«2006-ին էլ Ղարաբաղի հարցի լուծումը չի երեւում»

19/12/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2006 թվականին մենք ակնկալում ենք խանդավառության եւ արդյունավետության նոր մակարդակներ՝ դրանք կառուցելով այն հիմքերի վրա, որոնք ձեւավորվել են 2005 թվականին»: Նախօրեին այսպիսի հայտարարություն արեցին երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ընդհանրապես, վերջին շրջանում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման խնդրով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից հաճախ է առաջ քաշվում այն միտքը, թե 2006թ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու ամենահարմար ժամանակահատվածն է: 2006-ից որոշակի ակնկալիքներ ունի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ում գնահատմամբ` այս ընթացքում բավական շատ դրական տեղաշարժեր են գրանցվել: Սակայն ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ 2006թ. ոչ միայն ԼՂՀ հիմնախնդրի լուծում չի լինի, այլեւ` այս գործընթացը մտել է փակուղի:

– Միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով, իրենց հայտարարություններում մի քիչ ոգեւորված են: Նրանք կարծում են, որ, քանի որ 2006թ. եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ընտրություններ չեն անցկացվելու, ուստի հարմար ժամանակ է, որ երկու երկրների նախագահները կարողանան ինչ-որ պայմանավորվածության գալ: Բայց անկեղծ ասած` ես այդ ոգեւորությունը չեմ կիսում, քանի որ այս պահին Ղարաբաղի հարցի լուծում չի երեւում: Մոտակա ժամանակներում բացառվում է, որ Ադրբեջանը համաձայնի այն մտքի հետ, որ Ղարաբաղն իրենը չի, ընդհանրապես բացառվում է, որ Հայաստանը կամ Ղարաբաղը ինչ-որ կարգավիճակով ընդունեն, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմի մեջ: Այդ տեսակետից այս պահին Ղարաբաղի հարցը լուծելի չի:

– Ստացվում է, որ պահպանվելու է նույն վիճա՞կը, թե՞ հնարավոր է ինչ-որ փաստաթղթի ստորագրում:

– Այս ընթացքում կարող են լինել ընդամենը հետաձգող լուծումներ: Այսինքն` մենք մի բան զիջում ենք եւ ժամանակ ենք շահում ինչ-որ հարցում, Ադրբեջանը մի բան է ստանում եւ ժամանակ է շահում: Հիմա միակ մոտեցումը, որը կարող է լինել` տարածքները վերադարձնել եւ հանրաքվեի հետ կապված` հարցը հետաձգել 5-10 տարով: Բայց դա ձեռնտու է ոչ թե Հայաստանին, այլ միայն Ադրբեջանին: Ադրբեջանը գտնում է, ու դա իրականում այդպես է, որ ժամանակն աշխատում է իր օգտին: Ժողովրդավարության տեսանկյունից` այսօր այս երկու պետությունները նմանվել են իրար: ՀՀ-ի համար գլխավոր ֆակտորը` ժողովրդի ազատությունը, որ հնարավորություն է տալիս տնտեսության արագ աճ, գնալով իսպառ վերանում է: Իսկ Ադրբեջանում նավթը, տնտեսության զարգացումը բուռն ձեւով առաջ է գնում: Եվ Ադրբեջանը հաշվում է, որ 5-10 տարուց հետո ինքը կարող է ունենալ շատ ավելի նպաստավոր վիճակ. տարածքներն արդեն իրենն են, համաձայնության չի գա Հայաստանի հետ, բոլոր դեպքերում, այնքան ուժեղ կլինի, որ պատերազմի կամ ճնշումների միջոցով այդ հողերը կվերցնի: Ու, այդ առումով, ես Ղարաբաղյան հարցում փակուղի եմ տեսնում:

– Ի՞նչ եք կարծում, այդ դեպքում ՀՀ իշխանությունները կհամաձայնե՞ն նման պայմաններում որեւէ փաստաթուղթ ստորագրել:

– Եթե ՀՀ-ն ստորագրի այդպիսի պայմանագիր, ապա դա կործանարար կլինի մեր ապագայի համար: Բայց որքան էլ ես վատ վերաբերվեմ ՀՀ իշխանություններին, ես չեմ կարծում, որ իրենք չգիտակցեն ու ստորագրեն մի այդպիսի պայմանագիր: Իսկ եթե անգամ ՀՀ ղեկավարությունը ստորագրի, ապա բացառվում է, որ Ղարաբաղը համաձայնի ու ինքն էլ ստորագրի այդ փաստաթղթի տակ: Ղարաբաղի նախագահն այդ երկրի շահը կպաշտպանի:

– Բայց Ղարաբաղն այսօր օտարված է բանակցությունների ողջ գործընթացից:

– Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղյան բանակցություններում իրեն պահում է այնպես, ինչպես պահում է երկրի ներքաղաքական կյանքում: Այսինքն` նա ընդամենը տղայականություն է անում: Ինքը հայտարարեց, թե «ես այստեղի «ամենաղոչն» եմ, ինչ որ ես ասեմ` ՀՀ-ն ու Ղարաբաղն ինձ կլսեն»: Ղարաբաղը մղվեց երկրորդ պլան, ու այդկերպ նա բանակցությունները բերեց փակուղի: Բայց եթե հիմա մի բան պետք լինի ստորագրել, Ղարաբաղը չի ստորագրի ու, այդ դեպքում, ՀՀ ստորագրությունը կարող է ոչ մի դեր չխաղալ:

– Իսկ եթե, այնուամենայնիվ, որեւէ փաստաթուղթ չստորագրվի ու ստեղծված իրավիճակը պահպանվի, ապա, Ձեր գնահատմամբ, արդյո՞ք դա ավելի չի բարդացնի բանակցությունների ընթացքը:

– Եթե 2006թ. ընթացքում չլուծեն հիմնահարցը, ապա նորից կունենանք սառը պատերազմ` ՀՀ-ի, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ: Սառը պատերազմ, ինչպես մի ժամանակ ԽՍՀՄ-ն ու Արեւմուտքն էին իրար դեմ վարում: Իսկ սառը պատերազմի դեպքում հաղթանակի հասնելու համար ՀՀ-ին կտրուկ ներքին փոփոխություններ են պետք` դեպի ազատություն, օրինականություն, ժողովրդավարություն, նոր տիպի տնտեսությունների զարգացում: Իսկ Ադրբեջանի դեպքում ժողովրդավարությունը թեեւ պետք է, սակայն այդքան մեծ ստիմուլ չի, որքան զուտ իրենց ընդերքի ճիշտ օգտագործումը:

– Իսկ Դուք «տաք պատերազմը» որքանո՞վ եք հավանական համարում: Մանավանդ, որ Ադրբեջանի կողմից հաճախ են նմանատիպ հայտարարություններ հնչում:

– Հարցերը եթե խաղաղ բանակցությունների միջոցով չեն լուծվում, ապա ուշ թե շուտ պատերազմ է ծագելու: Բնական է, որ պատերազմը կարող է միայն Ադրբեջանը հայտարարել: Բայց կարծում եմ, որ այս վիճակի շարունակվելու դեպքում Ադրբեջանը չի շտապի: Այդ երկրի համախառն ներքին արդյունքը, ֆինանսական հնարավորությունները զարգանում են բավական մեծ տեմպերով: Ե՛վ Ռուսաստանը, եւ՛ Թուրքիան, եւ՛ Արեւմուտքն Ադրբեջանի հետ ավելի շատ են հաշվի նստում, քան ՀՀ-ի հետ: ՈՒստի ադրբեջանցիները շտապելու կարիք չունեն, նրանք մի որոշ ժամանակ կսպասեն: Եվ այդ ժամանակ արդեն պարտադիր չի, որ Ադրբեջան երկիրը պատերազմ հայտարարի: Եթե այս տեմպերով ամեն ինչ գնա, ապա Ադրբեջանն այնպիսի մի վիճակում կլինի, որ դիմացինն ինքը կհասկանա` պատերազմի դեպքում պարտությունն անխուսափելի կլինի:

– Պարոն Մանուկյան, Դուք պնդում եք, որ ղարաբաղյան խնդրի լուծումը մտել է փակուղի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարեցին, որ բանակցությունները ճիշտ ուղու վրա են ընթանում:

– Փակուղին արդյունքներով են դատում, եւ ոչ թե բանակցող կողմերի հայտարարություններով:

– Ստացվում է, որ համաձայն եք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումների հետ, որ այն, ինչ կարող էինք ստանալ 1997 թվականին, այլեւս երբեք չենք կարող ստանալ:

– Ես այդպես չէի ձեւակերպի: Այս տարիների ընթացքում ոչ միայն մենք, ոչ միայն ղարաբաղցիները, այլ նաեւ միջազգային կազմակերպությունները հասկացել են, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ չի կարող լինել: Այդ տեսակետից ժամանակը շահեկան էր, քանի որ ավելի ամրացավ Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտնելու անհնարինությունը: Սակայն մյուս կողմից եթե նայենք, ապա տնտեսական զարգացումների այն պոտենցիալը, որ ունի Ադրբեջանը, հնարավորություն է տալիս մոտակա տարիներում շատ արագ զարգանալ, մինչդեռ Հայաստանի հիմնական պոտենցիալը` մարդկանց ազատությունը, օրինականությունը, ժողովրդավարությունը, որ հնարավորություն էր տալիս մեր երկրին արագ զարգանալ, տարեցտարի նվազում են:

– Այդ դեպքում, հնարավո՞ր է, որ ԼՂՀ հիմնահարցի պատրվակով երկրորդ անգամ ՀՀ-ում հեղաշրջում կամ իշխանափոխություն լինի:

– ՀՀ-ում իշխանափոխության հարցում շատ ավելի կարեւոր հանգամանք կա: ՀՀ-ն բոլոր հարցերում մտել է փակուղի: Բոլոր այն գաղափարները, որոնք հնարավորություն տվեցին ունենալ անկախություն, բազմակուսակցական համակարգ, ցեղասպանության ճանաչում եւ այլն, այդ գաղափարներն արդեն դեն են նետված: Եվ հիմա Հայաստանը ոչ մի խնդիր լուծել չի կարող: ՀՀ-ի ու Ղարաբաղի ամբողջ ապագան կախված է նրանից, թե ներքին փոփոխություններ կլինե՞ն ՀՀ-ում ու Ղարաբաղում, թե՞ ոչ: Իսկ Ղարաբաղի հարցն իշխանափոխության հանգամանքներից մեկը կարող է լինել: