Թեեւ հունիսի 28-ից ուժի մեջ է մտել «Արժութային կարգավորման եւ վերահսկողության» մասին ՀՀ նոր օրենքը, որի համաձայն` կանխիկ արտարժույթի շրջանառությունը խիստ սահմանափակվում է երկրի տարածքում, այնուամենայնիվ ԱՄՆ դոլարը հիմնականում շարունակում է որպես վճարման միջոց հանդես գալ: Բնականաբար, այս պարագայում դրամավարկային քաղաքականություն իրականացնելիս ԿԲ-ի առջեւ ծառանում է լուրջ հիմնախնդիր. ինչպե՞ս գնահատել կանխիկ արտարժույթի քանակությունը մեր տնտեսությունում: Այս նպատակով ԿԲ Վիճակագրության վարչությունը 2003 թվականից սկսած` յուրաքանչյուր տարի հարցումներ է անցկացնում: Ընդ որում, հարցերը տրվում են ոչ թե կանխիկ արտարժույթի բացարձակ մեծությունը պարզելու, այլ հարցման մասնակիցների մոտ կանխիկ դրամ/կանխիկ արտարժույթ համամասնությունը որոշելու նպատակով:
Երեկ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց հարցումների արդյունքում ստեղծված պատկերը, որի համաձայն, մեր տնտեսությունում «դոլար» հասկացությունը, ցավոք, շարունակում է վճռորոշ դեր խաղալ: Հարցմանը մասնակցել են 2010 տնային տնտեսություններ, որոնց 59,3%-ը` Երեւանում, 22,2%-ը` հանրապետության այլ քաղաքներում, իսկ 18,5%-ը` գյուղերում: Հարցման արդյունքում պարզվել է, որ բնակչության կանխիկ փողի ծավալում արտարժույթի բաժինն այս տարի կազմել է 81,4%` նախորդ տարվա 84%-ի եւ 2003թ.-ի 79%-ի փոխարեն: Ընդ որում, շատ աղքատների մոտ այս ցուցանիշը 11% է, իսկ ապահովվածների խմբում` մոտ 98%: Կարելի է ասել, որ դոլարը շարունակում է մնալ հեղինակության չափանիշ, սակայն, միաժամանակ, ապահովված ընտանիքները տուժում են դրա արժեզրկումից: Բացարձակ թվերով պատկերը հետեւյալն է: Այս տարի շրջանառությունում գտնվող կանխիկ արտարժույթը կազմել է մոտ 1 միլիարդ 50 միլիոն դոլարին համարժեք մեծություն, որից շուրջ 1 միլիարդը դոլարի ծավալներն են: Համեմատության համար հիշեցնենք, որ 2006թ. պետբյուջեի ծախսերը նույնպես 1 մլրդ դոլար են կազմելու:
Նախորդ տարվա նկատմամբ չնչին դրական տեղաշարժեր այնուամենայնիվ գրանցվել են: Եթե 2004թ. բնակչության 17%-ն էր նախընտրում հայկական դրամն, ապա այս տարի այդ թիվը կազմում է 32,9%: Բնակչության եկամուտների մեջ մի փոքր նվազել է արտերկրից ստացվող տրանսֆերտների բաժինը` կազմելով 23,8%: Սակայն այդ միջոցների ստացման ուղիների առնչությամբ հետաքրքիր վերադասավորություն է տեղի ունեցել: Թեեւ գումարների կեսից ավելին Հայաստան է մտնում բանկերի միջոցով, այնուամենայնիվ, այս եղանակի տեսակարար կշիռը նվազել է: Փոխարենը քաղաքացիները սկսել են նախապատվությունը տալ կազմակերպությունների միջոցով արտարժույթ բերելուն: Սրա պատճառը հիմնականում բանկային համակարգի նկատմամբ անվստահությունը եւ գանձվող միջնորդավճարներն են: Հետաքրքիր է նաեւ, որ բանկերի միջոցով եւ կանխիկ ձեւով ստացվող միջոցների կեսից ավելին գալիս է Ռուսաստանից, իսկ կազմակերպությունների միջոցով փոխանցվող արտարժույթի գերակշիռ մասը ստացվում է ԱՄՆ-ից: Ի դեպ, տրանսֆերտների 45%-ը Հայաստան է մտնում Ռուսաստանից, իսկ 30%-ը` ԱՄՆ-ից:
Հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԿԲ-ն դիտարկումներ է կատարել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում եւ Մեղրիի, Բագրատաշենի ու Բավրայի մաքսակետերում: Արտարժույթի ամենամեծ ծավալները գրանցվել են օդանավակայանում, ընդ որում, ներհոսքը գերազանցել է արտահոսքին: Այսպիսով, արդեն 12 տարի է, ինչ ունենք մեր սեփական արժույթը, բայց չենք գիտակցում, որ այն մերն է: Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ Հայաստանն աշխարհում ամենաբաց տնտեսություն ունեցող երկրներից մեկն է: Հայկական դրամը փոխարկելի է միայն Հայաստանում, մեր բնակչության մի ստվար զանգված ապրում եւ աշխատում է արտասահմանում: Ուստի մեր երկրի քաղաքացիները եւ հիմնականում` գործարարները ստիպված են ուրիշի «դուդուկի տակ պարել»: Այս պարագայում «դուդուկը» դոլարն է: Եվ մինչեւ գլոբալ մակարդակով վերոնշյալ հիմնախնդիրները լուծում չստանան, տնտեսության դոլարայնացման մակարդակի զգալի նվազման մասին խոսելն անիմաստ է: Ինչպես տեսնում ենք, նույնիսկ օրենքը, որ գործում է արդեն կես տարի, ոչինչ անել չի կարող:
Հ.Գ. Ի դեպ, հարցումների միջոցով փորձ է արվել պատկերացում կազմել նաեւ Հայաստանում գործազրկության մակարդակի վերաբերյալ: Հարցման մասնակիցների 28%-ը գործազուրկներ են: