Ջոն Դեւվիդսոն Ռոքֆելլեր (1839-1937)

22/12/2005

XVII դարում Ռոքֆայլ ընտանիքը Ֆրանսիայից փախչում է Գերմանիա՝ փրկվելով ինկվիզիցիայից, ու փոխում ազգանունը՝ դառնալով Ռոքֆելլեր: XVIII դարում Ռոքֆելլերները տեղափոխվում են Ամերիկա, որտեղ էլ 1839թ.-ին լույս աշխարհ է գալիս Ջոն Ռոքֆելլերը:

 Ջոնը դեռ փոքրուց զբաղվում էր բիզնեսով. կոնֆետ էր առնում, բաժանում փոքր կույտերի ու ավելի թանկ գնով վաճառում սեփական քույրերին: Ապագա միլիարդատերը հավաքում էր փողերը, եւ շուտով սկսեց տոկոսով տալ հորը:

Քչերը գիտեին նրա մարդկային հատկանիշների մասին. իր բոլոր զգացմունքները նա շատ խոր էր թաքցնում: Դժվար է դատել, թե ինչպիսի մարդ էր նա իրականում. բոլոր մտքերը, զգացմունքներն ու ցանկությունները նա ուղղել էր միայն մի նպատակի՝ հարստանալ: Երբ լրանում է Ջոնի 16-ը, նա մեկնում է Քլիվլենդ: Սեպտեմբերի 26-ին «Հյուիտ էնդ Թաթլ» ֆիրման նրան աշխատանքի է վերցնում որպես հաշվապահի օգնական. հետագայում այդ օրը Ջոն Ռոքֆելլերը կնշի որպես երկրորդ ծննդյան օր: Ջոն Ռոքֆելլերի բախտը բերում է, երբ Ամերիկայում սկսվում է քաղաքացիական պատերազմը: Կառավարությունը կարիք ուներ համազգեստների, հրացանների, միլիոնավոր փամփուշտների, մթերքի ու ծխախոտի: Սկսվում է սպեկուլյացիայի ոսկեդարը, ու Ջոն Ռոքֆելլերը բավականին մեծ փողեր է աշխատում: Հետո նա հասկանում է, թե ինչպես կարելի է ավելին աշխատել. բոլոր տներում իրիկունները վառվում էին կերոսինե լամպեր, իսկ կերոսինը, ինչպես հայտնի է, ստանում են նավթից: Ռոքֆելլերի գործընկեր Մորիս Կլարկն ասում էր. «Ջոնը միայն երկու բանի է հավատում՝ բապտիստական ուսմունքին ու նավթին»:

Ջոն Ռոքֆելլերը խելագարվում էր փողի համար. նա արդեն 25 տարեկան էր, եւ ծանոթները կարծում էին, որ նա մեկընդմիշտ մենակ կմնա՝ առանց կանանց: Բայց մի աղջիկ սպասում էր նրան արդեն 9 տարի: Լաուրա Սելեստիա Սփելմենը ծնվել էր հարուստ ու բավականին հարգված ընտանիքում: Լաուրան տիպիկ պուրիտանուհի էր եւ Ջոնին համապատասխանում էր բոլոր չափանիշներով: Ամուսնական ադամանդե մատանու համար Ռոքֆելլերը վճարեց 118 դոլար. նրա համար դա իսկական հերոսություն էր: Իսկ նրա վարձած տունն էժանագին էր, անգամ ծառաներ չունեին, չնայած այդ ժամանակ Ջոն Ռոքֆելլերին էր պատկանում Քլիվլենդի ամենամեծ նավթարդյունաբերական գործարանը:

Նա երբեք ձայնը չէր բարձրացնում, երբեք չէր զայրանում, անհնար էր նրան հունից հանել: Աշխատողների գլխավերեւում նա հայտնվում էր հանկարծակի, առանց աղմուկի, քաղցր ժպտում էր, հարցնում, թե ինչպես են ընթանում գործերը, եւ վերջիններս սարսափահար էին լինում: «Ստանդարտ օյլ»-ի տնօրենը երեխաներին երաժշտություն էր սովորեցնում, լողում էր նրանց հետ, երբեք չէր վիճում կնոջ հետ: Փոխարենը` երբ նրա եղբոր (որը զոհվել էր քաղաքացիական պատերազմի ժամանակ) 2 երեխաները մեռան սովից, Ռոքֆելլերը նրանց աճյունները հանեց ընտանեկան դամբարանից:

XIX դարի 80-ականներին նրա ընկերությունը գնահատվում էր 18 մլն դոլար (այսօրվա գներով՝ 265 մլն): Ռոքֆելլերը մտավ երկրի 20 ամենահարուստ ու ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի մեջ: Շուտով նա դարձավ նավթային շուկայի մենատերը եւ սեփական գներն էր սահմանում նավթի համար: Նա հնարավորության սահմաններում օգնում էր մարդկանց, որոնք դիմում էին իրեն: Նա օգնեց հիմնադրելու Չիկագոյի համալսարանը, թոշակներ էր սահմանում:

Երեխաների դաստիարակությունը նույնպես պարտականություն էր: Նրանք պիտի ժառանգեին ահռելի կարողություն, իսկ դա մեծ պատասխանատվություն էր: Ռոքֆելլերի երեխաները հագնում էին միմյանց հին շորերը, ու, քանի որ միակ տղան Ռոքֆելլեր կրտսերն էր, նա ստիպված էր մինչեւ 8 տարեկանը հագնել քույրերի շորերը:

Ռոքֆելլեր ավագը տանը շուկայական հարաբերությունների մակետ էր կառուցել. դուստրը՝ Լաուրան, նշանակված էր գլխավոր տնօրեն, ամեն մի երեխան ստանում էր 2 ցենտ՝ յուրաքանչյուր սպանված ճանճի, 10 ցենտ՝ մի մատիտ սրելու եւ 5 ցենտ՝ մի ժամ երաժշտությամբ զբաղվելու համար: Մի օր կոնֆետ չուտելն արժեր 2 ցենտ, մի քանի օր չուտելը՝ 10 ցենտ: Փոքրիկ Ռոքֆելլերները տուգանվում էին մի ցենտով՝ նախաճաշից ուշանալու համար:

Այդպիսի դաստիարակության արդյունքները բավականին հակասական էին: Ռոքֆելլեր կրտսերը բավականին հիվանդոտ երեխա էր, ու երբ համալսարան ընդունվելու հարց ծագեց, պարզվեց, որ նա տառապում է զանազան նյարդային խանգարումներով: Ռոքֆելլերի դուստը՝ Բեսսին, այդ դաստիարակության հետեւանքով խելագարվեց ու կյանքի մեծ մասն անցկացրեց անկողնում: Նրան թվում էր, թե իրենք սնանկացել են, ու ժամանակն անցկացնում էր հին շորերը կարկատելով: Իսկ Էդիթ Ռոքֆելլերը լեգենդար շռայլող էր: Նա ամուսնանում է Հարոլդ Մաքքորմիկի հետ, որը նույնպես միլիոնատիրոջ որդի էր: Նրանք շուտով քամուն տվեցին մի քանի տասնյակ միլիոն դոլար: Եվ, այնուամենայնիվ, Ջոն Դեւիդսոն Ռոքֆելլերն իրեն հիանալի էր զգում: Նրա համար ծանր հարված էր կնոջ մահը, բայց նա կարողացավ իրեն հավաքել ու նրանից հետո ապրեց երկար տարիներ. մինչեւ 100-ամյակը նրան չհերիքեց մի երկու տարի:

Կյանքի վերջում Ռոքֆելլերը մարդակերի էր նմանվել. հիվանդության հետեւանքով թափվել էին բոլոր մազերը: Առանց հոնքերի, թարթիչների ու բեղերի նա իսկապես ահավոր տեսք ուներ: Ոմանք շշնջում էին, որ նա խելքը կամաց-կամաց թռցրել է: Բայց դա այդպես չէր: Բացի տարեկան 3 մլն բերող «Ստանդարտ օյլ»-ից, նրան էին պատկանում նաեւ 16 երկաթուղային ու 6 մետաղաձուլական ընկերություններ, անշարժ գույքի վաճառքով զբաղվող 9 ֆիրմա, 9 բանկ, 6 շոգեքարշ, եւն: Ռոքֆելլերը հիմա միայն մի երազանք ուներ՝ ապրել 100 տարի: Բայց Ջոն Դեւիդսոն Ռոքֆելլերը մինչեւ 100-ամյակը չապրեց. 1937թ. մայիսի 23-ին նա մահացավ սրտի նոպայից:

Նախօրեին նա զրուցելիս է եղել Հենրի Ֆորդի հետ եւ կատակով հանդիպում նշանակել վերջինիս հետ` դրախտում: Ֆորդը քմծիծաղ է տվել ու պատասխանել, թե այնտեղ իրենք հաստատ չեն հանդիպի:

Ըստ Ինտերնետային նյութերի