«Մենք կարողացանք Հայաստանում սահուն հեղափոխության փորձ կատարել»

26/12/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան գնալով ավելի ու ավելի են խորանում կոալիցիոն կուսակցությունների միջեւ առանց այն էլ ոչ բարիդրացիական հարաբերությունները: Երկրում տիրող կոռուպցիայի, անարդարության, անպատժելիության մթնոլորտի, սոցիալական ծանր պայմանների համար կոալիցիոն կուսակցություններից ամեն մեկը մեղադրում է իր մյուս գործընկերներին` «բայց այ, եթե իշխանության մեջ մենք մեծամասնություն լինեինք, ապա վիճակը հաստատ այդպես չէր լինի» տրամաբանությամբ: Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, այս ամենը համարում է բնական:

– Քանի որ առաջիկայում համապետական ընտրություններ կան, դա բնական եմ համարում, որովհետեւ ժողովրդի առջեւ պիտի նաեւ պատասխան տաս արած ու չարած գործերի համար: Իրական վիճակն այն է, որ կառավարությունն ունեցել է ծրագիր, որի հիմքում դրված են կոալիցիայի սկզբունքները, կառավարությունը կարողանում է իր առջեւ դրված խնդիրները լուծել, իսկ ԱԺ-ն` որպես քաղաքական մարմին, փորձում է տարբեր քաղաքական ուժերին վերագրումներ անել, այսինքն` ստացվում է կառավարությունը` ՀՀԿ-ին, ԱԺ-ն` ՕԵԿ-ին: Այս առումով կոալիցիան իր միսիան արդեն կատարել է: Կարծում եմ, որ 2006թ. համախմբումը կլինի նոր սկզբունքների շուրջ: Իսկ, ընդհանուր առմամբ, վեճերը, դեբատները կոալիցիայի ներսում բնական եմ համարում, քանի որ տարբեր կուսակցություններ են` տարբեր գաղափարախոսություններով:

– Այսինքն՝ 2006թ. հնարավոր է կոալիցիայի պառակտո՞ւմ:

– Պիտի փորձենք քաղաքական դաշտը որոշակիորեն մի կողմ պահել: Կոալիցիայի առաջին խնդիրներից մեկը դա պետք է լինի: Ըստ էության, ընդդիմությունը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրները գոնե մասնակիորեն լուծել, եւ դա կազդի նաեւ իշխանական կուսակցությունների վրա, խնդիրներ կառաջանան: Բայց կարծում եմ, որ նաեւ հակազդող սկզբունքներ կմշակվեն, առավել եւս, որ երկրի ղեկավարումը պետք է իրականացնել՝ բոլոր քաղաքական ուժերին ներառելով: Միակուսակցական, միաբեւեռային գործընթացները ՀՀ-ում այլեւս ճանապարհ չունեն: Երկրի նախագահը, կոալիցիոն կուսակցություններն այս խնդրի բավական լուրջ ջատագովներ են:

– Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ իշխանության միջից, հնարավոր է, նոր ընդդիմություն ծնվի:

– Սովորաբար նախընտրական պայքարում դա զգալի է լինում: Բայց մեր դիրքորոշումն այդպիսին չէ: Բնականաբար, իշխանական կուսակցություններից որեւիցե մեկն ինչ-որ պայմաններում եթե մերժված լինի, ապա միգուցե այդ քայլին դիմի: Կոալիցիայի ներսում փորձում են երբեմն ընդդիմադիր դաշտ մտնել եւ վերագրումներ կատարել: Իսկ քննադատության ուղղվածությունն ո՞ւմ է վերաբերում` երկրի նախագահի՞ն, թե՞ հանրապետականին, դժվար է կանխորոշել: Կա այդ խնդիրը: Բայց կարծում եմ, որ կան նաեւ դրանց լուծումները:

– Իսկ որո՞նք են այդ լուծումները:

– Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել: Ըստ էության, մենք կարողացանք Հայաստանում սահուն հեղափոխության փորձ կատարել: Խոսքը հանրաքվեով անցած նոր, այսօրվա գործող սահմանադրության մասին է: Եվ պիտի կարողանանք նոր քաղաքական իրավիճակում նոր տրամաբանությամբ առաջ գնալ: Մանավանդ, որ այսօր եւ կոալիցիայի մեջ, եւ ընդդիմության մեջ, եւ կոալիցիայից դուրս շատ քաղաքական կուսակցություններ կան, առավել եւս` անձերի տեսքով շատ քաղաքական գործիչներ կան, որոնք կկարողանան հանգուցալուծել ստեղծված խնդիրները:

– Ամեն անգամ, երբ կոալիցիոն կուսակցությունների մեջ տարաձայնություններ, լեզվակռիվներ, վեճեր էին տեղի ունենում, հարցերը, ի վերջո, տեղափոխվում էին նախագահական նստավայր եւ այնտեղ լուծում ստանում: Բայց վերջին շրջանում կոալիցիոն կուսակցությունների մեջ սկիզբ առած վեճերը Ռ. Քոչարյանի կողմից ուշադրության չարժանացան: Ինչո՞ւ:

– Եթե խնդիրը քաղաքական էր, բնականաբար, կոալիցիոն ուժերը նստում, քննարկում են: Իսկ կոալիցիոն ուժ է նաեւ երկրի նախագահը: Իսկ երբ անձնային բնույթ են կրում հակասությունները, ինչը մեծամասամբ այդպես էլ լինում է, ապա դրա լուծումները կոալիցիայի շրջանակներից դուրս են գալիս: Իսկ դա հետեւանքն է այն բանի, որ ընդդիմադիր ճակատն անգործության է մատնված, եւ դրանից էլ կոալիցիայի ներսում խնդիրներ են առաջանում: Առավել եւս, այս Ազգային ժողովում մի դրսեւորում էլ կա, որ պատգամավորների գերիշխող մասն իրենց համարում են քաղաքական գործիչներ: Այս առումով քաղաքական գործիչների ինստիտուտը խորհրդարանում կաղում է: Քաղաքական գործիչներին ոչ թե կուսակցություններն են հրապարակում, այլ ժողովուրդն է դա որոշում: Եվ պատգամավորները նույնիսկ մի քանի անգամ ընտրվելուց հետո պիտի հասկանան, որ դեռեւս քաղաքական գործիչ չեն դառնում:

– Արդյոք կոալիցիոն հակամարտություններին Ռ. Քոչարյանի ցուցաբերած անտարբերությունը կոալիցիայից տարանջատվել չէ՞: Եվ, շատերի կարծիքով, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նա իշխանության բուրգում ցանկանում է ուրիշ կուսակցության տեսնել, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի հիմնած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

– Վերջին շրջանում շատերն են սկսել երկրի նախագահի փոխարեն մտածել: Ինչպիսի գործընթացներ էլ լինեն Հայաստանում, քաղաքական ուժերը ուզեն թե չուզեն, այնուամենայնիվ, Հանրապետականը վճռորոշ դերակատարում է ունենալու: Բնականաբար, նաեւ իշխանական բուրգի կուսակցությունները, թե ընդդիմությունը խնդիր ունեն` անպայման որոշակի քաղաքական կենտրոնական ուժի, որը, կարծում եմ, Հանրապետականն է, նրա նկատմամբ «հղկման» պրոցեսներ անցկացնել` մտածելով, որ ճանապարհը հենց դա է: Մենք դա կռահում ենք, մենք դա գիտակցում ենք, մենք գիտենք մեր անելիքները եւ դա չենք կապում որեւէ անձի կամ կուսակցության հետ: Առավել եւս, մենք որդեգրել ենք բոլոր կուսակցությունների հետ աշխատելու ուղի, անկախ նրանից` դիմադի՞ր են, թե՞ ընդդիմադիր:

– Ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտում ինչպիսի՞ վերադասավորումներ եք կանխատեսում:

– Կարծում եմ, այսօր դեռեւս միտումը հետեւյալն է` բոլորը ցանկանում են միայնակ գնալ` մտածելով, որ իրենք ժողովրդի ամենամեծ ջատագովներն են: Առայժմ սա է վիճակը: Բայց ընտրությունների նախաշեմին քաղաքական կուսակցությունների միջեւ որոշակիորեն համաձայնություններ կլինեն:

– Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն որեւէ մեկի հետ համաձայնության գա, դաշինք կազմի:

– Այս պահի դրությամբ առաջ չենք ուզում ընկնել: Հիմա ուժեղացնում ենք կուսակցական կառույցները, եւ ժամանակը ցույց կտա, թե քաղաքական դաշտում ինչպիսի մոտեցումներ կորդեգրենք: Իսկ իմ` որպես անհատի, դիրքորոշումն այն է, որ ավելի նպատակահարմար է փոխհամաձայնություններով առաջ գնալ, քան դաշինքներ, կոալիցիաներ ստեղծելը: Ժամանակը ցույց տվեց, որ ամենակարեւոր արդյունքներն այդտեղ չպիտի փնտրել:

– Հաշվի առնելով նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքները, երբ նույնիսկ իշխող կուսակցությունների ներկայացուցիչներն են հստակ արձանագրում, որ մասնակիցների ներկայացված 1,5 մլն թիվն ուռճացված է, մտավախություն չունե՞ք, որ 2007թ. ընտրություններն էլ կանցնեն ընտրախախտումներով:

– Թվում է, թե բոլոր կուսակցությունները` մեկը մյուսից առաջ ընկնելով, արդարություն են քարոզում: Բայց ամբիցիաները երբեմն այնքան մեծ են, որ արդեն այն ոգեշնչումը, որ տիրում է նախընտրական քարոզչության ժամանակ, ավելի շատ խաթարում է գործընթացները: Առավել եւս, որ 2007թ. ընտրությունները կանխատեսում եմ շատ ակտիվ եւ շատ լարված: Պիտի նորից փորձենք ինքներս մեզ, ժողովրդին համոզել, որ ընտրության հետեւանքները երբեմն կարող են շատ ծանր նստել մեր պետության ու պետականության ամրացման գործընթացներում:

– Ընդդիմությունը խոստանում է, որ բանը 2007-ի հերթական ընտրություններին չի հասնի: Եվ իրենք 2006-ին իշխանափոխություն կանեն:

– Հիմա վիճակն այնպիսին է, որ կարող են, ասենք, մի հեռուսահաղորդման ընթացքում ասել, որ արդեն հեղափոխություն է եղել: