«Արշլիդ» ՍՊԸ-ն բնակիչների ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնող 8 կազմակերպություններից մեկն է: Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2005թ. հոկտեմբերի 4-ի թիվ 138-Ա որոշմամբ այդ ծառայությունն իրականացնելու մենաշնորհը հանձնեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը:
Իսկ մյուս ընկերությունները հիշյալ ծառայություններն իրականացնելու համար պետք է «ՀայՌուսգազարդում» վճարովի դասընթացներ անցնեն եւ հանձնաժողովի սահմանած չափորոշիչներն ապահովելու դեպքում իրենց աշխատանքները շարունակելու լիցենցիա կստանան նույն «ՀայՌուսգազարդից»: Յուրաքանչյուր անձի համար այդ վճարը կազմում է 15.000 դրամ: «ՀաՌուսգազարդը նախ թող ինքը ֆիլտրացիա ըլնի, հետո նոր մեզ ֆիլտրացնի, -երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց «Արշիլդի» տնօրեն Դանիել Զաքարյանը: -Ես արհամարհում եմ «ՀայՌուսգազարդին» եւ հանձնաժողովի հոկտեմբերի 4-ի որոշումը»:
Իսկ թե շուկայական տնտեսվարման պայմաններում ինչքանո՞վ է տրամաբանական կամ օրինական, որ մի մասնավոր ընկերություն գործունեության իրավունք տա մյուս մասնավոր ընկերություններին, հանձնաժողովի ներկայացուցիչները չկարողացան պատասխանել: Մանավանդ, որ լիցենզիա տվող ընկերության խոշոր բաժնետերն օտար ընկերությունն է: «Մենք դա արել ենք` ելնելով բնակչի անվտանգությունից, սա այս պահի լավագույն որոշումն է,- պատասխանեց հանձնաժողովի անդամ Մկրտիչ Ջալալյանը: -Միգուցե հետո, շուկայական հարաբերությունների զարգացմամբ պայմանավորված՝ այս ծառայությունը նորից լիբերալիզացվի»:
«Արշլիդ» ՍՊԸ-ն սպասարկում է ավելի քան 14.000 գազ սպառողի, եւ տնօրենի հավաստմամբ` իր տեսուչները հանձնաժողովի սահմանած չափորոշիչներին համապատասխանում են: Սակայն նա դիմել է «ՀայՌուսգազարդին» եւ կատարել է համապատասխան վճարումները, որպեսզի իր աշխատակիցները նորից դասընթացների մասնակցեն: Իսկ «ՀայՌուսգազարդն» իր բոլոր նամակներն անպատասխան է թողել: «Ես նրան այլեւս չեմ դիմի, որովհետեւ նրա դռները փակ են իմ առաջ»,- հայտարարեց Դ. Զաքարյանը:
Ի դեպ, երեկ բանավիճելու էր հրավիրված նաեւ «ՀայՌուսգազարդը», սակայն ոչ ոք չէր ներկայացել եւ ընկերությանն ուղղված լրագրողների եւ «Արշլիդ» ՍՊԸ-ի հարցերը մնացին անպատասխան: Անպատասխան մնաց նաեւ այն հարցը, թե՞ այսուհետ ի՞նչ անի «Արշլիդ» ՍՊԸ-ն, կատարի՞ իր պայմանագրային պարտականությունները, թե դադարի բնակիչներին սպասարկել, ինչը որ արել են մյուս 7 ընկերությունները: Պարոն Ջալալյանն այդ հարցին էլ բնականաբար չկարողացավ սպառիչ պատասխան տալ: «Ինչքան որ ներում են իմ իրավաբանական գիտելիքները՝ պիտի շարունակի սպասարկել»,- ասաց նա:
«ՀայՌուսգազարդի» տեսուչները իմ բաժանորդներին ասում են, թե «Արշլիդը» լուծարվել է, էլ չկա, մեզ հետ պայմանագիր կնքեք,- երեկ ասում էր Դ. Զաքարյանը: -«Արշլիդի» տնօրենը ես եմ ու ես չեմ ուզում իմ ընկերությունը լուծարել: Ո՞վ է իմ փոխարեն որոշում: Ես չեմ հասկանում, թե սա ի՞նչ պետություն է»:
Հանձնաժողովի որոշման համաձայն` «ՀայՌուսգազարդը» դարձել է նաեւ բաժանորդների ներտնային սպասարկման անվտանգության պատասխանատուն: Եվ Դավիթ Զաքարյանի կարծիքով` նա կարող է անտեղի բծախնդրություն ցուցաբերել ու իրենց չլիցենզավորել: «Մի հարց էլ կա՝ եթե ես լավ չեմ աշխատելու, իմ փոխարեն ինչո՞ւ պիտի մեկ ուրիշը պատասխանատու լինի»:
Նա ուռճացած էր համարում նաեւ այդ սպասարկման համար հանձնաժողովի սահմանած սակագները: Հիշեցնենք, որ 1 գազօջախ ունենալու դեպքում բաժանորդը պետք է վճարի 2400 դրամ, երկուսի եւ երեքի դեպքում` համապատասխանաբար` 5700 եւ 6900 դրամ: Այս գնի մեջ մտնում է ներտնային եւ ծխատար-օդատար ուղիների մաքրումը: Պարոն Զաքարյանի կարծիքով` այդ ծառայությունների համար 3000 դրամը բավարար է, եւ օդատար ուղիները կարող է տարիներով մաքրման կարիք չունենան:
«Պետք չէ ամեն անգամ ստուգել եւ ասել` ծիտիկ կամ կատու է ընկել,- ասաց «Արշլիդի» տնօրենը եւ ավելացրեց: -Ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ աշխատանքից: Աշխատել եմ եւ աշխատելու եմ: Թող ինձ դատեն օրենքի սահմաններում»: