ՀՀԿ-ն ոչ մեկից չի վախենում նույնիսկ Գագիկ Ծառուկյանի ակտիվանալուց

22/12/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Շաբաթ օրը ՀՀԿ հերթական համագումարին ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի ելույթը լսելուց հետո հեռացավ: Շատերի գնահատմամբ, Ս. Սարգսյանի ներկայությունն ամենեւին էլ պատահական չէր, քաղաքական լուրջ քայլ էր` նոր ձեւավորվող քաղաքական կուսակցություններին ցույց տալու համար, թե ով է ՀՀԿ-ի թիկունքին լինելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Ավելին, Անդրանիկ Մարգարյանը եւս չհերքեց, որ 2007թ. ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում դարձյալ ընդգրկվելու են նախարարներ, ովքեր չունեն կուսակցական պատկանելություն: «Սերժ Սարգսյանը 2003թ. եղել է ՀՀԿ ցուցակում, մեզ հետ է եղել, եւ մեր ծրագրի իրականացնողներից մեկն է կառավարությունում»,- հայտարարեց Անդրանիկ Մարգարյանը:

Իսկ ինչ վերաբերում է պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին պարբերաբար շրջանառվող լուրերին, որն այդպես էլ դեռեւս խոսակցությունների մակարդակում է, եւ այն հարցին, թե ՀՀԿ ներուժը կբավարարի՞ մրցակցել այդ ուժի հետ, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Ծառուկյանի կուսակցությունը մինչ այդ էլ կար, ուղղակի ակտիվ չէր: Իսկ եթե ակտիվանալու է, դա իրենց խնդիրն է: ՀՀԿ-ն միշտ էլ պատրաստ է մրցակցության` անկախ նրանից` կուսակցությունները կավելանա՞ն մեկ-երկուսով, թե՞ ոչ: Մինչ այդ էլ դաշտում 30-32 կուսակցություն կար, եւ մեզ համար` 30 թե 34, լրիվ մեկ է»:

ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ակնհայտ դժգոհ էր կոալիցիոն իր գործընկերներից, նրանց ելույթներից ու քաղաքական գնահատականներից, ինչը նա չթաքցրեց նաեւ իր ելույթում: Եթե հանրապետական Գալուստ Սահակյանը կոալիցիայի կազմում ընդգրկված կուսակցությունների վարած քաղաքականությունը որակեց «սուտլիկ որսկանություն», ապա Տ. Թորոսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է վերանայել կոալիցիայի աշխատանքները` ընդգծելով, որ իրենք` ՀՀԿ-ն, շատ հարցերում պետք է անհամեմատ կոշտ եւ ԱԺ-ում «եղանակ ստեղծողն ու թելադրողը լինի»: «ՀՀԿ-ն խորհրդարանում չպետք է երբեք նախաձեռնությունը զիջի: Մենք մյուսների համեմատ բացարձակ թվով ավելի պատգամավորներ ունենք ԱԺ-ում, եւ դա պետք է երեւա ամեն հարցի քննարկման ժամանակ: ՀՀԿ-ն պետք է լինի խորհրդարանում եղանակ ստեղծող ուժն ու թելադրողը: Մենք թեւակոխում ենք չափազանց կարեւոր շրջան եւ պետք է էլ ավելի մոբիլիզացնենք մեր ուժերը: Մենք իրավունք չունենք մեր կուսակցության անշեղ վերելքը կասկածի տակ դնել,- հայտարարեց Տ. Թորոսյանը` ավելացնելով,- երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը պահանջում է նաեւ համապատասխան հարաբերություններ կոալիցիայի ներսում: Մենք պետք է կարողանանք մի կողմից` մեր վճռական խոսքն ասել որպես եւ՛ կոալիցիայի ներսում, եւ՛ խորհրդարանում ակնհայտ մեծամասնություն ունեցող կուսակցություն: Մյուս կողմից` մենք պետք է կարողանանք դրանից բխող մեր պատասխանատվությունը լիարժեքորեն կրել»: Ի դեպ, ՀՀԿ համագումարում իր ողջույնի խոսքից օգտվելով, ՀՀԿ-ից դժգոհեց նաեւ ԱԺ ՀՅԴ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը` ասելով. «Եթե մեզ հարցնեք` բավարարվա՞ծ եք արդյոք ՀՀԿ-ի հետ ձեր հարաբերության արդյունքներով, կասենք` բավարարված չենք, որովհետեւ մենք ունենք շատ ամուր փիլիսոփայական ընդհանուր հենքեր»:

Իսկ Գալուստ Սահակյանը դժգոհեց, թե «սուտլիկ որսկանությունը» մտել է քաղաքական դաշտ եւ որեւէ կերպ դուրս չի գալիս: Հանրապետական Սահակյանին դուր չի գալիս, որ մյուս կուսակցությունները ստելով իրենց են վերագրում այն բոլոր ձեռքբերումները, որոնք պատկանում են ՀՀԿ-ին: «Վերջին տարիներին մեր երկրի սոցիալ-տնտեսական ձեռքբերումների գլխավոր մեկնարկակետը ՀՀԿ-ն է եւ այն կուսակցությունների մեծ մասը, ովքեր համագործակցել են»,- ասաց նա: Իսկ հետո խոսեց պոպուլիզմի մասին, իսկ ակնարկն ակնհայտ էր, թե ում էր հասցեագրված: «Երբեմն մենք էլ ենք մեղադրվում պասիվության մեջ, որակավորում են, թե չենք զբաղվում պոպուլիզմով: Մենք պարտավոր ենք ակտիվ աշխատել խմբակցությունում ու հանրությանը ներկայացնել մեր երկրի իրական տերերին ու հեղինակներին, դրանով իսկ բացահայտելով այդ ճղճիմ վերագրումները»,- «ՕԵԿ»-ին սպառնաց Գ. Սահակյանը: Ի տարբերություն Գ. Սահակյանի, որը «սուտլիկ որսկանների» տեսնում է բոլոր կուսակցությունների մեջ, բացի ՀՀԿ-ից, Անդրանիկ Մարգարյանը դրանց տեսնում է նաեւ իր կուսակցության շարքերում: Քաղաքական տերմիններով, ինչպես բացատրեց Ա. Մարգարյանը, «սուտլիկ որսկանն» «այն քաղաքական ուժերը կամ գործիչներն են, ովքեր փորձում են գործիքից վերեւ թռնել, այնպիսի խնդիրներ բարձրացնել, որոնք անհնար է անել»: Հարցին, թե այդպիսիք կա՞ն կոալիցիայի ներսում, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չկան, եւ՛ կոալիցիոն ուժերում կան, եւ՛ մեր»: Կոալիցիայի պառակտման վերաբերյալ հարցին Ա. Մարգարյանն այսպես արձագանքեց. «ՀՀԿ-ն աշխատում է, որպեսզի կոալիցիան ակտիվ աշխատի, մենք կոալիցիան քանդելու նպատակ չենք դրել»: Իր ելույթում անդրադառնալով կոալիցիային, Ա. Մարգարյանը հայտարարեց, թե չպետք է այս կամ այն քաղաքական ուժը սեփականացնի կառավարությունն ու ԱԺ-ն, քանի որ, միեւնույն է, հնարավոր չէ փախչել պատասխանատվությունից: «Թե՛ մեկի, թե՛ մյուսի համար հավասարապես պատասխանատվություն է կրելու կոալիցիան: Հաճախակի նույնացնում են կառավարությունը ՀՀԿ-ի, ԱԺ-ն` «ՕԵԿ»-ի հետ: Ես սա եմ ցանկանում շեշտել` ասելով, որ երբեք հարկավոր չէ սեփականացնել ԱԺ-ն ու կառավարությունը: Երբեմն կառավարության լավ գործերը կոալիցիան վերագրում է կոալիցիային, իսկ բացթողումները` ՀՀԿ-ին, բայց դա այդպես չէ»,- նկատեց նա:

Անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը, թե հանրաքվեի ընթացքում լցոնումներն ակնհայտ են եղել, Ա. Մարգարյանն ասաց. «Այն, ինչ ասել է Ա. Բաղդասարյանը, մենք ասել ենք կոալիցիայի հայտարարության մեջ: Ես ուղղակի չհասկացա, թե ինչո՞ւ ինքն առանձին հայտարարություն արեց, ի՞նչ նոր փաստեր ուներ, որովհետեւ մենք մինչ կոալիցիայի հայտարարությունն այդ հարցը քննարկել էինք կոալիցիայի նիստում, եւ նմանատիպ մոտեցումներ չէին եղել»: Հարցին, թե դուք հավատո՞ւմ եք, որ հանրաքվեն ընդունվել է, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Իրավաբաններն ասել են, որ խախտում չկա»: