Բժշկության մեջ վաղուց է հայտնի երաժշտաթերապիան: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշակի հաճախականությամբ հնչյուններն ի վիճակի են բուժելու ոչ միայն հոգին, այլեւ մարմինը: Ընդհանուր տոնուսը բարձրացնում են, օրինակ, Չայկովսկու «6-րդ սիմֆոնիան», Բեթհովենի «Էդմոնդ» օպերայի ուվերտյուրան, Լիստի «Հունգարական ռապսոդիան»: Նյարդերը հանգստացնելու համար խորհուրդ է տրվում Բեթհովենի «6-րդ սիմֆոնիան», Բրամսի «Օրորոցայինը», Շուբերտի «Ավե Մարիան», Շոպենի «Սոլ-մինոր նոկտյուրնը»: Լարվածությունը թուլացնում է նաեւ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»: Եթե ձեզ վախեցնում է անծանոթ մարդկանց հետ առաջիկա հանդիպումը, լսեք Բախի «Ռե-մինոր կոնցերտը երկու ջութակի եւ նվագախմբի համար» կամ Բարտոկի «Սոնատ դաշնամուրի համար» ստեղծագործությունները: Գիտնականները պնդում են, որ Վիվալդիի գործերը լավացնում են աղեստամոքսային տրակտի գործունեությունը, իսկ Մոցարտի երաժշտությունը կարգավորում է գլխուղեղի արյան շրջանառությունը: Այդ է պատճառը, որ հենց Մոցարտ է խորհուրդ տրվում լսել, երբ հարկավոր է կենտրոնացնել մտավոր ուժերը՝ կարեւոր հարցեր լուծելու համար: Միապաղաղ, անհետաքրքիր աշխատանքի ժամանակ խորհուրդ է տրվում լսել «թեթեւ» ժանրի երաժշտություն: Խորհուրդ չի տրվում լսել ձեր շատ սիրած գործերը, քանի որ գիտնականների կարծիքով՝ ուղեղի աշխատանքը լավացնում է միայն այն երաժշտությունը, որին դուք չեզոք եք վերաբերվում: Պետք չէ նաեւ շատ բարձր միացնել երաժշտությունը. պարզվել է, որ բարձր երաժշտությունը դանդաղեցնում է աշխատանքի տեմպը: