Տնտեսության վերելքն ու անկումը

31/12/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ, Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ինչպիսի՞ն էր 2005 թվականը Հայաստանի տնտեսության համար: Ի՞նչ ձեռքբերումներ եւ բացթողումներ է ունեցել մեր երկիրն անցնող տարվա ընթացքում: Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը 2006 թվականին: Այս հարցերի շուրջ մասնագետների կարծիքները երբեմն համընկնում են, երբեմն էլ` հակասում միմյանց:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյան. «Այս տարվա տնտեսական աճը նույնիսկ վերականգնողական աճ չի կարելի անվանել: Տնտեսական ձեռքբերումների մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ տնտեսական գործարքները, ներառյալ` մասնավորեցման գործարքները լինեն թափանցիկ եւ հիմնավորված, ոչ թե հապշտապ ու կաշառքներով միջնորդավորված: Որպես այդպիսին` տնտեսական ձեռքբերումներ չեմ տեսնում, իսկ հետընթացը, իմ կարծիքով, ակնհայտ է: Մասնավորապես, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց ի վեր Հայաստանը տեղական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու եւ այդ անդամակցությունից օգտվելու առումով ոչինչ չի արել: Մեր տնտեսական ցուցանիշներից կմատնանշեմ այն, որ մեր ներմուծումն այսօր ավելի քան 2 անգամ գերազանցում է արտահանումը, այսինքն` Հայաստանը ֆինանսավորում է այլ երկրների արտադրությունը եւ նպաստում արտասահմանում աշխատատեղերի ստեղծմանը: Այն ժամանակ, երբ մենք կկարողանանք փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ճանապարհով խթանել արտահանումը, հնարավոր կլինի խոսել տնտեսական ձեռքբերումների մասին: Ի դեպ, փոքր եւ միջին ձեռներեցություն ասելով` այսօր մենք հասկանում ենք առեւտրականներին եւ ոչ թե արդյունաբերական ձեռնարկություններ: Մեր տնտեսությանն անհրաժեշտ են ազատ մրցակցություն եւ հավասար պայմաններ բոլոր ձեռնարկատերերի համար եւ ոչ թե կլանային համակարգ: Ես գտնում եմ, որ մեր երկիրը տնտեսական աճի մասին կարող է խոսել միայն այն դեպքում, երբ ստեղծվի առողջ տնտեսական դաշտ»:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ «Միջազգային տնտեսական հարաբերությունների» ամբիոնի վարիչ Թորոս Թորոսյան. «Չեմ կարող կասկածի տակ դնել 2005թ. Հայաստանի ձեռք բերած որոշակի տնտեսական առաջընթացը, սակայն գտնում եմ, որ մեր տնտեսությունը շարունակում է ունենալ լուրջ հիմնախնդիր, այն է` առեւտրային հաշվեկշռի բացասական մնացորդը: Այս տարի եւս ապրանքների ներմուծումը զգալիորեն գերազանցում էր արտահանումը: Մեր տնտեսության զարգացման համար շատ կարեւոր է մրցունակ արտադրանքով միջազգային շուկա դուրս գալը, ուստի կարծում եմ, որ 2006թ. Հայաստանի տնտեսությունը առաջնային շեշտը պետք է դնի հենց այս խնդրի վրա: Մրցունակ արտադրության զարգացումից հետո տնտեսական զգալի աճի հեռանկարներ տեսնում եմ»:

Տնտեսագետ Էդուարդ Աղաջանով. «2005թ. Հայաստանի տնտեսությունը ոչ մի ձեռքբերում չի ունեցել: Ընդհակառակը, 2004թ. համեմատ` այս տարի 20%-ով աճել է առեւտրային հաշվեկշռի բացասական սալդոն: Եթե նախորդ տարի ներմուծումը արտահանումը գերազանցել է 636 մլն դոլարով, ապա այս տարի` 750 մլն դոլարով: Այս տարվա ամենամեծ կորուստը բաշխիչ ցանցերն են եւ ընդհանրապես այն, որ էներգետիկայի ոլորտի խոշոր ձեռնարկությունները տվել ենք օտարերկրացիներին` դրանով իսկ վտանգելով ոլորտի անվտանգությունը: Բացի այդ, մեր արտահանման 92%-ը բաժին է ընկնում միայն ադամանդի, մետաղի ջարդոնների, պղնձի եւ վերամշակված պատրաստի սնունդի արտահանմանը: Հայաստանն ընթանում է իներցիոն մոդելով, այսինքն` տնտեսության զարգացման համար ոչ մի բեկումնային քայլ չի ձեռնարկում: Իմ կարծիքով, 2006թ. վերոնշյալ հիմնախնդիրները նման մոդելով զարգանալու դեպքում առավել կսրվեն»:

Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյան. «2005թ. Հայաստանի տնտեսությունն ունեցել է ձեռքբերումներ, կատարվել են նոր ներդրումներ, ստեղծվել են 7-8 հազար աշխատատեղեր, բացվել են նոր ձեռնարկություններ եւ վերաբացվել հները, այդ թվում` «ԱրմենԱլ» գործարանը: Բարելավվել է մրցակցային դաշտը, ինչպես նաեւ` տնտեսական օրենսդրությունը: Զգալի առաջընթաց է գրանցվել հատկապես շինարարության ոլորտում: 2006թ. ակնկալվում է օտարերկրյա կապիտալի ներհոսքի 7-8%-ով աճ: Իմ կարծիքով, Հայաստանի տնտեսության զարգացմանն էապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությունը, մասնավորապես` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ տնտեսական կապերի ստեղծումը»:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ «Ֆինանսահաշվային» ամբիոնի վարիչ Վարդան Բոստանջյան. «Անարդարացի կլինի չընդունել 2005թ. մեր տնտեսության գրանցած տնտեսական աճը, սակայն բացառում եմ պաշտոնապես հրապարակվող 12-13% աճի տեմպը: Տարվա ձեռքբերումները կարելի է համարել ոչ վատ, եւ կարծում եմ, որ այս միտումները կշարունակվեն նաեւ հաջորդ տարվա ընթացքում: Որպես տնտեսական նվաճում` կարող եմ մատնանշել բնակչության եկամուտների դանդաղ, սակայն կայուն աճը: Անցնող տարվա ընթացքում աշխուժացում նկատվեց շինարարության, ինչպես նաեւ` գյուղատնտեսության ոլորտներում: Դրական եմ համարում այն հանգամանքը, որ 2005թ. ներդրումների մեջ աճել է ներքին արտադրողների տեսակարար կշիռը: Նվաճում կարելի է համարել նաեւ 2006թ. պետական բյուջեն, որի ծախսերը գերազանցում են 1 միլիարդ դոլարը: Այնուամենայնիվ, գտնում եմ, որ ստվերային գործունեությունը մեր տնտեսությունում շարունակում է մնալ մեծ ծավալով: Տարվա ընթացքում տնտեսության վրա բացասական ազդեցություն թողեցին նաեւ արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումները: Կարծում եմ, որ հաջորդ տարի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին տրամադրվող գումարները զգալիորեն կնպաստեն երկրի տնտեսական աշխուժացմանը»:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տնտեսագետ Աղասի Մկրտչյան. «2005թ. Հայաստանի տնտեսական կյանքում ամենակարեւոր դրական իրադարձությունը, թերեւս կարելի է համարել այն, որ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանին խոստացավ օժանդակել մոտ 230 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով: Իսկ հիմնական բացթողումը, կարծում եմ, այն է, որ անցնող տարում հնարավոր չեղավ ապահովել կառավարման ոլորտում, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում, կառավարման որակի եւ արդյունավետության բարձրացման հարցում լուրջ առաջընթաց: Եթե Հայաստանը կարողանար այս բնագավառներում էլ լուրջ հաջողություններ արձանագրել, ապա զգալիորեն կմեծանար նույն այդ ամերիկյան օժանդակության շարունակականության եւ բարեհաջող ավարտին հասցնելու հնարավորությունը»: