Հայտարարողը տգե՞տ է

23/12/2005

Շաբաթ օրը հրապարակել էինք «Ռեգնում» գործակալության տարածած տեղեկատվությունն այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանից օդ բարձրացած «Սեսսնա-525» օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում: Օդանավը պատկանում էր գերմանական «Silver Birde» մասնավոր ավիաընկերությանը: «ԱԶԱԼ» պետական կոնցեռնի փոխնախագահ Արիֆ Մամեդովը հայտարարել էր, որ Ֆրանկֆուրտ-Ստամբուլ-Երեւան-Աշգաբադ-Քաբուլ չվերթով թռչող ինքնաթիռը Երեւանում լիցքավորվել է, սակայն լիցքավորման նորմերը չեն պահպանվել։ Միջադեպի հետ կապված նա մեկնաբանել է, թե օդանավի բաքերը միատեսակ ծավալով չեն լիցքավորվել, եւ դա էլ դարձել է հարկադիր վայրէջքի պատճառը։ Ա. Մամեդովի խոսքերով՝ Բաքվում վերալիցքավորում է կատարվել, եւ «Սեսսնա-525»-ը շարունակել է չվերթը։ Այս կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք «Զվարթնոց» օդանավակայանի Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գեւորգ Աբրահամյանից: «Լիցքավորման ծառայությունն արվել է այնքանով, որքանով պահանջվել է: Դա թերեւս բորտ-մեխանիկի թերությունն է, որովհետեւ, եթե նա նկատել է, որ բաքերից մեկը քիչ է լիցքավորված, իսկ մյուսը` շատ, պետք է պահանջեր լիցքավորել: Լիցքավորման ծառայողն իրավունք չունի բաքերն ինքնագլուխ կերպով լիցքավորել: Նա լիցքավորում է այնքան, որքան պահանջում են իրենից: Այդ հայտարարությունն անողը կամ տգետ է, կամ էլ ցանկանում է Հայաստանի հասցեին վատ բան ասել»,- ասաց Գ. Աբրահամյանը: