Կոմունիստական վարչակարգը փորձում էր ժողովրդին համոզել, որ կյանքը Խորհրդային Միությունում տոն է։ Խորհրդային օրացույցը մի գլուխ տոներից էր բաղկացած։ Բոլոր մասնագիտություններն իրենց տոներն ունեին։ Այդ` ոչ այն է մասնագիտական, ոչ այն է տոնական, ոչ այն է աշխատանքային օրացույցը, չգիտես ինչու, «բարեխղճորեն» պահում ենք։ Երկու օր առաջ հայ հասարակության Խթը-ական ծագում ունեցող հատվածը նշեց իր մասնագիտական տոնը։ Այսօր արդեն ուրիշ մասնագիտության տեր մարդիկ են նշում իրենց տոնը։ Էներգետիկների որոշ հատվածին վիրավորելու ցանկություն չունենալով` նշենք, որ տոների այս հարեւանությունն ամենեւին էլ պատահական չէ։ Նման կարծիք կարող է ծնվել, եթե հաշվի առնենք ազգային անվտանգությունը ներկայացնող մասնագետների ռուսական «ծագումը» եւ մեր երկրի էներգետիկ համակարգի ռուսական հպատակությունը։ Ռուսաստանը` որպես մայր երկիր, փչացրեց իր սեփական էներգահամակարգում աշխատող հայ էներգետիկների տոնական տրամադրությունը։ Էներգետիկների տոնի նախաշեմին արդեն հայտնի դարձավ, որ գազի գներն աճելու են ավելի քան երկու անգամ։ Նախ` ռուսաստանյան «Գազպրոմը» 1000 խմ-ի համար 56 դոլարի փոխարեն պահանջեց 110 դոլար։ Հետո արդեն Վրաստանը որոշեց, որ 5 անգամ բարձրացնելու է տարանցիկ գինը։ Իր տարածքով Հայաստան առաքվող գազի 1000 խմ ծավալի համար նախկին 6 դոլարի փոխարեն Վրաստանն այսօր ակնկալում է ստանալ 30 դոլար։ Հետաքրքիր է, որ տարանցիկ գնի որոշման շուրջ բանակցություններում մենք ներկա չենք։ Մեր ու իր փոխարեն Վրաստանի կառավարության հետ բանակցություններ վարում է Ռուսաստանը։ Հայրենական իշխանամետ լրատվությունն այս մասին տեղեկատվություն հաղորդելիս մշտապես հենվում է ռուսական աղբյուրների վրա։ Հայաստանը վառելիքաէներգետիկ համակարգում ինքնուրույն քաղաքականություն չի վարում։ Եվ սա պատահականություն չէ, այլ վերջին տարիների «բարեփոխումների» տրամաբանական հետեւանք ու շարունակություն։ Երբ արտերկրի մամուլում հրապարակվեց 2006թ. սկզբից գազի թանկացման լուրը, Հայաստանը համարյա չարձագանքեց։ Չինովնիկների մեր ազնիվ դասը զբաղված էր հանրաքվեով։ Հետհանրաքվեային խումհարից ուշքի գալով, նրանք մեկը մեկին գերազանցելով` մշուշոտ ու հնարավորինս լղոզված մտքեր են արտահայտում։ Բոլորը փորձում են համոզել, որ գազի գնի աճը տնտեսական բացասական հետեւանքներ չի ունենա։ Հասարակությունը շունչը պահած սպասում էր էներգետիկայի նախարարի մեկնաբանություններին։ Նա վերջապես խոսեց։ «Ինչո՞ւ էինք հատկապես խոսքին սպասում» հարցը միանշանակ պատասխան ունի։ Հայաստան մատակարարվող գազի ամենախոշոր գնորդը էներգահամակարգն է։ 2004թ. Հայաստան ներկրվել է 1.332 մլրդ խմ գազ։ Էներգետիկայի ոլորտը սպառել է դրա ուղիղ 40 տոկոսը` 537 մլն խմ։ 2005թ. 11 ամիսների ընթացքում ներկրված 1.328 մլրդ խմ գազի 37 տոկոսը (550 մլն խմ) սպառել են էներգետիկները։ Վերջին տարիներին էներգետիկան 2 անգամ ավելի է գազ օգտագործում, քան արդյունաբերության համակարգը։ Հարեւանցիորեն նշենք, որ բնակչությունը սպառում է գազի ծավալի մոտ 20 տոկոսը։ Այս վիճակագրությանը տեղյակ ցանկացած մեկը պիտի ենթադրի, որ գազի գնի աճն ամենամեծ չափով պիտի անդրադառնա էներգետիկայի ոլորտի վրա։ Ցանկացած մեկը կարող է, բայց ոչ ՀՀ էներգետիկայի նախարարը։ Նա խոսեց ու հայտարարեց, որ ազդեցությունը մեծ չի լինելու։ «Էներգետիկայի ոլորտում գազով աշխատող ՋԷԿ-երի մասնաբաժինը փոքրացել է»,- այսպես ասաց նախարարը։ Իսկապես, 90-ականների երկրորդ կեսին էլեկտրաէներգիայի մեկ երրորդի չափով հավասարապես արտադրում էին ջերմային եւ հիդրոկայանները եւ ատոմակայանը։ Հիմա պատկերը մի փոքր փոխվել է։ Ջերմային կայաններն այլեւս էլեկտրաէներգիայի մեկ երրորդից քիչ են արտադրում։ Պաշտոնական տվյալներով` ՋԷԿ-երի բաժինը 25-30 տոկոսի սահմաններում է։ Թվաբանական մեկ անհայտի հավասարում լուծող ցանկացած մեկը կարող է հաշվել, թե որքան կթանկանա ընդհանուր արժեքը, եթե մեկ քառորդը թանկանում է առնվազն 2 անգամ։ Բայց սա որեւէ կերպ չպիտի ստվերի էներգետիկների մասնագիտական տոնը։ Եվ մեր չինովնիկները հանգստացնում են բնակչությանն ու գործարարներին (հատկապես` արտադրողներին)։ Նրանց մշուշոտ խոսքն ընկալվում է որպես «մի բան կմտածենք»։ Հատկապես, որ ներքին շուկայում գների աճի մասին առայժմ պաշտոնապես չի հայտարարվել։ Դարձյալ ռուսական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ռուսաստանը 2006-ին մատակարարվող գազի գների տարբերությունն ինքը կվճարի իր «Գազպրոմին», եւ այդ գումարը Հայաստանի վրա կձեւակերպվի որպես վարկ։ Ոչ վաղ անցյալից գիտենք, թե Ռուսաստանն ինչպես է սենթ առ սենթ ետ պահանջում իր «տրամադրած» վարկերը։ Ժամկետի ցանկացած խախտման դեպքում տույժ ու տուգանք հաշվարկելով։ Նույն ՌԴ մամուլի տվյալներով` ռուս վառելիքաէներգետիկ համակարգը ցանկանում է դառնալ մեր էներգետիկ գործող բոլոր հզորությունների սեփականատեր։ «Այս անգամ նրանց աչքը Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վրա է»,- պնդում է ռուսական մամուլը։ Իսկ Որոտանի կասկադն էներգաարտադրող միակ հանգույցն է, որի սեփականատերն ու կառավարիչն առայժմ Հայաստանն է։
Մեկ-երկու օրվա տարբերությամբ ազգի անվտանգության ու էներգետիկ ոլորտները նշեցին իրենց մասնագիտական տոները։ Անվտանգությամբ զբաղվողները, հին ավանդույթի համաձայն, խորհրդակցություն-հանդիսավոր նիստ արեցին։ Նրանցից ոմանք հերթական պարգեւը կամ կոչումը ստացան։ Մի փոքր համեստ մասշտաբներում այսօր այդ ամենը կկրկնվի էներգետիկների համար։ Իսկ հասարակության մնացած մասը ստիպված է ակնապիշ հետեւել ռուսական լրատվությանը։ Պարզելու, թե ինչպես են մեր էներգետիկ անվտանգության խնդիրները լուծվում վրաց-ռուսական բանակցություններում։ Իսկ դրանք մեկ օր առաջ, հակառակի պես, մտան փակուղի եւ ընդհատվեցին։