Ի՞նչ է անում հայ երգարվեստի շարքային ներկայացուցիչը դեկտեմբերին: Պատասխանը ենթադրվում է. նա ցանկանում է ամանորյա տոներին փող վաստակել, այսինքն` երգել տարբեր ռեստորաններում ու ակումբներում, մանավանդ, որ գրեթե յուրաքանչյուր նման հիմնարկ կա՛մ համերգային ծրագիր, կա՛մ էլ դիսկոտեկ է կազմակերպում:
Վազելով մի ակումբից մյուսը, կարելի է տոնական այդ գիշերվա ընթացքում բավականին գումար աշխատել: Դեռ անցյալ տարի հայկական էստրադայի մեծ ու փոքր աստղերը կհամաձայնեին այդ գաղափարի հետ: Անցյալ տարի երկու կամ երեք երգի կատարումը ակումբներում վարձատրվում էր միջինը 100 դոլար, հիմա այդ գումարով իրեն հարգող ոչ մի երգիչ նույնիսկ տեղից չի շարժվի: Երգիչների վարձատրության չափը զգալիորեն աճել է: Անուն վաստակած երգիչները չեն շտապում օգտագործել ամանորյա կատարումներով փող աշխատելու առիթը՝ թողնելով այդ դաշտը սկսնակներին: Նրանք ընտրում են ներկայանալու ավելի գեղեցիկ միջոցներ: Ճանաչված երգիչները Նոր տարվա շեմին սկսում են զբաղվել իրենց իմիջով ու ապացուցել, որ իրենք անփոխարինելի ու անկրկնելի են: Շատերը ձանձրացել են այստեղ աշխատելուց: Եվ արշավ են ձեռնարկում` տարբեր տեսակի ու որակի մրցանակաբաշխություններին մասնակցելով: Ով, ինչպես ու որտեղ կարող է` մասնակցում է` տենչալով մրցանակներ ստանալ: Դեկտեմբերը խեղդվում է երաժշտական մրցույթների բեռան տակ: Միայն Հայաստանում երգի մի քանի մրցույթ կա` Ազգային մրցանակաբաշխությունը եւ մի աստիճան ցածր «Կռունկն» ու այլ մրցույթներ: Ով ինչ ծանոթ ու կապեր ունի, ջանում է օգտագործել` գոնե մեկ մրցանակ ստանալու համար: Իսկ երաժշտական ճաշակ ձեւավորողներն ու թելադրողները չեն ուզում ոչ մեկին նեղացնել ու ամեն մեկին ինչ-որ բան տալիս են: Ու եթե որեւէ մեկն Ազգային մրցանակաբաշխությունում մրցանակ չի ստանում, ասում են` ոչինչ, մյուս տարի կամ մյուս մրցույթին: Ով չի հասցնում երեւալ Ազգային մրցանակաբաշխությունում՝ «Կռունկ» է գնում: Երգիչները շատ են, նրանց տարիքը երիտասարդանում է, եւ նրանք ավելի մեծ մեկնարկային գումարներով ու ծանոթների միջոցով են մրցապայքար մտնում: Թափ հավաքած ու հարուստ հովանավոր ունեցող «Լավանդա-տրիոն» գրեթե ամենուրեք իրեն ցույց է տալիս, իսկ համեստ ձայնային տվյալներ ունեցող Սոֆի Մխեյանը` հայրիկի ուժն օգտագործելով, «տարվա հայտնություն» է համարվում: Կարեւորը դառնում է ոչ միայն գումար վաստակելը, այլեւ գումարը ճիշտ ներդնելը: Գումար ունենաս` սեփական մրցույթ կստեղծես: Եվ փոփ-մրցույթներն աճում են սնկերի նման, նման փայլփլուն մրցույթներում գումար ներդնելը շատ մոդայիկ է դարձել: Այդպես կարելի է քո նախընտրած երգչին առաջ քաշել: Փոքր Հայաստանն արդեն չի կարող բավարարել հայ երգիչների բոլոր սպասելիքներն ու ցանկությունները, ու փոփ-երաժշտությունը դուրս է գալիս միջազգային ասպարեզ: Հայաստանցի երգիչները միավորվում են ամերիկահայ երգիչների հետ ու դեկտեմբերի 23-ին նոր մրցույթի մասնակցում: Դա լինելու է ոչ թե արդեն հայտնի Armenian Music Awards-ը, այլ բոլորովին նորաստեղծ մի մրցանակաբաշխություն: Ամանորյա տոներին մենք կարող ենք տեսնել Ամերիկայում հայտնված նույն այն երգիչներին, ում վաղուց արդեն սովոր ենք տեսնել մեր էկրանին` Քրիստինե Պեպելյան, Արամո, Սիրուշո, Նունե Եսայան եւ այլք: Նրանց միանալու են Արմենչիկը, Արամ Ասատրյանը եւ Հայաստանում սակավ հայտնի կատարողները: Ոմանք մրցանակներ ստանալուց հետո կմեկնեն Մոսկվա, որտեղ նույնպես հայ երգի նոր մրցույթ է ստեղծվել: Եվ որտեղ նույնպես մրցանակներ են շնորհվելու: Նորից ընտրվելու են «Տարվա լավագույն երգիչը» ու «Տարվա լավագույն երգչուհին»: Աշխատում է հետեւյալ սկզբունքը. եթե մենք մեզ չգնահատենք, ո՞վ կգնահատի: Այս երգիչը Երեւանում մրցանակ ստացավ, ուրեմն Լոս Անջելեսում կստանա մեկ ուրիշը, իսկ Մոսկվայում լավագույն կճանաչվի երրորդը: Լավագույններն ընտրվում են, իսկ մենք նրանց լսում ենք՝ չհասկանալով, թե ինչ չափանիշներով են նրանք լավագույն դառնում: Ընդ որում, «Եվրոտեսիլ» երգի մրցույթին մասնակցելու համար Հայաստանը շուտով պետք է կրկին որոշի, թե ով է լավագույնը: Գուցե այդ մրցույթին Հայաստանը ներկայացնի ոչ թե լավ փող ունեցողը կամ լավ ծանոթներ ձեռք բերած երգիչը, այլ նա, ով գոնե առանց «ֆոնոգրամայի» երգել գիտի: Իսկ այդպիսի երգիչներ կան, նույն Ազգային մրցանակաբաշխության ժամանակ մեկ կենդանի կատարում հնչել է: