Շիրակի մարզի Ոստիկանապետի արկածները-2

31/12/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Շիրակի մարզի Ոստիկանության պետ Խաչիկ Ասատրյանի ծառայողական արկածները միայն մեր նախորդ հոդվածի (69 համար, «Շիրակի մարզի ոստիկանապետի արկածները») դեպքերով չեն սահմանափակվում: Մեր աղբյուրները պարոն Ասատրյանի մասին բազմաթիվ նմանատիպ դեպքեր են հիշում, որոնցից մի քանիսն էլ այս անգամ կներկայացնենք մեր ընթերցողի ուշադրությանը:

Մինչ այդ ավելացնենք, որ Խ. Ասատրյանը, ասում են, այնքան էր ազդվել այդ հրապարակումներից, որ Գյումրիից հավաքել է տվել մեր թերթի այդ համարի ամբողջ խմբաքանակը, որ իրենից բացի ուրիշ մարդ չկարդա, եւ բողոքով դիմել է Շիրակի մարզի դատախազություն, թե մեր թերթը զրպարտել է իրեն: Դատախազությունում այժմ նյութեր են նախապատրաստվում` որոշելու համար, թե մենք զրպարտե՞լ ենք արդյոք պարոն Ասատրյանին, եւ մեր գործողությունների մեջ կա՞ արդյոք հանցակազմ:

Մինչ Շիրակի մարզի դատախազությունը կորոշի, թե ինչ կերպ բնութագրի մեր արարքը, մենք հրապարակենք պարոն Ասատրյանի մասին մեր ձեռք բերած նոր տեղեկությունները: 2005թ. մարտի 7-ին Ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկվում Գյումրիի ախտորոշիչ կենտրոնի բժիշկ Արա Գարեգինյանը, «Ճերմակ հիվանդանոցի» բժիշկներ, նախկինում դատված Աշոտ Սնխչյանը եւ Երվանդ Չուխաջյանը: Ա. Գարեգինյանի մոտ հայտնաբերվել էր երկու փաթեթ հերոին: Նա խոստովանել է, որ այն գնել է Գյումրիի բնակիչ Արմեն Սարդարյանից, որն այդ պահին բուժման նպատակով գտնվում էր հիվանդանոցում: Վերջինիս հիվանդասենյակը խուզարկելիս հայտնաբերվել է 3 փաթեթ հերոին: Ասում են, Խաչիկ Ասատրյանն այս գործը վերցրել է իր հսկողության տակ եւ կլորիկ գումարով այդ գործը մեղմացրել է: Գյումրիի դատախազությունից հիշեցին հերոինի հետ կապված այդ դեպքը, բայց ավելի մանրամասն, թե հանցագործներն ի՞նչ չափով են պատժվել՝ չհիշեցին:

Կամ, տարիներ առաջ ոստիկանության Գյումրիի բաժնի պետ է եղել փոխգնդապետ Վաղինակ Սաղաթելյանը, որը միշտ հակասությունների մեջ է եղել Խ. Ասատրյանի հետ: Պատճառը, ըստ Ոստիկանության մեր աղբյուրների, եղել է այն, որ Խ. Ասատրյանը միշտ «քցել է» ոստիկաններին, երբ բաժին «փողոտ» գործ է բերվել: Ասատրյանը միշտ փորձել է Սաղաթելյանից ազատվել, որովհետեւ վերջինս բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներին բացեիբաց ասել է, որ Խ. Ասատրյանն է որոշում, թե ում որքան փող տա: Խ.Ասատրյանը սկզբնական շրջանում չի կարողացել Վ. Սաղաթելյանից ազատվել, որովհետեւ վերջինիս թիկունքին կանգնած է եղել ՀՀ ոստիկանապետի տեղակալ գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը, որի հետ Վ. Սաղաթելյանն աշխատել է Ոստիկանության Մալաթիայի բաժնում: Իսկ նախկինում, երբ Հ. Հունանյանն աշխատել է Ներքին գործերի Օրջոնիկիձեի (ներկայիս Էրեբունի եւ Նուբարաշեն) բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, Սաղաթելյանի եղբայր Ալբերտը նույն բաժնում է աշխատել: Երբ, դարձյալ, գումարի հարցով, Վ. Սաղաթելյանը փորձել է Ասատրյանի հետ պարզաբանումներ անել, Մարզային վարչության հերթապահ մասից Ասատրյանին այդ մասին տեղեկացրել են: Վերջինս, ասում են, փակվել է աշխատասենյակում, ներսից կողպել է դուռը եւ զանգել նախարարություն` այդ մասին տեղեկացնելու համար: Արդյունքում ՀՀ ոստիկանապետի հրամանով Սաղաթելյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվում Ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Մեր աղբյուրների տեղեկացմամբ` մինչեւ Սաղաթելյանին աշխատանքից ազատելը ՀՀ Ոստիկանության շտաբում (շտաբի պետ գեներալ-մայոր Էդուարդ Ղազարյան եւ ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ գնդապետ Արարատ Գրիգորյան) անցկացվում է ծառայողական քննություն, ինչի եզրակացության հիման վրա էլ Խաչիկ Ասատրյանը հասնում է իր նպատակին:

Ասում են նաեւ, որ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին բարկացրել է պրն Ասատրյանի այսօրինակ գործունեությունը եւ այն հանգամանքը, որ նրա անունը հայտնվել է ընդդիմադիր մամուլի էջերում: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ` Խ. Ասատրյանը հետաքրքիր եւ զվարճալի աշխատանքային պատմություններ է ունեցել նաեւ այն ժամանակ, երբ աշխատել է Աբովյան քաղաքի միլպետ:

Մեր տեղեկությունների մասին մենք այս անգամ չփորձեցինք պարոն Ասատրյանից մեկնաբանություն ստանալ՝ համոզված լինելով, որ անցած անգամվա նման նա ոչ միայն չի ցանկանա մեզ հետ խոսել, այլ նորից կսկսի վիրավորանքներ տեղալ: Կարծես մենք ենք մեղավոր այդ արարքների համար: Եվ հետո, մենք չուզեցինք այս հրապարակման մասին պարոն Ասատրյանին նախօրոք տեղեկացնել, որպեսզի նա մեր թերթի՝ Գյումրիի խմբաքանակն ամբողջությամբ չգնի: Չէ՞ որ «168 Ժամն» այլ ընթերցողներ էլ ունի, ովքեր սպասում են թերթին:

Հ.Գ. Երեկ Ոստիկանության Գյումրիի մի խումբ վետերաններ (թվով 6 հոգի) նամակ էին ուղարկել խմբագրություն, որով պաշտպանում էին Խ. Ասատրյանին, զարմանալով՝ «ինչպե՞ս կարելի է զրպարտել մի մարդու, որն ահա հինգ տարի շարունակ Շիրակի մարզում անհաշտ պայքար է մղում հանցավորության դեմ»: