Ինչպես են հայերը դիմավորում Նոր տարին

23/12/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ամանորն այն սակավաթիվ տոներից է, որ հայ ժողովուրդը շարունակում է տոնել ոչ թե «տելեվիզորով» ցույց տալու համար, այլ իրականում: Սակայն, ինչպես եւ ամեն ինչ, Նոր տարվա տոնակատարության մենթալիտետը եւս շատ հայկական է: Որովհետեւ, ի տարբերություն այն եվրոպացիների, որոնց հետ մեր որոշ քաղաքական գործիչներ այդքան շատ ուզում են ինտեգրվել, մենք Նոր տարին դիմավորում ենք այնպես, որ ոչ թե ինքներս հաճույք ստանանք, այլ, որ դիմացինին «ջիջիլ» գցենք:

Օրինակ, տարբեր հեռուստատեսություններ ինչ «օյինբազություն» ասես, որ չեն անում: Բայց ոչ թե, որ հեռուստադիտողին դուր գա, այլ, որ մնացած հեռուստաընկերությունները «մանթո» մնան: Քաղաքի տարբեր խանութներ, դեռ ձմեռը չեկած, իրենց աշխատակցուհիներին (որոնց, ի դեպ, գտել են հայտնի հայտարարությունների միջոցով) հագցնում են ձյունանուշի շորեր, որ «Ձմեռ պապի կլիենտները» չփախչեն մրցակիցների մոտ: Ամերիկաներում ու «Մոսկվա տեղերում» երեխաներ ունեցողներն արագ մեկնում են «տաք երկրներ», բայց ոչ թե տաքանալու կամ իրենց հարազատների հետ Նոր տարին անցկացնելու նպատակով, այլ, որ հետ գան ու իրենց հարեւաններին ու ընկերներին պատմեն, թե ինչ թասիբով երեխաներ ունեն իրենք, որոնք հո չէի՞ն թողնի, որ իրենք Նոր տարին մենակ նշեն:

«Հաբռգած մասսան» մի քանի կատեգորիայի է բաժանվում:

1. Նրանք, ովքեր Նոր տարին դիմավորում են իրենց միջերկրածովյան ամառանոցներում։

2. Նրանք, ովքեր մեկնում են Փարիզ, Լոնդոն եւն։

3. Նրանք, ովքեր ռեստորան են վարձում, որ բացի իրենցից այդ գիշեր այնտեղ ուրիշ ոչ ոք չլինի։

Ուշադրություն: Առավել «հաբռգածները», որոնք վերոնշյալ կայֆերն արդեն վաղուց են տեսել, Նոր տարին անց են կացնում իրենց երեւանյան տներում, ընտանիքի եւ մտերիմ հարազատների շրջապատում: Իհարկե, չմոռանալով տուն հրավիրել Ձմեռ պապիկին եւ Ձյունանուշին` երեխաների համար, եւ ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթողներին` մեծահասակների համար:

Ուսանողները ծնողների մոտ «ձեւեր են թափում», թե իբր պատրաստվում են ձմեռային քննաշրջանին, որ տանը գործ չանեն: Բայց դե հիմա բոլորն էլ գիտեն, թե ինչպես են նրանք պարապում եւ ինչպես հունվարին քննությունները կստանան: Պատգամավորների ուրախությանը չափ ու սահման չկա: Հերիք չէ ԱԺ գնալու կարիք չկա` օրինական արձակուրդ է, հետն էլ` Ամանոր է, եւ նրանցից շատերի բիզնեսի ամենաճոխ ժամանակաշրջանը: Ընդդիմադիրներն էլ են ուրախ: Այս օրերին ոչ մեկը «ական» չի փնտրելու: Բոլորը պիրոտեխնիկա են ման գալիս, որ Ամանորի գիշերը «գմփցնեն»: Պետավտոտեսուչները կրկնակի «դոզայով» են աշխատում, որ «բդի փողը» մաքսիմալ շուտ հանեն: Չէ՞ որ հետո, մի 3-4 օր շեֆերն արգելելու են «ժողովրդին կլպել»:

Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ամանորի հետ միասին մենք սովորաբար նաեւ Սուրբ Ծնունդ ենք նշում, ապա ես կարծում եմ, որ 1700-ամյա քրիստոնյա ազգն այդպես էլ մինչ օրս չհասկացավ, որ Ամանորը Սուրբ Ծնունդի ածանցյալն է, եւ ողջ քրիստոնյա աշխարհը ավելի ճոխ նշում է հենց Սուրբ Ծնունդը, ոչ թե Նոր տարին: Իսկ հայերի մենթալիտետն ուրիշ է: Մենք Աստծուն հիշում ենք միայն այն ժամանակ, երբ նեղն ենք լինում: Իսկ Նոր տարուն քչերն են նեղը լինում: Հայերը հունվարի 15-ից հետո են նեղն ընկնում, երբ «գյորմամիշի» նման ողջ փողը ծախսում են ուտելիքի վրա: Իսկ հետո Աստված կանչում, որ մի կտոր հաց իրենց ողորմա:

Բայց ես լավատես քրիստոնյա եմ, եւ համոզված եմ, որ 2006-ին հայերը ոչինչ չեն մոռանա եւ կդիմավորեն Ամանորն այնպես, որ հետո ողջ տարին անցնի բարձր տրամադրությամբ: Իսկ Ձյունանուշիկը հյուր գա ոչ թե «պապաների», այլ երեխաների համար, որովհետեւ «պապաները» տարվա ընթացքում էլ իրենց «գլխի ճարը» մի կերպ կտեսնեն:

Այնպես որ, Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: