«Ռոյալ Արմենիա» (ՌԱ)-Մաքսային պետական կոմիտե (ՄՊԿ) քաղաքացիական գործով դատական նիստն, ավանդույթի համաձայն, երեկ նորից հետաձգվեց: Հետաձգման պատճառը նորից ՄՊԿ-ն էր: ՄՊԿ-ի շահերի պաշտպան Կ. Կարապետյանը դատարանից խնդրեց մերժել «ՌԱ» դիմումը: «Ըստ բեռնամաքսային հայտարարագրերի լրացման կարգի` մաքսային արժեքները հայտարարագրվել են հայտատուի կողմից,- նշված է դիմումի մեջ: -Այս փաստը նշանակում է, որ վերջինս համաձայնել է հայտարարագրված մաքսային արժեքների հետ: Իսկ անճշտություններն ու սխալները կարող էին ճշտվել մաքսային հայտարարագիրն անվավեր համարելով եւ նորը լրացնելով, ինչը չի արվել դիմումատուի կողմից»: «ՌԱ» ներկայացուցիչ Գեւորգ Մինասյանին այնքան էլ չի հետաքրքրում, որ այս տարի էլ չի ավարտվի հակամարտությունը: «Հետաքրքիր մի հանգամանք կա, որ պատասխանող կողմը գրավոր պատասխան ներկայացրեց, ինչը պարտավոր էր անել, բայց, այդուհանդերձ, մաքսային արժեքների հաշվարկման մեխանիզմը չներկայացրեց, ինչը մեզ համար կարեւոր էր: Ինչ վերաբերում է հայտարարագրման կարգին, որը նշված է պատասխանողի դիմումի մեջ, ապա մաքսային հայտարարագրողը մի մասն է հայտարարագրում, որի մեջ չի մտնում մաքսային արժեքի որոշման եւ դրանից բխող հարկերի հարցը: Իրենց փաստարկներն անհիմն են»: Կ. Կարապետյանը համոզված է, որ դատարանն արդար վճիռ կկայացնի: Գ. Մինասյանն էլ համոզված է, որ դատարանը պատվեր է կատարում: Նիստը հետաձգվեց մինչեւ 2006թ. հունվարի 11-ը:
Ա.Ա.