Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչության կողմից սոցիալական ոլորտում իրականացրած ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ:
Մասնավորապես ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ բոլոր մարզերի 26 սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում՝ աղքատության ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման եւ վճարման մասով: Ուսումնասիրվել են աղքատության ընտանեկան նպաստի առկա 82.960 գործերից 10.866-ը միայն, որից 355-ում արձանագրվել են խախտումներ: Կատարված ստուգումների արդյունքում արձանագրվել է 9.620.000 դրամ գումարի չափով ոչ հասցեական նշանակված նպաստի վճարումներ: Վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պետբյուջեին հասցված այդ վնասի մի մասը՝ 4.062.500 դրամն արդեն վերականգնվել է: Առավել խախտումներ արձանագրվել են Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում: Վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչության պետ Վահան Բարսեղյանը դա բացատրում է այդ մարզերի բնակչության սոցիալական վատ վիճակով: Խախտումների հեղինակները հիմնականում ՏԻՄ մարմիններն են: Վ.Բարսեղյանը դա բացատրում է նաեւ այս տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով: ՏԻՄ մարմինները պետբյուջեի հաշվին փաստորեն ընտրազանգված են գրավել՝ կաշառելով սոցիալական նպաստներով: Բնականաբար, նման պարագայում ՏԻՄ մարմինների կողմից հնարավոր են նաեւ կոռուպցիոն ռիսկեր, ինչի առիթով Վ.Բարսեղյանը նշեց, որ վարչությունը համագործակցում է ԱԱԾ-ի եւ իրավապահ մարմինների հետ եւ խախտումների մասին վերջիններս իրազեկված են:
Վարչության կողմից թեմատիկ ստուգումների են ենթարկվել նաեւ ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 8 տարածքային կենտրոններ: Նշյալ տարածքային կենտրոններում առկա 94.246 կենսաթոշակային գործերից ուսումնասիրվել են 684-ը: Արձանագրվել է 50 խախտում՝ ընդհանուր 652.306 դրամի վնասից 153.955 դրամն արդեն վերականգնվել է: Խախտումներ են արձանագրվել նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ի 29 մասնաճյուղերում: Դրանց հիմնական մասը կազմում են վճարման ցուցակներում անձնագրային տվյալների բացակայումը, ստորագրությունների միանմանությունը: Ուսումնասիրություններ են կատարվել նաեւ Երեւանի Աջափնյակ եւ Նոր Նորք համայնքների թվով 60 հանրակրթական դպրոցներում, որից
15-ում արձանագրվել են խախտումներ: Մասնավորապես՝ Կառավարության 2000թ. հուլիսի 3-ի «ՀՀ-ում աղքատության ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգի մասին» որոշման մեջ՝ «Երեխայի հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության չափը 20.000 դրամ» հավելման նշանակման հետ կապված որոշ դպրոցներ կեղծ տեղեկանքներ են բաժանել ծնողներին: Այսինքն՝ երեխային տրվել է առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք, սակայն պարզվել է` երեխան արդեն երկրորդ դասարանում է (8 դպրոցում) կամ երեխան առհասարակ այդ դպրոց չի ընդունվել (7 դպրոցում): Վ. Բարսեղյանի հավաստմամբ` եթե երեխաների՝ առհասարակ այդ դպրոց չընդունվելու հետ կապված խախտումներն անփութության հետեւանք են (երբեմն ծնողները նախապես տեղեկանք են վերցնում տնօրեններից, որպեսզի ստանան 20.000-ական դրամները՝ երեխայի դպրոցական ծախսերը հոգալու համար, սակայն հետագայում երեխային տանում են այլ դպրոց), ապա երկրորդ դասարանցուն առաջին դասարան հաճախելու վերաբերյալ տեղեկանքները բնականաբար միտումնավոր խախտումներ են: 15 դպրոցներում արձանագրված խախտումները գումարային չափումով այսպիսի պատկեր ունեն. Աջափնյակի սոցծառայությունում արձանագրվել է 739.000 դրամի վնաս, որից 185.000-ն արդեն վերականգնվել է, իսկ Նոր Նորքում՝ 180.000 դրամից վերականգնվել է 125.000-ը: Վարչությունը նշում է նաեւ խախտումներ թույլ տված դպրոցները: Դրանք են՝ «Կուպալյան» վարժարան, Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» դպրոց-մանկապարտեզ, թիվ 22, 50, 88, 118, 141, 143, 198, 131, 108, 155, 139, 191, 195 դպրոցներ: Խախտումների մասին տեղեկացրել են նաեւ Կրթության եւ գիտության նախարարությանը: