2005 թ. նշանակալից իրադարձությունները

26/12/2005

1. Եվրոպական սահմանադրության տապալումը։ Համաժողովրդական հանրաքվեի ժամանակ «դեմ» քվեարկելով նախագծին՝ ֆրանսիացիները լուրջ քննարկումների ծավալման առիթ տվեցին։

2. Լոնդոնում կատարված ահաբեկչությունը, որը թունավորեց լոնդոնցիների ուրախությունը՝ կապված 2012թ. Օլիմպիական խաղերն իրենց քաղաքում անցկացնելու որոշման հետ։ 4 պայթուցիկ սարքեր, որոնք գրեթե միաժամանակ գործի դրվեցին մետրոյում եւ ավտոբուսում, խլեցին 50 մարդու կյանք եւ վնասվածքներ պատճառեցին մոտ 700 հոգու։

3. Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի վախճանով վերջ դրվեց ժամանակակից պատմության մեջ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու մի ողջ ժամանակաշրջանի։

4. Եվրոպայում եւ Ավստրալիայում ռասայական հողի վրա տեղի ունեցած բռնությունները ցույց տվեցին, որ ազգամիջյան բախումներից զերծ չեն նաեւ հարուստ երկրները։

5. Գազայի հատվածից եւ Հորդանանի Արեւմտյան ափից իսրայելական զորքերի եւ բնակավայրերի դուրսբերումը պառակտում մտցրեց երկրի հասարակության մեջ եւ հանգեցրեց իշխող կուսակցության վարչապետ Արիել Շարոնի հեռացմանը, որն, ի դեպ, ժամանակին այդ բնակավայրերի հիմնման գլխավոր նախաձեռնողն էր։

6. ԱՄՆ-ում տեղի ունեցած «Կատրինա» փոթորիկը ցույց տվեց, որ աշխարհի ամենահզոր երկիրն ի վիճակի չէ ապահովել իր քաղաքացիների էվակուացիան եւ կանխարգելել դիակապտությունը։ ԱՄՆ-ը ստիպված էր դիմել միջազգային հանրության օգնությանը։ Ջազի հայրենիք Նյու-Օռլեան քաղաքն անցավ ջրի տակ։

7. Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից եւ սիրիական զորքերը Լիբանանից դուրս բերելուց հետո քաղաքական գործիչները 1975թ.-ից ի վեր առաջին անգամ խոսեցին քաղաքացիական պատերազմի կրկնման վտանգի մասին։

8. Հարավային Ամերիկան 2005 թվականի ընթացքում զգալի չափով «ձախ» թեքում ստացավ։ Հակաամերիկյան տրամադրությունների հողի վրա ստեղծվեց նոր դաշինք, որի մեջ մտան Վենեսուելան, Բրազիլիան, Ուրուգվայը, Արգենտինան եւ Բոլիվիան։ Բոլիվիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ ձախ-ծայրահեղական գործիչ Էվո Մորալեսը։ Այս տարածաշրջանում ամերիկյան ազատ առեւտրի գոտի ստեղծելու ԱՄՆ պլանները ձախողվեցին։

9. Սկսվեց Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դատավարությունը։ Բոլորին սկսեց հուզել այն հարցը, թե արդյո՞ք դատավճիռը կկայունացնի վիճակը, թե՞ նոր բռնությունների նոր ալիքի ծավալման պատճառ կհանդիսանա։

10. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հակասեմիթական արտահայտությունները մեծ դժգոհություն առաջացրին աշխարհում եւ զգալիորեն բարդացրին Թեհրանի ջանքերը՝ իրանական «միջուկային դոսյեն» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հանձնելը խանգարելու ուղղությամբ։

Բ.Թ.