Հուշատախտակը բացվելու է դեկտեմբերի 22-ին՝ հայտնի գրողի 100-ամյակի առիթով։ Այն տեղադրելու են Սանկտ-Պետերբուրգում, այն շենքի պատին, որտեղ 1925-ից մինչեւ 1941թ. օգոստոսի 23-ը՝ իր ձերբակալությունը, ապրել է գրողը։ Հուշատախտակին Խարմսը պատկերված է «անհեթեթ գլխարկով», ինչպես նրա լուսանկարներից մեկում է։ Հուշատախտակի վրա փորագրված է գրողի «Տանից մի մարդ է դուրս եկել» բանաստեղծության վերնագիրը։ Համարվում է, որ հենց այդպես կարելի է նկարագրել Խարմսի ձերբակալության պատմությունը. նա տնային հագուստով դուրս է եկել բնակարանից մի քանի րոպեով եւ այլեւս չի վերադարձել։ Դանիիլ Խարմսը ծնվել է 1905թ., Պետերբուրգում։ Նրա բանաստեղծություններն ու պատմվածքները սկսել են տպագրվել 20-ականներից։ Խարմսի ձերբակալությունից հետո նրա գործերն արգելված էին եւ սկսեցին տպագրվել միայն 1956-ից հետո։