Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 11-ին հերթական միջադեպն է գրանցվել Ջավախքում: Այդ օրը Հայաստանի եւ Վրաստանի սահմանային Ժդանովական գյուղի մաքսային կետի հայ աշխատակիցներին աշխատանքից ազատելու, նրանց փոխարեն վրացիներ նշանակելու կապակցությամբ սահմանային կետում մեծ ցույց է տեղի ունեցել՝ մի քանի հարյուր ջավախահայերի մասնակցությամբ:
Ցուցարարները վրացական անցակետի մի քանի ուղեփակոցներ քանդելուց հետո շարժվել են հայկական անցակետ: Իսկ դեկտեմբերի 12-ին էլ Արցախյան պատերազմին մասնակցած երեք հրամանատարներ՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը, Արկադի Կարապետյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը Արցախյան պատերազմի կամավորականների անունից բաց նամակ են հղել ոչ ավել, ոչ պակաս՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Նամակում, որը գրված է բավականին կոշտ տոնով, մասնավորապես ասվում է, թե «Վրացական պետության տարածքում հակահայ գործողությունների հետագա ծավալումը լրջորեն կվնասի հայ-վրացական հարաբերություններին, որոնք, ցանկության դեպքում, կարող էին շատ ավելի բարեկամական լինել: Սթափության կոչ ենք ուղղում պաշտոնական Թբիլիսիին եւ զգուշացնում, որ ուժային մեթոդները, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, կարող են առաջացնել ոչ ցանկալի զարգացումներ»: Իրո՞ք այդքան լարված է իրավիճակը Ջավախքում, եւ ի՞նչ է իրականում այնտեղ կատարվել: ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանի խոսքերով՝ այս պահին մեծ լարվածություն չկա: «Այդ ակցիան եղավ, անցավ: Սակայն հայտարարություն է եղել, որ նորից կկրկնեն, եթե չանդրադառնան իրենց բարձրացրած հարցերին»,- տեղեկացնում է պրն Մարգարյանը: Ըստ նրա մաքսակետի գրեթե ողջ աշխատակազմը փոխելու պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ կան կոռուպցիայի նկարահանված դրսեւորումներ: «Դժգոհություն է առաջացրել այն, որ այդ կադրերը դրսից են համալրվում: Եվ երիտասարդական կազմակերպություններից մեկն էլ կազմակերպել է այդ ակցիան, որի ընթացքում կոտրել էին ուղեփակոցը: Ավերածություններ չեն եղել: Սահմանի գլխին մի քանի ուղեփակոց է կոտրվել»,- մանրամասնում է նա: Լավ, իսկ ո՞րն է եղել ցուցարարների՝ հայկական անցակետ շարժվելու նպատակը. «Պատճառաբանում են, որ մաքսակետերն ընդհանրապես խոչընդոտում են հարաբերություններին, եւ Հայաստանի հետ գործարարության եւ տնտեսական կապերի դժվարություններ են առաջացնում»: Նա սակայն, կարծում է, որ դա ոչ թե մաքսակետին պետք է ուղղված լինի, այլ օրենքին: Այս պահին վրացական եւ հայկական իշխանությունները որեւէ կերպ պաշտոնապես չեն արձագանքել տեղի ունեցածին: «Եթե խորանանք պահանջների մեջ, նշանակում է, որ մաքսային կետ չպետք է լինի, կամ պետք է լինի ձեւական: Սա արդեն սկզբունքային հարց է: Մենք կարո՞ղ ենք Վրաստանի հետ որեւէ կետում չունենալ մաքսային ծառայություն»,- հարցնում է պրն Մարգարյանը, ում կարծիքով տեսականորեն դա հնարավոր է, եթե ենթադրենք, որ Վրաստանն ու Հայաստանը մեկ մաքսային գոտու մեջ միավորվեն, բայց գործնականում այսօր նա դրա ձեւը չի տեսնում: Նա այն կարծիքին է, որ մաքսակետերի հարցն այս դեպքում ավելի շատ առիթի էր նման, եւ պատճառները խորքային են: «Այստեղ սրան գումարվում է Ռուսաստանի հետ գործող վիզային համակարգը: Շատերը ձեռք են բերում Ռուսաստանի քաղաքացիություն, որ Ռուսաստան գնալը հեշտ լինի, բայց շարունակում են ապրել Ջավախքում, եւ վերադառնալիս, որպես Ռուսաստանի քաղաքացի, սահմանի վրա խոչընդոտների են հանդիպում»,- ասում է նա: Անդրադառնալով հայ հրամանատարների վերոնշյալ հայտարարությանը՝ պրն Մարգարյանը կարծիք է հայտնում, որ ՀՀ-ում ասված ցանկացած խոսք եւ արված ցանկացած հայտարարություն տեղում՝ Ջավախքում, բոլորովին ուրիշ արձագանք է գտնում, ինչը շատ դեպքերում հակասական է լինում: «Եվ այդ պրոցեսների վրա դրանց թողած ազդեցությունը երբեմն լինում է նաեւ բացասական: Սա միանշանակ է: Այնտեղի իշխանությունները եւ պետությունն ամեն մի հայտարարության, ամեն մի խոսքի տակ գործողությունների են սպասում եւ, բնականաբար, ադեկվատ արձագանքի խնդիր է առաջանում: Եվ հասարակական շարժումները դրանից որոշակի ենթադրություններ են անում, եւ ինչ-որ պրոցեսներ են գնում»,- իր ասելիքը եզրափակեց նա: