Վրաստանի խորհրդարանի Արտաքին կապերի կոմիտեի նախօրեին կայացած նիստում քննարկվել է ԱՊՀ կազմում Վրաստանի մնալու նպատակահարմարության մասին փաստաթղթի նախագիծը: Քննարկման ընթացքում մասնավորապես նշվել է, թե փաստաթղթում պետք է արտացոլված լինի այն միտքը, որ Վրաստանի անդամակցումն ԱՊՀ-ին ժամանակին իրականացվել է վրաց ժողովրդի կամքին հակառակ՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ կոպիտ ռազմական եւ քաղաքական ճնշման արդյունքում: Նիստի ընթացքում նշվել է, որ Արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեն պատրաստ է նախագծի մշակումն իրականացնել առավելագույն թափանցիկ ռեժիմով եւ անհրաժեշտ է համարում բոլոր խորհրդարանական կոմիտեների եւ կառույցների մասնակցությունն այդ գործընթացին, ինչպես նաեւ` Վրաստանի նախագահի եւ գործադիր իշխանության, ՎՈՒԱՄ գծով գործընկերների հետ այդ ուղղությամբ խորհրդատվությունների ակտիվացումը: Ինչպես հայտարարել է Արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Կ. Գաբաշվիլին, նախագծի վրա աշխատելիս անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր ռիսկերը, որոնք կարող են հետեւել ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալուն: