Կիսաքանդ հանրակացարանի սենյակը, որտեղ ժամանակավոր ապաստան է գտել 16-ամյա Վաղոն, հոսանքազրկված է: Պատուհանն ապակի չունի, փոխարենը Վաղոն քրջեր է խցկել: Սենյակում անտանելի ցուրտ է, սակայն Վաղոն, ում հագին բարակ մարզահագուստ է եւ պատռված կոշիկներ, ասում է, որ չի մրսում:
Այսպես եւ այստեղ է անցկացնելու ձմեռը: «Ես ցրտին սովոր եմ: Փոքրուց հագս կոշիկ չի եղել: Ձմեռը ձյան մեջ բոբիկ էլ եմ եղել: Ճիշտ է՝ հիվանդացել եմ, բայց շուտ էլ լավացել եմ»,- հուսադրում է նա: Մայրն ու որդին՝ Աննան ու Վաղոն, նախկինում «գործընկերներ» են եղել: Երկուսն էլ մուրացկան էին: Գյումրիի Պլպլան ժամի մոտ փող էին մուրում: Ութ տարի առաջ նրանց բաժանեցին: Ութամյա Վաղոյին Ոստիկանության աշխատակիցները եկեղեցու դռնից բռնել ու առանց մորն ասելու բերել էին Երեւան` Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոց: «Օրգանի աշխատողները որ երեխայիս տարան՝ մեկեն ատամներս թափվեցին,- պատմում է Աննան, ով ապրում է նույն հանրակացարանում՝ ընկերուհու սենյակում: -Տեղը չէին ասում: Արաղի շիշը ծոցս՝ ման էի գալիս: Խմում էի ու լաց ըլնում: 2 ամիս հետո հարցուփորձով տեղը գտա»: Ութ տարվա ընթացքում մայր ու որդի մի քանի անգամ են իրար տեսել: Առաջին անգամ Վաղոն լաց է եղել, խնդրել մորը, թե` հետդ տար: Հետո ինքն է փախել եկել Գյումրի. մորը կարոտել էր: Մի քանի օր մնալուց հետո ասել է՝ ինձ հետ տար դպրոց: «Չէի կարողանում գնալ մոտը, ձեռքս փող չէր ընկնում: Ինքն էլ արդեն խելքը հասնում էր, 2 անգամ փախել՝ եկել, ինձ գտել էր»,- պատմում է մայրը: Վերջին 4 տարիներին Վաղոն այլեւս չի փախել դպրոցից: Արդեն հասուն էր եւ մոր կարոտն իր մեջ պահել գիտեր: «Մորս պայմաններն էի հիշում… Գիտեի, որ չի կարող գալ ինձ տեսնելու: Հարմարվեցի»,- բացատրում է նա: Վաղոն ծնվել է Գյումրիի համար ամենածանր օրերին` երկրաշարժից 4 ամիս հետո` 1989 թ. ապրիլի 14-ին: Նա տանը չի մեծացել: Մոր հետ ապրել են թափառական կյանքով` փողոցներում ու կայարաններում: «Էրեխեն որ ծնվեց, հողե մի տուն տվեցին: Էն էլ տեղը փոս էր, ջուր լցվեց` փլվեց: Ամուսինս ինձ թափառական թողեց` գնաց: Ինքը խմող, խուլիգան մարդ էր»,- պատմում է Աննան: Դպրոցը Վաղոյի տունն էր դարձել: «Դպրոցում ընտիր էր»,- հիացմունքով ասում է նա: Նույնիսկ տնօրենից ստացած ուժեղ ապտակից չի վիրավորվել: Խստությունն ու կարգապահությունը գնահատում է: Գրել-կարդալ սովորել է դպրոցում: Ութամյան ավարտել է բարձր գնահատականներով: Բազմաթիվ գովասանագրեր ու պատվոգրեր է ստացել «բարձր առաջադիմության ու օրինակելի վարքի համար»: Դպրոցում նաեւ կրոնի դասեր են անցել, անգիր գիտի Տերունական աղոթքը: «Ամեն օր քնելուց առաջ աղոթում եմ, որ Աստված մեզ հաց պարգեւի»,- աղոթքը յուրովի մեկնաբանում է Վաղոն: Դպրոցի տված բնութագրերում նշվում են Վաղինակ Աթոյանի դրական ու բացասական կողմերը. ֆիզիկապես զարգացած է եւ առողջ, հետեւում է անձնական հիգիենային, մաքրասեր է, աշխատասեր եւ սիրով է կատարում առաջադրանքները: Ենթարկվում է դպրոցի կարգուկանոնին: Չի ծխում, կռվարար չէ, երգում է, պարում ու արտասանում: Որպես բացասական հատկություններ նշվում են համառությունն ու կամակորությունը, սակայն ձգտում է շտկել թերությունները, ընդունում է դիտողությունները: Վաղոն, սակայն, իր համառությունը դրսեւորել է ուսման հարցում: Դպրոցն ավարտելուց հետո այս ամառ վերադարձել է Գյումրի` մոր մոտ: Երկու ամիս աշխատել է շշերի պահեստում, իսկ սեպտեմբերին ընդունվել է տեղի թիվ 1 ուսումնարանի համակարգչային բաժինը, որտեղ սովորելու է 3 տարի: Վաղոյի փաստաթղթերն ուսումնարան է ներկայացրել միջազգային «Ուորլդ վիժըն» կազմակերպության Գյումրիի բաժինը, որը 2004-ից երեխաների պաշտպանության ծրագիր է իրականացնում Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցում:
Ծրագրի Գյումրիի պատասխանատու Կարինե Կուրղինյանն ասում է, որ Վաղոն «սովորելու մեծ պոտենցիալ ունի, եւ մենք հետեւելու ենք, որ նա ուսում ստանա»: «Ուորլդ վիժընը» պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրիի քաղաքապետարանի հետ (առայժմ` բանավոր)` ժամանակավոր կացարան տրամադրելու նրանց (հանրակացարանում նրանք անլեգալ են ապրում) լքված որեւէ բնակարանում, սակայն այս ձմեռ Վաղոն ու մայրը կանցկացնեն հանրակացարանում մինչեւ հարցի լուծումը: Վաղոն հաճույքով է գնում ուսումնարան: Դասերը սովորում է մութ ու ցուրտ սենյակում: Ուսումնարանի տնօրեն Գրիգոր Մկրտչյանն ու դասղեկ Լաուրա Մանուկյանը գովեստով են խոսում Վաղոյի մասին: Լավ է սովորում, պարտաճանաչ է, դասերից չի բացակայում եւ օժտված է առանձնահատուկ ջերմությամբ: Վաղոյի մայրը՝ Աննան, հպարտանում է որդու ընդունակություններով, սակայն գերադասում է, որ Վաղոն աշխատի: «Ուզում եմ աշխատի, որ գլուխներս պահենք: Հոգնել եմ էս թափառական կյանքից: Էլ չեմ կարողանում, չեմ ուզում տնից դուրս գալ: Մտածում եմ` ինչո՞ւ էս էրեխուն բերեցի: Մենակ լինեի, գլուխս կպահեի: Սիրտս մղկտում է, որ էրեխուս տեսնում եմ սոված, ծարավ… ձմեռվա կեսին տկլոր»,- խեղճանում է 45-ամյա Աննան, ով առողջության խնդիրներ ունի: Նրանց միակ եկամուտն ուսումնարանից ստացած 4500 դրամ կրթաթոշակն է: Վաղոն չի ուզում ուսումը կիսատ թողնել: Մտածում է` աշխատանք գտնել, ուսման հետ համատեղել: «Որ սկսեմ աշխատել, փող կհավաքենք, վառելիք, մորս համար շորեր կառնենք, ինքը էլ դուրս չի գա փողոց… կկտրվի (մուրացկանությունից.Ժ.Ա.): Հիմա, որ փող չունենք, ստիպված գնում է»,- ասում է Վաղոն: Նա տհաճությամբ է հիշում մանկությունը: Չի սիրում խոսել այդ մասին, ուրախ է, որ արդեն անցյալում է: «Երբ եկեղեցի եմ գնում, տեսնում եմ ընկերներիս, ում հետ մուրացկանություն ենք արել: Ինձ տեսնելիս զարմանում են, ասում են՝ էս ի՜նչ տղա ես դարձել… Մինչեւ հիմա էլ մուրացկանություն են անում»,- պատմում է նա: Աննան էլ է զղջում իր անցյալի համար: Նրա միակ մտահոգությունը Վաղոն է: «Ես շատ սխալներ եմ արել… Հիմա Աստծուց խնդրում եմ` 4 պատ ունենամ, Վաղիկիս տեղավորեմ՝ նոր մեռնեմ: Մահն ի՞նչ է, էնպես անսպասելի է գալիս»,- ասում է Աննան: Վաղոյին հանրակացարանում սիրում են: Բոլորին օգնում է: Հարեւանուհին՝ Շողիկն, ասում է, որ օրվա եփած ճաշից «Վաղիկիս փայ եմ պահում»: «Կարող է մի հաջողության հասնեմ՝ ես էլ իրենց օգնեմ»,- խոստանում է Վաղոն: