Նրանք ունեին եւս 25.000 դրամ, տանը երկու երեխա եւ ծեր ծնողներ: Մինչեւ շուկա կհասնեին, երթուղային տաքսիի մեջ նրանք կես ժամից ավելի այդ դրամները իրար տալով, հետ վերցնելով, ցուցակ գրելով ու բաժանելով` չէին կարողանում ի վերջո որոշել, թե որից ինչքան գնեն, կամ որ ապրանքը կարեւոր չէ, որպեսզի չգնեն: Նախ` որոշեցին 10.000 դրամը հոգեպահուստի համար կողքի դնել: Հետո որոշեցին գոնե 5-ական կիլոգրամ խոզի եւ տավարի միս գնել, մի 5 կգ էլ՝ հավի բուդ:
«Գոնե Նոր տարուն էրեխեքը կուշտ փորով միս ուտեն»,- ասաց կինը ու շարունակեց հաշվել:
4 հատ օղի, մի 10 հատ ջուր-լիմոնադ, մի 10 կգ միրգ: Որոշեցին առնել տեղական մրգերը, դրանք համեմատաբար էժան էին. խնձոր, տանձ, կարելի է 1-ական կգ էլ խաղող եւ մանդարին: 1 կգ էլ խառը կոնֆետ, 0,5 կգ պնդուկ-պոպոք, կանաչեղեն, կես-կես կգ երշիկ ու բաստուրմա ու էլի որոշ մանր-մունր բաներ: Երբ հերթը հասավ խմորեղենի մթերքին, երկուսով էլ զգացին, որ իրենց ունեցած գումարը չի հերիքի: Ամուսինն անօգնական նայեց կնոջը: Կինը ելքը գտավ. որոշեց մի-մի կիլոգրամով մսեղենը կրճատել: Խոզի միսը շուկայում արժեր 2000-2300 դրամ, տավարինը՝ 1500-2000 դրամ: Խնայեցին մոտ 5.000 դրամ ու խմորեղենի հարցը լուծեցին: Անհրաժեշտ էր նաեւ թթվասեր, ձիթապտուղ, յուղ, պանիր, ձեթ: Ամուսինը տղամարդավարի որոշեց եւ 1 լիտրանոց օղիները դարձրեց 0,75 գրամանոց, ու այդ մթերքների հարցն էլ լուծվեց: Կինը հիշեցրեց, որ երեխաները խորդանոցից հանել են հին տոնածառը եւ խաղալիք են ուզում: Ճիշտ է, խաղալիքը ուտելու եւ հագնելու բան չէ, բայց դե երեխաներին ինչպե՞ս բացատրեն, որ իրենք փող չունեն, որ տոնածառը զարդարեն: Չէ՞ որ դա տարին մի անգամ է լինում եւ շատ է ուրախացնում նրանց: Որոշեցին կոնֆետն ու պոպոքն էլ էժաններից վերցնել: Կինը հիշեց, որ երեխաները Ձմեռ պապիկից նվեր են սպասում: Աղջիկը կոշիկներ է ուզել, իսկ տղան՝ գլխարկ ու ձեռնոց: Մի պահ երկուսով լռեցին ու իրար նայեցին: Ինչպե՞ս բացատրել նրանց, որ Ձմեռ պապն իրենց չի սիրում: Անհնար է: Ու որոշեցին մսեղենից մի-մի կգ էլ պակասեցնել ու ջրեղենը քիչ առնել: Ամառվա պահածոյացրած կոմպոտներից դեռ կա:
«Տոլմա կեփենք, բրինձը բոլ-բոլ կլցնենք, ոչինչ»,- ամուսնու ականջին շշնջաց կինը, ու որոշեցին Ձմեռ պապի նվերներն անպայման առնել:
Բայց հյուր գնալու համար մի-երկու բոնբոներկա էլ է պետք: Նորից լռեցին, ու կինը հիշեց, որ պահարանում շորերի տակ մի հատ ունեն պահած: Բայց գոնե երկու հատ էլ պետք է: Մտածեցին, որ մեկը բավական է, եւ իրենց տուն էլ բերող կլինի, կսպասեն, նոր հյուր կգնան: Այդ հարցն էլ լուծեցին, իջան Կոմիտասի շուկա եւ սկսեցին առեւտուր անել: Սկզբից որոշեցին մսեղենն առնել:
«Թե չէ՝ կարող է, էնքան կրճատենք, որ վերջում բան չառնենք»,- կատակեց կինը:
Կանգնեցին մսավաճառ կրպակներից մեկի մոտ: Իրենցից առաջ կանգնած ցմփոր ամուսինները միանգամից գնեցին 30 կգ տավարի ու խոզի միս, ու կինը դժգոհում էր, որ քիչ է: Մսավաճառը շուռ եկավ մեր հերոսների կողմը եւ հարցրեց. «Ձեզ ինչքա՞ն տամ»,- ոգեւորված խոզի մի բուդ դրեց սեղանին:
«Ամեն մեկից 4 կգ»,- վախվորած ասաց ամուսինը, իսկ կինը զարմացած նայեց նրա վրա, բայց ոչինչ չասաց:
«Էհ նորից՝ 3 կգ, 5 կգ,- դժգոհեց մսավաճառը: -Մի 10-10 կգ առեք, բան հասկանանք, էլի»:
Նա դժգոհեց, որ այս տարի իր առեւտուրը շատ վատ է եղել. տոկոսով գումար է վերցրել ու չի կարողանում մարել: Ժողովրդի գնողունակությունն ընկել է՝ դոլարը էժանացել է, ապրանքը՝ թանկացել: Հույսը Նոր տարվա առեւտուրն էր, էն էլ ոնց որ թե չի աշխուժանում:
Եվ այնպես ստացվեց, որ մեր հերոսները, պատահաբար, թե մտածված, անընդհատ հետեւում էին ցմփոր ամուսիններին: Նրանք կարծես թե եկել էին ոչ թե իրենց գնումները կատարելու, այլ հիանալու երկրորդ զույգի առեւտրով: Բայց դա մեր հերոսներին լավ բան չտվեց, որովհետեւ նրանց ջրերն ընկած՝ ծախսել էին իրենց ամբողջ գումարը, նույնիսկ խնայողությունը, բայց Ձմեռ պապիկի նվերները չէին գնել: Ամուսինը տխուր նայեց կնոջ վրա: Իսկ կինը խորամանկ ժպտաց եւ ասաց, որ 10.000 դրամ ունի թաքուն պահած: