Միացյալ ընդդիմությունը երեկ Մատենադարանի մոտ անցկացրեց այս տարվա վերջին հանրահավաքը: Ինչպես իր ելույթում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը, ընդդիմությունը չի դադարեցնելու պայքարը, եւ հաջորդ հանրահավաքը կկայանա 2006թ. հունվարի 27-ին:
Ինչպես եւ սպասվում էր, երեկվա հանրահավաքին բավական քիչ մարդ էր եկել: Բայց չնայած տեղացող հորդառատ անձրեւին, հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունն ու ընդդիմության առաջնորդները (բացի «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից, ով իր կուսակիցների հետ ծվարել էր Մատենադարանին հարող կամարների տակ) կանգնած էին ու ելույթ էին ունենում առանց անձրեւանոցների: Իր ելույթից հետո ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը` մոտենալով լրագրողներին, փորձեց հիշել, թե Շարժման տարիներին քանի հանրահավաք են այսպիսի անձրեւների տակ անցկացրել, սակայն չկարողացավ կոնկրետ թիվ մտաբերել: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն իր խոսքի սկզբում «սիրելի ժողովրդին» շնորհակալություն հայտնեց, որ, չնայած հորդառատ անձրեւին, եկել են հանրահավաքի: Ու ընդդիմության հետ միասին, Արամ Սարգսյանի ձեւակերպմամբ, «թրջվեցիք մինչեւ վերջին նասկին»: «Ցույց տվեք մեկ մարդու, որ այսօրվա նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպման համար կկանգնի անձրեւի տակ, կսպասի հոժար կամքով: Չկա՛ այդպիսի բան եւ ոչ միայն` նրա, այլեւ` իշխանությունների համար: Ու դա նշանակում է, որ ժողովուրդն այսպես թե այնպես ընդդիմության հետ է»,- ասաց Արամ Սարգսյանը: «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը հանրահավաքի ժամանակ ընթերցեց այն անձանց անուններն, ովքեր միացել են Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից դեկտեմբերի 9-ին հրապարակած եւ նույն օրը նախագահական նստավայր հանձնված «Հանրային հաշվետվության քաղաքացիական պահանջագրին»: Դրանք հիմնականում անվանի մտավորականները, մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներն են: Ինչպես նկատեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, իրենք իրենց հարցերը պնդելու են այնքան ժամանակ, մինչեւ չստանան դրանց պատասխանները: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանն էլ գտնում է, որ այս իշխանությունների օրոք ցանկացած հարցում մենք հետեւողականորեն գնում ենք դեպի փակուղի: Բայց հանրաքվեի ժամանակ նրանց ցուցաբերած ցինիզմն ու լկտիությունը մեր առաջընթացի առջեւ վերջին «շլագբաումը փակեց»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով էլ` նոյեմբերի 27-ի հանրաքվեն ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն անցել է իր ռուբիկոնը թե արտաքին աշխարհի համար, թե ներքաղաքական կյանքում: Նոյեմբերի 27-ի հանրաքվեի ժամանակ կատարված ընտրակեղծիքներն ավելի ակնհայտ ու աղաղակող էին, քան Վրաստանում, Ուկրաինայում տեղի ունեցած եւ հեղափոխության առիթ դարձած ընտրակեղծիքները: Ու հիմա Արամ Սարգսյանի մատնանշմամբ, վերադասավորումներ են գնալու ինչպես` իշխանական բուրգում, այնպես էլ` ընդդիմության մեջ: «Արդեն երեւում են իշխանական բուրգի վերադասավորումները: Նոր կուսակցություններ են ուզում բացվել, որոնք կարող են այսօրվա իշխանությունների ապագա հենարանը դառնալ: Այդ կուսակցությունների մի մասն այլ մոտեցումներ է հայտնում նոյեմբերի 27-ի կապակցությամբ»,- փաստեց Արամ Սարգսյանը: Նույն վերադասավորումներն ընթանում են ընդդիմության շարքերում. «Կան կուսակցություններ, որոնք գտնում են, որ խնդիրները կարող են լուծել էվոլյուցիոն ճանապարհով: Կան կուսակցություններ, մարդկանց խմբեր, ովքեր համոզված են, որ ՀՀ-ում էվոլյուցիոն ճանապարհով խնդրի լուծումներ չկան: Եվ հավատացնում եմ ձեզ, հունվար ամսին այդ երկու բուրգերից որ մեկը հասարակության համար ավելի ընկալելի, պատրաստ հանդես կգա, նա էլ կհաղթի»,- փաստեց Արամ Սարգսյանը: Վերջինս հերքում է այն տեսակետները, թե ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահներն իրենց առջեւ Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու միսիա ունեն դրված, եւ նրանք պետք է պաշտոնավարեն այնքան, մինչեւ Ղարաբաղի հարցը լուծելը: «Սուտ է, նման բան չի կարող լինել: Այս իշխանությունների ներկայացրած ցանկացած լուրջ կամ անլուրջ նյութ ժողովուրդը չի ընդունում, հետեւաբար` իրենցով Ղարաբաղի հարց լուծել հնարավոր չի»:
Պարոն Սարգսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական հասարակություն ստեղծելու նպատակով ձեւավորվել են կառույցներ, ու կոչ արեց հավաքվածներին` անդամակցել դրանց եւ հունվարի 27-ի հանրահավաքին ներկայանալ արդեն «գրանցված անհատներով ու չորրորդ հանրապետության քաղաքացիներով»: Այնպես որ, խոստացված իշխանափոխությունը տեղափոխվեց հաջորդ տարի: