Ժամանակ առ ժամանակ երկրում կարող են հանդես գալ անջատողական ուղղությունների սպառնալիքներ: Կարող է առաջ գալ ֆունդամենտալիզմի սպառնալիք: Խմբավորումները կարող են շահարկել ներքին խնդիրները սեփական մանր շահերի համար: Համենայնդեպս, այն, ինչը ելնում է փոքրամասնություններից, չի կարող երկրի համար ազգային սպառնալիք դառնալ, բայց կարող է դառնալ գլխացավանք՝ երբեմն էլ շատ լուրջ:
Սակայն, եթե մեզ մոտ ազգայնականության պոռթկում սկսվի մեծամասնության շրջանում, իսկ այդպիսի օրինակներ մեր պատմության մեջ բավականին շատ են, Թուրքիան կարող է բախվել իրական բարդությունների հետ՝ խաղաղության եւ կարգուկանոնի վերականգնման, վերահսկողության պահպանման հարցերում: Դա միշտ էլ թանկ է նստել, եւ շատ հաճախ դրա համար շարունակել են վճարել ոչ միայն սարսափելի դեպքերի համար պատասխանատու սերունդները, այլեւ նրանց անմեղ զավակները:
Մեծամասնության ազգայնական տրամադրությունները ժամանակ առ ժամանակ թեժացնում էին ռուսական զորքերի եւ նրա հետ գործակցող տեղի հայկական բնակչության առաջխաղացումը, լրագրողի շահարկումները, որը պնդում էր, որ Սելանիկոյում գտնվող տունը, որտեղ ծնվել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր- հայր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը, հողին է հավասարեցրել հույների ամբոխը, Քուրդիստանի աշխատանքային կուսակցության անջատողական ահաբեկչությունները, թուրքական դրոշն այրելու փորձ արած երեք պատանիները կամ էլ անջատողական քարոզչություն տարածող բանտարկյալների ազգականների խմբերը: Կան բազում նման օրինակներ, որոնք անցյալում հանգեցրել են տհաճ միջադեպերի:
Ահա թե ինչու մենք խիստ լարվածություն ենք զգում, երբ լսում ենք որոշակի ազգայնական ցույցերի, սադրանքների, ինքնադատաստանի եւ հարձակման փորձերի մասին, անկախ այն բանից, թե երկրի կոնկրետ որ մասում են դրանք կատարվում կամ քանի մարդ է ներգրավված դրանց մեջ, որ գերազգայնականությունը յուրաքանչյուր նման միջադեպով առաջընթաց է ապրում եւ կարող է անվերահսկելի դառնալ:
Հիմա շատերին խիստ զայրացնում է Օրհան Փամուկի գործը: Նրանք շփոթում են երկու բան՝ խոսքի ազատությունը եւ օրենքի առջեւ հավասարությունը: Մենք չենք պատրաստվում պաշտպանել Փամուկին կամ էլ նրա հայացքները հայերի ցեղասպանության մեղադրանքների վերաբերյալ, սակայն մենք սատարում ենք նրա «խոսքի ազատությունը», նրա՝ մյուսներից տարբերվող կարծիք հայտնելու իրավունքը, եւ օրենքի առջեւ համընդհանուր հավասարության պահպանման անհրաժեշտությունը եւ օրենքի գերակայությունը, ինչպես նաեւ` Ոստիկանության պարտականությունը` կանխարգելել ազգայնական ամբոխի ինքնադատաստանի փորձերը:
Թուրքիայի «ներքին գործերին» արտասահմանյան միջամտությունն` ընդհանուր առմամբ, եւ «Թուրքիայում անկախ նավաշինարարությունը»` մասնավորապես, չի կարող ընդունելի լինել ոչ մեկի համար, սակայն մենք կարող ենք սահմանել, թե ինչն է «արտասահմանյան» եւ ինչը` «միջամտություն»: Մենք նաեւ պետք է պարզենք, թե ինչ է «անկախ լինելը»:
Եթե այս երկիրը ձգտում է մտնել Եվրամիության ժողովրդավարական ակումբ` փորձելով պահպանել իր ինքնուրույնությունը որոշ ոլորտներում, եւ ընդունել այդ ակումբի ընդհանուր քաղաքականությունն ու դիրքորոշումները, ի՞նչ իմաստ ունի խոսել անկախության եւ ինքնուրույնության մասին:
Եթե այս երկիրը բանակցություններ է սկսել Եվրամիությանն անդամակցելու համար եւ ընդունել է «միջազգային իրավունքի գերակայություն»՝ սեփական ներքին օրենսդրության նկատմամբ, կարո՞ղ են արդյոք թուրքական դատարանները գործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից անկախ եւ հայտարարել, որ «սա Թուրքիան է, մենք թուրքեր ենք, եւ թուրքական դատարաններն ամեն ինչից վեր են»:
Առավել եւս, մի՞թե մենք չենք գիտակցում, որ խոսքի ազատությունը, օրենքի գերակայությունը եւ օրենքի առջեւ հավասարությունը, պաշտպանվելու իրավունքը, փոքրամասնությունների իրավունքը եւ այլ նման չափանիշներն այն ակումբի հիմքն են հանդիսանում, ուր մենք ձգտում ենք:
Մի՞թե մենք չենք գիտակցում, որ այսօրվա գլոբալ գյուղում մարդու իրավունքների խախտումը, փոքրամասնությունների հետապնդումը եւ նրանց՝ սեփական կարծիք ունենալու իրավունքի ոտնահարումը արդեն չի հանդիսանում որեւէ երկրի ներքին գործը:
Այսպիսով, մեզ սեփական «ազգայնական մոլագարության» մեջ թաղելու փոխարեն, եկեք մտածենք այն մասին, թե ինչ գին ենք վճարելու Փամուկի դեմ դատի եւ նման ազգայնական հիստերիայի համար:
Եկեք ձերբազատվենք Քրեական օրենսգրքի 301 հոդվածից եւ մյուս հոդվածներից, որոնք հիվանդագին մտածողություն են արտացոլում: