Ով՝ ում է դատի տալիս

31/12/2005

Մեր թերթի նոյեմբերի 27-ի համարում տպագրել էինք Նոյեմբերյան քաղաքի բնակիչների բաց նամակն ուղղված ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին եւ ՀՀ նախագահի հակակոռուպցիոն հարցերով խորհրդական Բագրատ Եսայանին, որում նոյեմբերյանցիները բառացիորեն գրում են.

«Հարգելի «168 Ժամ», ցանկանում ենք Ձեր միջոցով բարձրաձայնել մի շատ կարեւոր հիմնահարցի մասին: Նոյեմբերյանի քաղաքապետի թեկնածու Սերյոժա Ամիրաղյանի նախընտրական ծրագրում ներառված էր Նոյեմբերյանի նախկին բաղնիքի շենքը վերականգնելու եւ համայնքի կարիքների համար օգտագործելու խնդիրը: Ընտրություններից հետո կարծում էինք, որ պարոն Ամիրաղյանը անմիջապես կսկսի իր խոստումի կատարումը… սակայն վրդովմունքով տեղեկացանք, որ նորընտիր քաղաքապետը շենքը նվիրել է իր նախընտրական շտաբի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկին` տպարանի եւ տաքսի ծառայության սեփականատեր, նորընտիր ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանին: Հիմա արդեն լիովին պարզ է, թե նախընտրական շրջանում ավագանու թեկնածու Վարուժան Բաբաջանյանը դռնեդուռ ընկած ինչու էր աղերսում քվեարկել Սերյոժա Ամիրաղյանի օգտին: Խնդրում ենք Ձեր միջամտությունը` շենքը համայնքին վերադարձնելու համար, քանզի առանց այն էլ սուղ համայնքային կառույցները պետք է օգտագործել ամբողջ համայնքի կարիքների համար»: Բաց նամակը հրապարակելուց հետո խմբագրություն զանգահարեց եւ քաղաքապետը, եւ ավագանին: Դժվար էր նրանց բացատրել, որ մենք հրապարակել ենք նոյեմբերյանցիների բաց նամակը: Ինչեւէ, Նոյեմբերյանի քաղաքապետը դիմել է դատարան: Այդ ընթացքում նոյեմբերյանցիները մեզ տեղեկացրին, որ այդ օրվա բոլոր «168 Ժամ»-երը հավաքվել են կրպակներից. «Նոյեմբերյանում ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանին` քաղաքապետ Ս. Ամիրաղյանի կողմից շենք նվիրաբերվելու մասին Ձեր թերթի հրապարակումից հետո Նոյեմբերյանում գրաքննություն է մտցվել` կրպակներից հավաքվում եւ ոչնչացվում են Ձեր թերթի բոլոր նոր ստացված համարները: Եթե ավագանու անդամը եւ նրա շեֆը թաքցնելու բան չունեն` ինչո՞ւ են դիմում այդպիսի ստորության… Նաեւ Ձեր թերթի միջոցով խնդրում ենք պարզել ավագանու անդամին նվիրված շենքի ճակատագիրը»: Նոյեմբերյանցիները շուտով մեզ ուղարկեցին երրորդ նամակը, որում գրում են. « Շնորհակալություն ենք հայտնում, որ Նոյեմբերյանում առկա վախի մթնոլորտի պայմաններում մեզ օգնեցիք եւ վեր հանեցիք այդ մարդկանց ապօրինությունների մասին մեր մտահոգությունները… Այդ փաստերը Ձեզ կարող են մատնանշել նոյեմբերյանցիներից յուրաքանչյուրը: Նախ, Ս. Ամիրաղյանի ընտրվելուց հետո շենքն անմիջապես պետք է սկսեին նորոգել, սակայն այն քաղաքացիները, որոնք հույս ունեին այդ շենքում վարձակալական հիմունքներով տարածքներ վերցնել, մերժվել են այն պատճառաբանությամբ, որ շենքն արդեն տեր ունի: Ո՞վ է նա… Քաղաքապետարանի արդեն նախկին աշխատակիցները պնդում են, որ նորընտիր ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանը բազմիցս դիմել է քաղաքի նախկին վարչակազմին` շենքը գնելու եւ օգտագործելու նպատակով, սակայն մերժվել է եւ սպառնացել, որ նրանք այլեւս չեն ընտրվի: Նախընտրական շրջանում նորընտիր քաղաքապետի շտաբում հստակ պարզ էր, որ Ֆելիքս Իսրայելյանը պետք է դառնա քարտուղար, Արծրուն Հարությունյանը` քաղաքապետի տեղակալ, իսկ Ազատ Խաչիկյանը` օգնական: Վարուժան Բաբաջանյանը մնում էր չփոխհատուցված, սակայն նրան որպես «փոխհատուցում» տրվեց բաղնիքի շենքը: Նա կիսատ շինարարություն ունի Նոյեմբերյանում, որի օրինականությունը խիստ կասկածի տակ է: Այդ շինությունը Ձեզ կմատնանշի յուրաքանչյուր նոյեմբերյանցի»: Նոյեմբերյանցիները որոշ հարցեր են ուղղում Վ. Բաբաջանյանին, որոնց մի մասը կներկայացնենք՝ «1. Արդյո՞ք դուք 150 հատ իզի քարտ չեք բաժանել ուսանողներին` Ձեր եւ Սերյոժա Ամիրաղյանին քվեարկելու ակնկալիքով։ 2. Արդյո՞ք անձամբ դուք Նոյեմբերյանում ալյուր չեք բաժանել։ 3. Արդյո՞ք չունեք ապօրինի գործունեություններ։ 4. Արդյո՞ք չեք քցել ընդդիմությանը` ընդդիմադիր ձեւանալով եւ իշխանական կերակրատաշտից օգտվելով։ 5. Արդյո՞ք բազմաթիվ կազմակերպություններ ֆինանսական ահռելի կորուստներ չեն կրել Ձեր տպագրական օյինբազության հետեւանքով։ 6. Արդյո՞ք Նոյեմբերյանում չեք հավաքում եւ այրում «168 Ժամ» թերթը…

Հարգելի Սաթիկ Սեյրանյան.

Նոյեմբերյանցիները Ձեր կողմն են, Դուք դատը արդեն շահել եք: Սակայն խնդրում եմ տպագրեք Վարուժան Բաբաջանյանին ուղղված հարցաշարը եւ նրա համար դա կլինի հրապարակային դատ, որովհետեւ այդ բոլոր հարցերի պատասխանները նա չունի… Մենք 100-ներով թերթի այդ համարը կտարածենք Նոյեմբերյանում, որպեսզի բոլորը տեղյակ լինեն այդ խայտառակ դատավարությանը: Նրանք վախենում են հրապարակայնությունից: Մերկացրեք նրանց, թող բոլորը իմանան` ով ով է…»:

Այս ընթացքում խմբագրություն զանգահարեցին Նոյեմբերյանի քաղաքապետի շահերը պաշտպանող մի գրասենյակից եւ հանդիպում խնդրեցին: Նշենք, որ խմբագրություն այցելած երիտասարդը բնակիչների նամակն էր ուզում տեսնել եւ, որքան էլ զարմանալի է՝ թերթի այն համարը, որում տպագրվել էր բաց նամակը, ասելով, թե քաղաքապետին 5000 դոլարի վնաս ենք հասցրել, եւ, որպեսզի մեզ համար վատ չլինի՝ ավելի լավ է հերքում տպագրենք: Կրկին անգամ առաջարկեցինք դիմել դատարան: Դեկտեմբերի 22-ին ստացանք Նոյեմբերյանի քաղաքապետ Ս. Ամիրաղյանի նամակը՝ հերքման պահանջով: Քաղաքապետը գրում է. «Հոդվածում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են իմ պատիվս, արժանապատվությունս եւ գործարար համբավս»: Քաղաքապետը, թերեւս, չգիտի, որ ինքը պետական ծառայող է եւ ոչ թե գործարար: Նամակին կցված է իր իսկ կողմից իրեն տրված տեղեկանք, որում ինքն իրեն տեղեկացնում է. «Տրվում է այն մասին, որ Նոյեմբերյանի քաղաքային բաղնիքի շենքը 15.12.2005թ. դրությամբ գտնվում է Նոյեմբերյանի քաղաքապետարանի հաշվեկշռում (հաշվեկշռային արժեքը՝ 54. 908 դրամ, կառուցված 1972թ.): Շենքը 1997թ. հուլիսի 18-ի երկրաշարժից ստացել է 3-րդ-4-րդ կարգի վնասվածություն, անցած ժամանակաշրջանում կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, շենքը վաճառելու կամ նվիրատվության մասին որեւէ որոշում չի կայացվել, շենքը գնելու հայտ որեւէ անձի կամ կազմակերպության կողմից չի ներկայացվել»:

Նոյեմբերյանի քաղաքապետի՝ «168 Ժամ»-ի դեմ դատավարությունը, թերեւս, տեղի կունենա Ամանորյա տոներից հետո: