ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների փորձնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, Երեւանի Աջափնյակ համայնքում եւ Գյումրիում բացել է առավել ռիսկային խմբի երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ: Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Աջափնյակի կենտրոնն արդեն գործում է, Գյումրիի կենտրոնը կգործարկվի մի քանի ամսից: Ինչպես նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերով փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, կենտրոնների նպատակն է` թեթեւացնել մանկատների բեռը: Դրանք կաշխատեն նշված համայնքների ռիսկային խմբի երեխաների (դրանք ծնողական խնամքից զուրկ կամ զրկման ռիսկի ենթակա եւ կամ այնպիսի պայմաններում ապրող երեխաներն են, ում զարգացման եւ աճի վրա բացասաբար են անդրադառնում ներկա կենսապայմանները), նրանց ընտանիքների հետ, կաջակցեն այդ երեխաների խնդիրների հնարավորինս լուծմանը, որպեսզի նրանց՝ մանկատներում հայտնվելու հնարավորությունները նվազեն: Երեխաների հիմնախնդիրները լուծելիս կենտրոնները կհամագործակցեն երեխաների խնդիրներով զբաղվող տարբեր սոցիալական կենտրոնների՝ մանկական պոլիկլինիկաների, դպրոցների, սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ: Այս կենտրոններն իրենց բնույթով նորույթ են ՀՀ երեխաների հիմնախնդիրների լուծման իրավասություններ ունեցող հաստատությունների համակարգում, ուստի այս նոր տիպի կառույցների ներդրման հետ կապված խնդիրների քննարկման նպատակով կլոր սեղան էր հրավիրվել, որին մասնակցում էին երեխաների հիմնախնդիրների լուծման իրավասություն ունեցող ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների, Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների առողջապահության, սոցիալական, կրթության եւ մշակույթի հարցերով զբաղվող ստորաբաժանումները, ինչպես նաեւ` Հայաստանում գործող երեխաների հիմնախնդիրների լուծմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող հիմնական ուղղությունները, ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային եւ մարզային կառույցների ստեղծման հետ կապված խնդիրներ, երեխաների սոցիալական հոգածության համայնքային կենտրոնների տեղն ու դերը երեխաների հիմնախնդիրների լուծման իրավասություններն ունեցող համայնքային հաստատությունների համակարգում: