարոն Մաթեւոսյանը համաձայն չէ նաեւ բնապահպանական հասարակական կազմակերպությունների այն հայտարարությունների հետ, թե անտառածածկույթը կազմում է Հայաստանի ընդամենը 6-8 տոկոսը: Խորհրդային տարիներին մեր հանրապետությունն ուներ 11,2 տոկոս անտառածածկույթ:
«Ճիշտ է, 90-ական թվականներին մեծ քանակությամբ ծառեր հատվեցին,- ասում է պարոն Մաթեւոսյանը: -Հիմա էլ ապօրինի հատումներ կան, բայց ճիշտ չէ, որ այդքան շատ է հատվել: Եթե հավատանք այդ հայտարարություններին, ուրեմն այս տարիներին պետք է մոտ 100 հազար հա անտառ հատված լիներ: Բայց դա այդպես չէ: Մենք ունենք ընդամենը 334 հազար հեկտար անտառ: Եվ հետո, անտառն ունի բնական վերարտադրություն: Հաշվարկված է, որ 1 հա անտառը տարեկան 2,9 խմ բնական աճ է տալիս, կտրված ծառերի որոշ մասն էլ նորից վերաճել է, չէ՞»:
1998թ. ուսումնասիրվել է եւ արտադրական տեսակետից բարձր է գնահատվել Հայաստանի անտառների 260 հազար հեկտարը, մնացածը համարվել են թփուտներ եւ ցածրորակ ծառեր: Պարոն Մաթեւոսյանի հաշվարկներով` այդ 260 հազար հեկտարը տարեկան տվել է մոտ 750 հազար խմ բնական աճ: Եվ այդպիսով, նա ճիշտ չի համարում, որ 90-ական թվականների ընթացքում մեր անտառները կիսով չափ կրճատվել են, նույնիսկ այն դեպքում, երբ ետխորհրդային տարիներին անտառշինություն չի իրականացվել: Իսկ «Հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը թերահավատորեն է նայում այդ թվերին:
«Գիտեք, դեռ խորհրդային տարիներին, մինչեւ մասսայական հատումները մեր անտառի խտությունն այնպիսին էր, որ դրանից մի քիչ ավելի ցածրի դեպքում վտանգվում էր ինքնավերարտադրությունը,- ասում է տիկին Դանիելյանը: -Մեր պաշտոնյաներն` այսքան հեկտար անտառ ասելով, չգիտեմ, թե ինչ են հասկանում: Մեր անտառների որոշ մասը շատ նոսր է, եւ դա ռեալ հեկտար համարելը ճիշտ չէ»:
«Հայանտառի» տնօրենի ասելով` մեր անտառի բնափայտն արտադրական տեսակետից բարձրորակ է, ծառերի 90 տոկոսը կաղնի, հաճարենի եւ բոխի են: Հավանաբար, հենց դրա համար էլ ապօրինի, բայց չֆիքսված հատումները մեծ քանակություն են կազմում, իսկ ներկրվում է համեմատաբար էժան եւ ցածրորակ փայտ, որն էլ օգտագործում են շինարարական կարիքների համար: Նույնիսկ 2005թ. սկզբներին հեռուստաընկերություններով գովազդվում էր տեղական փայտով ինչ-որ «Գոլդեն վուդ» ընկերության արտադրած կահույքը եւ մանրատախտակը: Մ. Մաթեւոսյանի ասելով` անտառն այնքան թափուկներ ունի, որոնք դուրս հանելու դեպքում կբավարարի Հայաստանի վառելափայտի եւ շինափայտի պահանջարկը: Ուղղակի «Հայանտառի» տեխնիկական զինվածությունը շատ ցածր է, եւ հնարավորություն չկա բարձր լեռնային անանցանելի վայրերից թափված ծառերը դուրս հանել: Իսկ ապօրինի հատողներն իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում ճանապարհամերձ տարածքներում, ճանապարհներին էլ` համագործակցելով «Բնապահպանության տեսչության» եւ ոստիկանության աշխատակիցների հետ՝ իրենց գողոնը հասցնում են նպատակին: «Հայանտառի» տնօրենը հակված չէ ապօրինի հատումների համար անտառապահներին շատ մեղադրել, ամեն մի ծառի մոտ հնարավոր չէ անտառապահ ունենալ:
«Յուրաքանչյուր անտառապահի հասնում է 1000 հա տարածքի պահպանություն,- ասում է Մ. Մաթեւոսյանը: -Առանց տրանսպորտի, ոտքով նա ինչպե՞ս պետք է պահպաներ այդքան տարածքը, մանավանդ, որ նրանց աշխատավարձը միշտ նվազագույն աշխատավարձի չափ է եղել՝ 6000, հետո` 13.000 դրամ: Այս տարի նոր պետք է դառնա 45.000 դրամ, իսկ դա քիչ չէ, որպեսզի անտառը պահպանելու համար նա ավելի պատասխանատու լինի: Տեսեք, եթե 1994թ. ապօրինի հատվել է 454.233 ծառ, այսինքն` 65825,3 խմ փայտ, ապա 2004թ.՝ 27.157 ծառ կամ 10520,7 խմ փայտ»:
Այս տարի բյուջեից «Հայանտառին» հասանելիքը կրկնակի ավելացել եւ դարձել է 1մլրդ 137 մլն դրամ, որն ընկերության ծախսերի 70 տոկոսն է, մնացածն ապահովվում է սեփական շահույթի հաշվին: Բյուջեի հատկացրածի կեսից ավելին՝ 700 մլն դրամը աշխատավարձի համար է: Փաստորեն, մոտ այդքան էլ բաժին է ընկնում մեծ ծախսեր պահանջող անտառպահպանման եւ անտառվերականգնման աշխատանքներին, որը շատ քիչ է: Դրա համար էլ մեր ծառերը Շվեդիայի ծառերի նման ուղիղ, մոմի սլացիկություն չունեն, եւ մեր անտառները շատ փնթի են:
Կարինե Դանիելյանը նույնպես 2003թ. ուսումնասիրություններ է իրականացրել եւ պարզել, որ Հայաստանի անտառները խժռում են բոլորը՝ բնակիչներից մինչեւ վերահսկող, պահպանող կառույցները, զինվորական, ոստիկանական համակարգերը, օլիգարխներն ու գեներալները: Փայտի բիզնեսն այսօր Հայաստանում շահութաբեր է ու մեծ, դրա համար էլ մեծամասամբ ստվերային է: Այստեղ ապօրինի կամ արդեն վտանգավոր հատումների համար միայն «Հայանտառին» եւ Գյուղատնտեսության նախարարությանը մեղադրելը ճիշտ չէ: Որովհետեւ տարածված կարծիք կա, որ մի քանի գեներալներ եւ օլիգարխներ Հայաստանի անտառը մեջ-մեջ են արել եւ հսկայական շահույթ են ստանում: Նման պայմաններում մենք գիտենք, որ պատկան մարմիններն անզոր են դիմակայել: Այդպիսի հարցերը լուծվում են ոչ թե պաշտոնական, այլ ամենաբարձր հեղինակային մակարդակով:
Այսքանից հետո միայն բնական վերարտադրության վրա հույս դնելով, բնականաբար, անտառ չի պահպանվի: Իսկ անտառշինության իրական մակարդակը ցածր է, բայց շարժ կա: Այս մասին հույս հայտնեց նաեւ Կ. Դանիելյանը:
«Նիստերի ժամանակ նրանք այնպիսի աշխատանքներ ու թվեր են ներկայացնում, որ ես ուրախանում եմ,- ասում է տիկին Դանիելյանը: -Բայց վստահաբար չեմ կարող պնդել, որովհետեւ ինքս իմ աչքով դեռ չեմ տեսել»: