«Կինը ծնվել է ծնելու համար»

31/12/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

– Արդեն 6 ամիս է, մայր ես դարձել: Մայր դառնալը դերասանուհու կյանքում թերեւս լուրջ փոփոխություններ արեց:

– Փոխվեց իմ վերաբերմունքն աշխարհի նկատմամբ, երջանկության վերաբերյալ չափանիշները: Ներքին խաղաղություն եկավ ինձ վրա, գտա իմ տեղն աշխարհի վրա:

– Դու, չնայած քո երիտասարդ տարիքին՝ 28 տարեկան ես, հասցրել ես կայանալ որպես դերասանուհի: Կարելի՞ է ասել, որ բալիկի ծնունդն էլ անձնական կյանքում կայանալու մի ձեւ է:

– Իհարկե, բալիկի ծնվելուց հետո ես, կարելի է ասել, լիակատար կայացա: Ես, ի վերջո, հասկացա, որ կինը ծնվում է ծնելու համար:

– 13 տարի աշխատում ես թատրոնում՝ Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 13 տարի բեմում, եւ հանկարծ` երկարատեւ դադար: Դժվար չէ՞ մշտազբաղ դերասանուհու համար` տանը նստել, չաշխատել:

– Մեկուկես տարի է, արդեն չեմ աշխատում: Թող մեծամիտ չհնչի, բայց թերեւս դերերի այն բազմազանությունը, որ ես ունեցել եմ նախքան մայրանալը, ինձ թույլ տվեց հիվանդագին չտանել բեմից իմ այս բացակայությունը:

– Ե՞րբ ես վերադառնալու թատրոն:

– Երեւի 2006թ. գարնանը:

– Դու այլեւս այն թեթեւ-մեթեւ աղջիկը չես, արդեն մայր ես: Քո խաղացանկում, ըստ քեզ, կա՞ն դերեր, որ այլեւս քո նոր կարգավիճակի համար սազական չեն:

– Կան դերեր, որոնցից ես պատրաստվում եմ հրաժարվել: Օրինակ՝ Ջուլիետ այլեւս չեմ խաղա, որովհետեւ արդարացի Ջուլիետ չեմ կարող այլեւս լինել: Ծննդաբերությունից հետո մի փոքր գիրացել եմ, բացի դրանից, երեխայիս ծնունդից հետո ներքին հասունացում կա, որ ես կներդնեմ այլ կերպարների վրա: Պատրաստվում եմ Լեդի Մակբեթ խաղալ: Բայց թե երբ կլինի եւ ոնց կլինի, դեռ չգիտեմ: Արդեն հասունացել եմ այդ դերի համար:

– Նոր դերերի առաջարկներ արդեն ունե՞ս:

– Թատրոնից, անկեղծ ասած, դեռ ոչ: Բայց երկու ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ:

– Հետ չե՞ս վարժվել:

– Հետ եմ վարժվել, որովհետեւ դերասանուհու համար շատ կարեւոր է մշտապես ֆորմայի մեջ լինելը: Բայց շատ եմ կարոտել ու մեծ պատասխանատվության զգացումով պետք է վերադառնամ: Հանդիսատեսին պետք է լավ ներկայանամ:

– Ժամանակին հեռուստատեսային հաղորդավար էլ էիր, նոր ծրագրեր կա՞ն այդ ասպարեզում:

– Այո, մի նախագիծ կա, որը թերեւս մյուս տարում կլինի, եւ ես որպես հաղորդավար նորից հանդես կգամ: Քանի որ հեռուստատեսության մասին խոսեցինք, ասեմ, որ նաեւ շատ եմ սիրում արտասահմանյան ֆիլմեր կրկնօրինակելը: Հաճույք եմ ստանում գեղարվեստական ֆիլմեր կրկնօրինակելով, սակայն սկզբունքորեն սերիալներ չեմ կրկնօրինակում:

– Գեղարվեստական ֆիլմեր կրկնօրինակելիս չի՞ պատահում, որ այնքան ես մտնում մի դերի մեջ, որ մի պահ ցանկություն է առաջանում, որ այդ արեւմտյան դերասանուհու փոխարեն դու լինեիր:

– Շատ է լինում: Հատկապես «Ֆրիդա» կինոնկարը դիտելիս: Կցանկանայի խաղալ Ֆրիդա: Իհարկե, պետք է ինձ վրա շատ աշխատեմ, որ կարողանամ Սալմա Հայեկի նման կերպար ստեղծել:

– Այդքան ծանրաբեռնված աշխատելով՝ ընտանիքին ժամանակ մնո՞ւմ է:

– Որքանով էլ որ տարօրինակ կթվա, Հայաստանում հնարավոր է համատեղել անձնական կյանքն ու կարիերան: Ցավոք, թատրոնի դերասանուհու համար այդ կարիերա ասածը մի փոքր սահմանափակ հասկացություն է, այսինքն՝ քիչ ֆիլմեր են նկարահանվում: Եթե ես ապրեի ԱՄՆ-ում, կամ, ասենք՝ Ռուսաստանում, գուցե չկարողանայի: Հայաստանում թատերական կյանքն ակտիվ չէ:

– Հասարակական կարծիքին առհասարակ ինչպե՞ս ես վերաբերվում:

– Ես ապրում եմ այս հասարակության մեջ եւ ուզեմ թե չուզեմ, պետք է նաեւ հաշվի առնեմ հասարակական կարծիքը: Սակայն իմ ապրելաձեւով ես բոլորին ուզում եմ ասել, որ ամեն ինչ շատ ավելի լավ է, քան մարդկանց թվում է:

– Այդ նույն հասարակությունն ինչպե՞ս վերաբերվեց քո եւ Գեորգի Կիմիչի ամուսնությանը: Տարիքային մեծ տարբերությամբ ամուսնություններն այնքան էլ չեն ընդունվում մեր հասարակության կողմից, հատկապես, երբ Գեորգի Կիմիչի թոռնիկները տարիքով ավելի մեծ են ձեր բալիկից:

– Հասարակությանն էլ բան է պետք քննարկելու համար: Ինձ այդ առումով բացասական որեւէ կարծիք չի հասել: Տարիքային տարբերության համար ունեցել եմ որոշակի բախում հասարակության հետ, սակայն ինձ մոտ բավականին արագ է դա անցել, քանզի, լինելով ուժեղ մարդ, ես պարզապես ծիծաղել եմ նման կարծիքների վրա: Առաջին հերթին ես իմ ամուսնուն շատ սիրելով եմ ամուսնացել, հետո նոր մտածել եմ բալիկի մասին: Ինձ համար շատ հարցերում իմ ամուսինն առաջին հերթին է:

– Բալիկի անունը Գաբրիելա է: Ինչ-որ մեկի անո՞ւնն է:

– Գաբրիելա ոչ մեկի անունը չէ: Պարզապես որոշել էինք` եթե ծնվի տղա` անունը Դանիել կդնենք, եթե աղջիկ՝ Գաբրիելա: Կամ` Դանիելա եւ Գաբրիել: Աստվածաշնչային կերպար է: Ի դեպ, շատ ուրախացա, երբ իմացա, որ աղջիկ եմ ունենալու, որովհետեւ պաշտում եմ աղջիկ բալիկներին:

– Ի՞նչ սպասումներ կան 2006 թվից:

– Շատ կուզենամ, որ ստեղծագործական ասպարեզում թարմություն լինի: Կուզեմ, որ 2006-ը ստեղծագործելու համար լայն դաշտ բացի: