Պետության կարիքների համար Բուզանդի փողոցից վտարված 4 ընտանիքները չգիտեն՝ որտեղ են դիմավորելու գալիք Նոր տարին: Վտարումից հետո նրանք շարունակում են ապրել կիսավեր տներում: Այս ընտանիքների մայրերը դեկտեմբերի 15-ին հացադուլ են հայտարարել:
56-ամյա Գոհար Մխիթարյանի, 51-ամյա Սուսաննա Պողոսյանի, 33-ամյա Նունե Վարդունու եւ 52-ամյա Անահիտ Մելքոնյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է: Հացադուլավորները նամակներ են հղել Երեւանի քաղաքապետին, Գլխավոր դատախազին, ՆԳ կենտրոն բաժին, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՄՆ, Անգլիայի եւ Ռուսաստանի դեսպանատներ, Հայկական եւ Միջազգային Կարմիր խաչ՝ պահանջելով Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներում մարդու իրավունքների վերականգնում եւ լիարժեք փոխհատուցում օտարված գույքի դիմաց, սակայն մինչեւ երեկ առավոտ որեւէ արձագանք որեւէ մեկի կողմից չէր եղել: «Մի անգամ միայն տեղամասային բժիշկը եկավ՝ բարեւ ձեզ, ու թողեց գնաց, հաջորդ օրը բուժքույրն այցելեց՝ չափեց ճնշումներն ու վերջ»,- պատմում է Նունե Վարդունին: Երեկ առավոտյան Անահիտ Մելքոնյանի վիճակն այնքան է վատացել, որ ստիպված են եղել շատապօգնություն կանչել: Առավոտյան ժամը 8.45-ի սահմաններում Անահիտին այցելած շտապօգնության բժիշկը նախ «մուննաթ» է եկել, թե ինչու հացադուլավորները ժամը 9-ից հետո չեն զանգել, որպեսզի ինքը հասցրած լիներ «սմենը» հանձնել մյուս հերթափոխի բժշկին ու տուն գնալ: Ոտքի վրա հազիվ կանգնող Սուսաննա Մխիթարյանը հազիվ շնչելով ասում էր՝ «Վատ եմ, բայց մեռնեմ շտապօգնություն չեմ զանգի, եթե գան էդպես մուննաթով խոսեն, ավելի եմ վատանալու»: «Ախր, իսկապես, որ գնալու տեղ ունենամ, դուրս կգամ, չեմ սպասի՝ մինչեւ քացով խփեն դուրս անեն, միեւնույն է, պետք է դուրս գանք,- վերջին ուժերը հավաքած՝ լալիս էր Անահիտ Մելքոնյանը, որի ընտանիքը վտարումից հետո շարունակում է ապրել կիսավեր տանը, որտեղ միայն մի քանի ամսական թոռան օրորոցն են թողել ԴԱՀԿ աշխատակիցներն, իսկ բնակարանի ջարդված ապակիները բնակիչները փակել են ցելոֆանե տոպրակներով,- սեւ Նոր տարի բերեցին մեր գլխին, 4 տարեկան թոռնիկս լացակումած ասում է՝ տատիկ, բա մենք Նոր տարի չենք անելո՞ւ»: Հացադուլավորներից բացի, ընտանիքների մյուս անդամները եւս՝ թվով 22 հոգի, ակամա հացադուլավոր են դարձել: «Ո՞նց կարող ես սոված մարդու կողքը նստել հաց ուտել»,- ասում է Գոհար Մխիթարյանի դուստրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, ում հավաստմամբ` հացադուլի որոշումը կանայք ընտանիքի մյուս անդամներից գաղտնի են ընդունել: Հացադուլով պայքարելու տարբերակն ընտանիքներին հույս չի ներշնչել, մայրերն, այնուամենայնիվ, որոշել են փրփուրներից կառչել: Հացադուլի հինգերորդ օրը Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Դավթյանն ասաց, որ երկու օր առաջ տեղեկացել է հացադուլավորների մասին, գնացել, սակայն նրանց չի գտել: «Այսօր կրկին հանձնարարական եմ տվել եւ իմ աշխատակիցներին, եւ տարածքն իրացնող «Վիզկոն» ՍՊԸ-ին՝ պարզել իրադրությունն ու բանակցություններ վարել բնակիչների հետ»,- ասաց պրն Դավթյանը՝ մեզանից ճշտելով բնակիչների հասցեները:
«Վիզկոնը» շանտաժի չի ենթարկվի
«Նրանք ուզում են մեզ շանտաժի ենթարկել, փող պոկել, այլ քաղաքական նպատակներ ունեն՝ ուզում են արտասահմանում քաղաքական ապաստան ստանալ»,- հավատացնում են «Վիզկոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ովքեր իրենց գործողությունները լրիվ օրինական են համարում: «Վիզկոնի» տնտեսական անվտանգության հարցերով զբաղվող Ալեքսանդր Ամարյանը հավատացնում է, որ Բուզանդի բնակիչները քաղաքական խաղերի մեջ են մտել. «Եթե իրենք քաղաքական խաղ են ուզում խաղալ, հարց չկա, քաղաքական խաղին էլ վերջ կա՝ մենք էլ կարող ենք քրեականացնել, որովհետեւ լիուլի նյութեր ունենք»: Պրն Ամարյանի հավաստմամբ` բոլոր այս բնակիչները դեռ 80-ականներին ապահովվել են բնակարաններով, սակայն Բուզանդից չեն հրաժարվել: Ամարյանը հավատացնում է, որ այդ ուղղությամբ ինքը բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել, արխիվներից հանել բոլոր այն փաստաթղթերը, որոնցով հանգիստ կարող է ապացուցել, որ Բուզանդի բնակիչները շանտաժի միջոցով դրամաշորթության են գնում: «Այդ փաստաթղթերը կարող ենք տրամադրել իրավապահ մարմիններին՝ թող գնան պարզեն, թե պետական բնակֆոնդը ոնց է բաշխվում, բայց մարդկանց ես-ը հաշվի առնելով` այդ բանը չենք անում»,- պրն Ամարյանը հավաստիացնում է, որ «Վիզկոնն» այնքան բարի է, որ բնակիչներին ոչ միայն իրավապահների ձեռքը չի հանձնում, այլեւ փոխհատուցման բազմաթիվ առաջարկներով է հանդես եկել: «Վիզկոնի» տնօրենի պաշտոնակատար Պավլիկ Անդերսոնը թվարկում է. «Ձեր նշած հացադուլավոր Նունե Վարդունու 23.500 դոլար գնահատված 36քմ սեփական տան դիմաց մենք առաջարկել ենք 76քմ բնակարան Սարյան փողոցի վրա, իսկ նա եւս 15.000 ռեմոնտի փող է ուզում, ինչից մենք հրաժարվեցինք, Ավետիք Երանոսյանի 33.750 դոլար գնահատված 60քմ տան եւ 70քմ հողամասի դիմաց մենք առաջարկել ենք 120.000 դոլար, իսկ ինքը 180.000 է պահանջում, այսինքն՝ 1քմ-ի համար 3000 դոլար է ուզում, չեմ հասկանում` որտեղի՞ց են վերցնում այդ անհասկանալի թվերը»: Պրն Անդերսոնը որոշ բնակիչների հարցով էլ առհասարակ անելանելի դրության մեջ է հայտնվել, որովհետեւ «Վիզկոնի» կողմից նրանց ուղղված բոլոր ծրարները հետ են գալիս՝ «Մենք «Վիզկոն» չենք ճանաչում» գրությամբ: «Ես մարդկանց ներկայացրել եմ իմ փաստաթղթերը եւ ասել, որ քաղաքապետարանի կողմից լիազորված եմ ձեզ հետ բանակցություններ վարել, իսկ այդ մարդիկ հրաժարվում են բանակցել, ես դրանց հետ խոսելու տարբերակ չեմ գտնում»,- հուսահատվել է Պ. Անդերսոնը: Բնակիչներն էլ Պավլիկի վրա են զարմացած՝ «Մեզ իրենց միլիոնները պետք չեն, մեզ Փոքր Կենտրոնից հանում են, գոնե Մեծ Կենտրոնում տուն տան՝ հենց հիմա գնանք ապրենք»: