Ընդդիմության վերջին հանրահավաքից հետո ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը «ՀՀ նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանին», «երկնիշ զարգացման պաշտոնական հավաստիքից ելնելով», «հանրային հաշվետվության քաղաքացիական պահանջագրով» 21 հարց էր ուղարկել եւ ակնկալում էր պատասխանը ստանալ մինչեւ դեկտեմբերի 16-ը:
Սակայն Ռ. Քոչարյանը դեռեւս Ր. Հովհաննիսյանի նամակին որեւէ կերպ չի արձագանքել եւ, դատելով նրա մամուլի խոսնակի խոսքերից՝ չի էլ պատրաստվում արձագանքել: Րաֆֆի Հովհաննիսյանի հարցերը սակայն անպատասխան չմնացին: Երեկ հրավիրած ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահին ուղղված ՀՀ առաջին արտգործնախարարի հարցերին պատասխանելու գործն իր վրա էր վերցրել Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) ղեկավար Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս իր այդ քայլը բացատրում է նրանով, որ ՀԱԿ-ը 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու Ռ. Քոչարյանի նախընտրական «պլատֆորմին» պաշտոնապես սատարող է եղել, ուստի իրեն իրավունք է վերապահում պատասխանել նրան ուղղված հարցերին, որոնց մեջ, ի դեպ, մեծամասնությունն անձնական բնույթի հարցեր են: Օրինակ՝ Ր. Հովհաննիսյանի՝ Ռ. Քոչարյանին ուղղված՝ «1991-ին ի՞նչ սեփականության տեր էիք Դուք, Ձեր վսեմափայլ տիկինը, Ձեր եւ նրա անմիջական ընտանիքը՝ անդամ առ անդամ» հարցին, Քոչարյանի փոխարեն իր պատասխանում Տ. Ուրիխանյանը նշում է, թե «հարցը խոսում է հեղինակի վարչագործարարական անտեղյակության մասին», ու խորհուրդ է տալիս դիմել «պետական գրանցման համապատասխան մարմիններին»: Իսկ Հովհաննիսյանի՝ «Դուք ո՞ր երկրի կամ երկրների քաղաքացին եք» հարցին էլ Տ. Ուրիխանյանը՝ հղում անելով «ՀՀ ԳԽ համապատասխան որոշմանը»՝ այսպես է պատասխանում. «Այն երկրի, որն անբաժանելի է, որի քաղաքացիները չեն կարող լինել որեւէ այլ երկրի քաղաքացիներ (այդպես պետք է համարի յուրաքանչյուր բարոյական հայ մարդ)»: Իսկ Ր. Հովհաննիսյանի մեկ այլ՝ «Դուք ԼՂ-ում կամ ՀՀ-ում իշխանավարման ընթացքում, պատերազմի ճակատային գործողություններից դուրս մարդ սպանե՞լ եք» հարցի պատասխանում էլ ՀԱԿ ղեկավարը խորհուրդ է տալիս հարցն ուղղել ՀՀ իրավապահ մարմիններին՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ եթե ՀՀ նախագահը կատարած լիներ այդպիսի արարքներ, ապա ոչ միայն չէր պաշտոնավարի, այլեւ կլիներ ազատազրկման մեջ, իսկ որպես իրենց համոզմունքի հիմք էլ` նշում է երկրում ընդդիմության առկայությունը: Իսկ եթե Ռ. Քոչարյանն, այնուամենայնիվ, կատարած լինի նման արարքներ, Տ. Ուրիխանյանն առաջարկում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ մյուս բոլոր ընդդիմադիրների, այսինքն՝ «այլընտրանքային իշխանության» հետ հավաքվել, «գնալ ու վերջ տալ այդ իրավապահ մարմիններին»: «Հետաքրքիր է, որ որեւէ մեկը խիզախություն չունեցավ նախագահի թիկունքին կանգնելու»,- Քոչարյանին ուղղված հարցերին իրենց պատասխանելու փաստի հիմնավորումների փնտրտուքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ առաջնորդը: Երեկվա ասուլիսը հրավիրելուց առաջ ասուլիսի կազմակերպիչները Ր. Հովհաննիսյանի համար անակնկալ էին խոստացել: Իսկ անակնկալն այն էր, որ Ռ. Քոչարյանի փոխարեն Ր. Հովհաննիսյանի հարցերին պատասխանող Տ. Ուրիխանյանն էլ իր հերթին մեկ հարց ուղղեց Ր. Հովհաննիսյանին: Հարցի նախաբանից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարվա հունիսին Ր. Հովհաննիսյանը ՀԱԿ-ից ստացել է մի գրություն, որով առաջարկվել է «հանդես գալ մի շարք ազգօգուտ համատեղ նախաձեռնություններով», մասնավորապես խոսքը ութ կույր երեխաներին կնքելու արարողության կազմակերպման մասին էր, որի նյութական միջոցների ապահովումն էլ իր վրա է վերցնում ՀԱԿ-ը: Այս երկար նախաբանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված Տ. Ուրիխանյանի հարցը բավականին կարճ էր. «Ինչո՞ւ մերժեցիք»: «Անակնկալներով լեցուն» երեկվա այս ասուլիսի ընթացքում Տ. Ուրիխանյանը ստիպված եղավ անդրադառնալ իր՝ պատգամավոր դառնալու ցանկությանը: Իսկ սահմանադրական «Այո»-ի շտաբում նրա քրտնաջան աշխատանքից հետո նրան խոստացվե՞լ է այդ տեղն Ազգային ժողովում՝ հարցին պատասխանելիս էլ Տ. Ուրիխանյանը եւս մեկ անգամ փաստեց Աժ պատգամավոր դառնալու իր նկրտումները ու, չգիտես ինչու, մի պատմություն պատմեց 5-6-րդ դարերում ապրած մի փիլիսոփայի մասին: Վերջինս, ըստ նրա, «ստից մարդ» է եղել, բայց խելացի ծառա է ունեցել, գրել է ծառայի մտքերը, ներկայացրել համապատասխան ոճով եւ այդպես ամրագրվել է փիլիսոփայության պատմության մեջ: «Մի օր ճաշարանում հանդիպումից հետո դուրս եկան, ծառան ասում է՝ Տեր, մեր զրուցակիցը խելացի մարդ էր, իսկ տիրոջ հարցին, թե որտեղի՞ց դա իմացավ, ծառան պատասխանել է, թե՝ նա միայն ճշմարտություն էր խոսում»,- պատմում էր Տիգրան Ուրիխանյանը: Սակայն ի՞նչ կապ ունի այդ փիլիսոփան՝ պատգամավոր դառնալու Տ. Ուրիխանյանի նկրտումների հետ: «Դա կապված է նրա հետ, որ մենք ազնվորեն միշտ հայտնել ենք մեր ցանկությունները եւ հավակնությունները՝ հայտնվել խորհրդարանում եւ պետական կառավարման այլ օղակներում»,- վերոնշյալ փիլիսոփայի ծառայի հայտնած մտքերի հետ իրենց կապը բացահայտեց ՀԱԿ ղեկավարը եւ հավելեց, որ այդ նպատակի իրագործման համար իրենք օգտագործում են «բոլոր օրինաչափ, թույլատրելի, բարոյական եւ օրենքով չսահմանափակված հնարավորությունները»: Պարզվում է՝ «այո»-ի քարոզչությանն իրենց մասնակցությանը Տ. Ուրիխանյանը վերաբերվում է մեծ վերապահումներով: «Եթե մեր գործողությունների համար պետք է «մրցանակ շնորհվի», ես կարծում եմ, որ մեր գործողություններն այն գործողությունները չէին, որոնց համար սովորաբար մրցանակներ են շնորհվում»,- մրցանակաբաշխության մասով էլ իր կարծիքն այսպես ամփոփեց ՀԱԿ ղեկավարը: