Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի 2006 թվականի ամռանը

23/12/2005 Քենան ԳՈՒԼՈՒԶԱԴԵ, «Զերկալո» (Ադրբեջան)

«Մենք հուսով ենք, որ 2006 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը խաղաղ համաձայնագիր կկնքեն: 2005թ. հուլիսին ես հայտարարեցի, որ խաղաղությունը կարող է հաստատվել տարվա ընթացքում կամ էլ ձգձգվել մի ողջ հարյուրամյակ: Բայց բանակցություններում ձեռք բերված առաջընթացը հույս է ներշնչում, որ հաջորդ տարին ակնառու արդյունքներ կտա»,- այս մասին երեկվա մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ստիվեն Մանը:

«Նախկինում մենք երբեք ընթացիկ տարվա վերջում չէինք պնդում, որ հաջորդ տարվա ընթացքում հնարավոր է խաղաղ համաձայնագրի ստորագրումը: Պետք է կարողանալ կարդալ ենթատեքստը: 2005թ. նախաշեմին մենք հույս հայտնեցինք, որ բանակցություններում առաջընթաց կլինի, իսկ հիմա կարող ենք փաստել, որ այդ առաջընթացը կատարվել է: Հիմա մենք չենք բացառում 2006թ. խաղաղ համաձայնագրի ստորագրումը»,- իր հերթին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը:

«Չեմ ուզում ձեզ ավելորդ լավատեսություն ներշնչել, բայց փաստը, որ ութամյա ընդմիջումից հետո Բաքվում կրկին սպաներ են հայտնվել, որոնք հնարավոր խաղաղարարության սցենար կմշակեն, մտածելու տեղիք կարող է տալ»,- ավելացրեց Յուրի Մերզլյակովը: Նշենք, որ խոսքը ԵԱՀԿ բարձր մակարդակով ծրագրման խմբի (ԲՄԾԽ) Բաքու ժամանման մասին է: Այդ խումբը պայմաններ է մշակում քաղաքական լուծման ձեռքբերման դեպքում խաղաղարար ուժերի տեղակայման համար: Խաղաղարար ուժերի մասնակցությունը կարող է տարափոխվել դիտորդների տեղակայումից մինչեւ լայնածավալ գործողությունների անցկացում՝ ողջ տարածաշրջանի զինաթափմամբ եւ ապառազմականացմամբ:

Հաջորդիվ՝ ըստ հայտարարությունների: Համանախագահները, գաղտնիության պահպանման անհրաժեշտությունից ելնելով, չհրապարակեցին բանակցությունների մանրամասները: «Հակամարտության կողմերը բանակցությունների ընթացքում կոշտ դիրքորոշում են գրավում: Բայց մենք տեսնում ենք, որ նրանք գիտակցում են փոխզիջման անհրաժեշտությունը: Նման հակամարտությունների լուծման պարագայում ոչ ոք չի կարող ստանալ ցանկացածի ողջ 100 տոկոսը»,- նշեց Ս.Մանը:

Միջնորդները նշեցին նաեւ, որ հունվարի վերջին, հաջորդ տարվա փետրվարի սկզբին ծրագրված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: «Պրահյան գործընթացը ճիշտ ուղղությամբ է շարժվում, եւ, չնայած շատ հիմնախնդիրներ կան, մենք կարծում ենք, որ առաջընթացն ամրագրելու հրաշալի հնարավորություն գոյություն ունի»,- կարծում են միջնորդները:

Խոսելով «ԼՂՀ» ներկայացուցիչների բանակցություններին հնարավոր մասնակցության մասին, Յուրի Մերզլյակովը նշեց, որ այդ մասին որոշումը կախված է ոչ թե համանախագահներից, այլ հակամարտության կողմերից: «Երբ խոսքը գնա կոնկրետ պայմանավորվածությունների մասին, ապա հնարավոր է, որ նրանց ներկայացուցիչները հայտնվեն սեղանի շուրջ»,- ընդգծեց Ռուսաստանի ներկայացուցիչը:

Համանախագահների մամուլի ասուլիսը չխուսափեց սկանդալից: Միջոցառման դահլիճում հայտնվեցին Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) ներկայացուցիչները, որոնք միջնորդներին հանձնեցին ՂԱԿ-ի հայտարարությունը, որում պահանջ էր ներկայացվում «ԼՂՀ»-ին ԱՄՆ-ի կողմից օգնություն ցուցաբերելը դադարեցնելու անհրաժեշտության, ինչպես նաեւ` անջատողականների ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացման անթույլատրելիության մասին: ՂԱԿ-ի ներկայացուցիչը միջնորդներին մեղադրեց անջատողականներին հովանավորելու համար եւ համանախագահներին նախազգուշացրեց «միջնորդներին Բաքու թույլ չտալու համար բողոքի ակցիաներ անցկացնելու ՂԱԿ-ի որոշման մասին»: Սկանդալն արագ խափանել չհաջողվեց, այդ պատճառով մամուլի ասուլիսը փաստորեն ընդհատվեց:

Նշենք, որ ՂԱԿ-ի ակտիվիստները սկսեցին «հետապնդել» համանախագահներին երեկ առավոտից: ԱԳՆ-ի շենքի առջեւ բողոքի ակցիայի ընթացքում, ՂԱԿ-ականները հայտարարեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները հանդես են գալիս հայկականամետ դիրքորոշումներից եւ նյութական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին ու «ԼՂՀ»-ի անջատողական վարչակարգին: Ոստիկանությունը կանխեց արտոնված ցույցը եւ ձերբակալեց ցույցի մոտ 10 մասնակցի:

Ընդհանուր առմամբ, անցած օրվա ընթացքում միջնորդները հանդիպեցին Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ:

Ինչպես լրագրողներին հայտնեց համայնքի ղեկավար Նիզամի Բախմանովը, հանդիպման ընթացքում միջնորդներն անհանգստություն հայտնեցին հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերի՝ վերջերս թեժանալու կապակցությամբ: Միեւնույն ժամանակ Ն. Բախմանովը լավատեսություն հայտնեց բանակցային գործընթացի հեռանկարի վերաբերյալ: Նրա խոսքերով, ըստ էության, քննարկվում է կարգավորման փուլային տարբերակը: Մասնավորապես, ենթադրվում է հակամարտության կարգավորման՝ պայմանականորեն երեք փուլ. փախստականների վերադարձի համար պայմանների ստեղծում՝ գրավյալ տարածքների ազատագրում, ներառյալ` Շուշին, բնակչության վերադարձ եւ վստահության միջոցների իրականացում՝ ԼՂ ադրբեջանական եւ հայկական համայնքների համատեղ բնակության նպատակով, Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի մշակում՝ Ադրբեջանի շրջանակներում («Թուրան»):

www.mediadialogue.org