Մինչ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս օրերին նշում է իր ծննդյան 115 ամյակը, օրերս կալանավայրից հերթական նամակն է ստացվել: Օրերս մամուլում տպագրվեց «Դրո» գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունու նամակը: Իսկ սրանից մոտ երկու ամիս առաջ էլ մամուլում հրապարակվեց «Դրո» գործով մեկ այլ դատապարտյալի` Արմենակ Մնջոյանի նամակը: Իսկ իրենց նամակներում նրանք ՀՅԴ վերնախավին` Հրանտ Մարգարյանին, Վահան Հովհաննիսյանին մասնավորապես մեղադրում են այլ երկրների գործակալներ լինելու մեջ: Նշենք, որ ըստ տարածված կարծիքի, այդ նամակները գրվել են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրահրմամբ: Երբ հաճախակի դարձած նամակների վերաբերյալ ցանկացանք մեկնաբանություններ ստանալ ՀՅԴ անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանից, վերջինս հայտարարեց, որ ինքը չի կարդացել դրանք ու ծանոթ չի բովանդակությանը: «Արսեն Արծրունին, օրինակ, Ձեզ մեղադրում է օտար երկրի գործակալ լինելու մեջ»,- փոխանցեցինք նամակի մոտավոր բովանդակությունը: «Ոչինչ, ես սովոր եմ, առաջին անգամը չի, որ նման անհեթեթությունների մեջ են մեղադրում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: