Հրանտ Դինկին կրկին դատում են

31/12/2005

Թուրքիայի դատարանը նախկինում կայացրած դատավճռի վերաբերյալ մեկնաբանությունների համար կիրակի օրը նոր գործ է հարուցել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի նկատմամբ: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ` Դինկի եւ «Ակոս» թերթի 3 լրագրողների նկատմամբ նոր գործ է հարուցվել Թուրքիայի Իրավաբանների միություն ընկերակցության հայցի հիման վրա, ըստ որի՝ լրագրողները «փորձել են ազդել դատական ատյանների վրա»: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հրանտ Դինկը «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով դատապարտվել էր 6 ամիս ազատազրկման՝ Թուրքիայի բարեփոխված Քրեական օրենսգրքի 301 հոդվածի քննադատության համար: Հ. Դինկը վճիռը բողոքարկել էր Թուրքիայի Գերագույն դատարանում: Նոր մեղադրանքի հաստատման դեպքում Հրանտ Դինկը եւ «Ակոսի» 3 լրագրողները կարող են դատապարտվել 9 ամսից մինչեւ 4,5 տարվա ազատազրկման: Անցած տարեսկզբին տպագրված հոդվածում Դինկը դիմել էր հայերին՝ հորդորելով նրանց՝ «հրաժարվել թուրքերի հանդեպ թշնամությունից, որը թունավորում է ձեր արյունը»: Դատարանը եզրակացրել է, թե թուրքական արյունը, Դինկի կարծիքով, թունավոր է: Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի բարեփոխված Քրեական օրենսգրքի 301 հոդվածով մեղադրանք է ներկայացվել նաեւ աշխարհահռչակ թուրք գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկին: Փամուկի դեմ գործ հարուցելու պահանջով հանդես էր եկել նույն Իրավաբանների միություն ընկերակցությունը: Թուրք վերլուծաբաններն ու լրագրողները փաստում են, որ այս դատավարությունը շատ ավելի մեծ հարված է հասցրել Թուրքիայի միջազգային վարկին, քան շվեյցարական թերթում Փամուկի արած հայտարարությունները՝ մեկ միլիոն հայերի ցեղասպանության ու քրդերի կոտորածի մասին: