Վերջին տարիներին լրագրողների դեմ բռնությունները Հայաստանում սովորական են դարձել: Եվ թերեւս դա է պատճառը, որ արդեն քանի տարի է, միջազգային կազմակերպությունների հրապարակած զեկույցներում Հայաստանը «մասամբ ազատ» զանգվածային լրատվության միջոցներ (ԶԼՄ) ունեցող երկրների ցանկից նահանջել է «ոչ ազատ» ԶԼՄ ունեցող երկրների շարքը: Բոլորովին վերջերս էլ, «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, ԶԼՄ-ների ազատության հարցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ 23 կետով զիջել է դիրքերը: Այս փաստն օրերս արած իր հայտարարության մեջ նշել էր նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Հարձակումները, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, բռնությունները, լրագրողների աշխատանքին խոչընդոտելը, նրանց բերման ենթարկելը դառնում են արատավոր պրակտիկա»,- իր հայտարարության մեջ նշել է տիկին Ալավերդյանը: Նկատենք, որ լրագրողների հանդեպ վերոնշյալ բռնարարքները հաճախակիանում են հատկապես այն ժամանակ, երբ երկրում քիչ թե շատ լարված քաղաքական իրավիճակ է ստեղծվում: Այդ ժամանակ ի հայտ են գալիս ահասարսուռ կերպարանքով մի քանի հաստավիզ սափրագլուխներ ու լծվում «ըմբոստ» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հայրենանվեր գործին: Ավանդույթի համաձայն, իրենց աշխատանքը կատարելու ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունների փաստերին հաջորդում են մի քանի լրագրողական կազմակերպությունների դատապարտող հայտարարությունները եւ երբեմն էլ՝ դատարանի կողմից նշանակված սիմվոլիկ պատիժը, ու այսքանով թեման համարվում է փակված: Վերջին տարիներին ՀՀ-ում լրագրողների հանդեպ հաճախակիացած բռնությունների թեմային երեկ «Հայելի» ակումբում անդրադարձան «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ Երեւանի Մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը: «Ազգ»-ի խմբագիրն այն կարծիքին է, որ հայկական ԶԼՄ-ները պառակտված են: «Երբ լրագրողի նկատմամբ բռնություն է կատարվում, ի՞նչ է կատարվում. մտածում ենք՝ ո՞ր լրատվամիջոցն է, ո՞ր թերթն է, ո՞ր հեռուստաընկերությունն է, ի՞նչ էր գրում այդ աղջիկը կամ տղան, նա Քոչարյանին էր պաշտպանո՞ւմ, թե՞ հակառակը»,- նշեց Հ. Ավետիքյանը, ում համոզմամբ՝ դա ամենավտանգավոր բանն է: Նրա պնդմամբ՝ տվյալ պարագայում կարեւորը պետք է լինի ոչ թե անհատը, այլ՝ երեւույթը, եւ գնահատական պետք է տրվի հենց երեւույթին: Հ. Ավետիքյանն այն կարծիքին է, որ լրագրողների հանդեպ կիրառվող բռնություններում մեղավոր են նաեւ հենց լրագրողները՝ հասարակական կարծիք ստեղծողները: «Մեզ համար պետք է ուղենիշ լինի այն, որ լրագրողին չի կարելի մատով անգամ կպնել»,- համոզված է «Ազգ»-ի գլխավոր խմբագիրը: Նա առաջարկում է` այն բանից հետո, երբ լրագրողներից որեւէ մեկի նկատմամբ մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ բռնություն է կիրառվում, անմիջապես, հենց նույն օրը լրագրողական կազմակերպություններն ասուլիս հրավիրեն՝ լրագրողների, լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ: Հ. Ավետիքյանն առաջարկում է այդ ասուլիսին հրավիրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին ու նրանց առաջ դնել այդ հարցն ու ժամկետներ նշանակել: Նրա համոզմամբ՝ նման դեպքերի համար գործողությունների հստակ ծրագիր է պետք: Իսկ որպեսզի լրագրողների դեմ բռնություններ չկիրառվեն, լրատվամիջոցները պետք է քաղաքական պայքարի կողմ չհանդիսանան: Երեկ նման կարծիք հայտնեց ԵՄԱ նախագահ Բ. Նավասարդյանը: Վերջինս սակայն դա մեր երկրում իրատեսական չի համարում, եւ գտնում է, որ լրագրողների հանդեպ բռնությունների դեմ մեր պայմաններում կարելի է պայքարել «լրագրողական համերաշխությամբ», ինչը սակայն, ըստ նրա, դարձյալ իրականություն չի դառնում: «Այսօր լրատվամիջոցները լուծում են հստակ քաղաքական խնդիրներ, եւ դժվար թե ժամանակ, ուժ, եռանդ տրամադրեն՝ պրոֆեսիոնալ համերաշխության խնդիրները լուծելու համար»,- կարծում է ԵՄԱ նախագահը: Լրագրողների հանդեպ կիրառվող բռնությունների դեմ, ըստ ԵՄԱ նախագահի, կարելի է պայքարել նաեւ, եթե իշխանությունները պարզապես պատժեն բռնարարքների հեղինակներին, ինչի դրսեւորումները չկան: Ստացվում է, որ այդ բռնությունների դեմ գործնականում հնարավոր չէ՞ պայքարել: Բ. Նավասարդյանը կարծում է, որ բռնությունների դեմ կարելի է պայքարել՝ անընդհատ դրանք ուշադրության կենտրոնում պահելով: Ինչեւէ, կարելի է փաստել, որ հայ լրագրողները շարունակում են անզոր մնալ ինչ-որ հաստագլուխների դեմ, ու նրանցից շատերը դրանց դեմ պայքարելու համարձակություն ու ցանկություն չունեն: Իսկ լրագրող ծեծողներն արդեն գիտեն, որ լրագրող ծեծելն արժե մոտ 100 դոլար: Ծեծում են, վճարում ու հպարտ-հպարտ գնում տուն: