Պարզվում է` գները նվազում են

18/12/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Երեկ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը դասախոսությամբ հանդես եկավ Երեւանի Պետական տնտեսագիտական ինստիտուտում եւ ուսանողներին ու մասնագետներին ծանոթացրեց հունվարի 1-ից ԿԲ-ի կողմից իրականացվելիք դրամավարկային քաղաքականության նոր ռազմավարության, այն է` գնաճի նպատակադրման քաղաքականության հետ:

Ինչպես գիտենք, ըստ «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի` ԿԲ-ի գլխավոր նպատակը հանրապետությունում գների կայունության ապահովումն է: Իսկ նպատակն արդարացնում է միջոցները: Որո՞նք էին այն միջոցները, որ մինչեւ այժմ չեն «արդարացվել», այդ պատճառով էլ ԿԲ-ն փոխում է դրանք: 1994-ից ԿԲ-ն վարում է դրամական ագրեգատների (կոպիտ ասած` փողի քանակի) նպատակադրման քաղաքականություն: Այսինքն, ազդելով փողի քանակության վրա` ԿԲ-ն կարգավորել է գնաճը: Սակայն Տ. Սարգսյանի խոսքերով, վերջին 3 տարիների ընթացքում այս շղթան չի գործել, իսկ «մեղավորը» եղել է տնտեսական աճը: «Բարձր տնտեսական աճի պատճառով դրամական բազան աճում է 40%-ով, այն դեպքում, երբ մեր ծրագրային ցուցանիշը եղել է 8%: Ծրագրված ցուցանիշներից կտրուկ շեղումները վտանգում են ԿԲ-ի հեղինակությունը»,- պատճառաբանում է ԿԲ նախագահը: Նոր ռազմավարության համաձայն, մեկ տարվա կամ որոշակի ժամանակահատվածի համար ԿԲ-ն կհրապարակի գնաճի ծրագրային ցուցանիշ կամ միջակայք եւ դրանից շեղվելու դեպքում հասարակությանը բացատրություն կտա: «Մեր քաղաքականության մեջ որակական փոփոխություններ են սպասվում. այսուհետ գնաճի մակարդակի վրա ազդելու հիմնական գործիքը կլինի տոկոսադրույքը»,- նշում է Տ. Սարգսյանը: Կարելի է եզրակացնել, որ ի զորու չլինելով կառավարել փողի քանակը` ԿԲ-ն ընտրեց նոր միջոց, այն է` փողի գինը` տոկոսադրույքը: Ի դեպ, փողի քանակի «անկառավարելիության» պատճառներից մեկն էլ մեր տնտեսությունում «ստվերային» դոլարների մեծ ծավալների առկայությունն է:

Բնականաբար, Տ. Սարգսյանը չէր կարող չանդրադառնալ գնաճի ներկայիս մակարդակին: Նշելով, որ 1998-2004թթ. Հայաստանում գրանցվել է միջին տարեկան 2,4% գների աճ` ԿԲ նախագահն ասաց, որ այս տարվա 11 ամիսներին գները նվազել են 2,4%-ով, ինչին «ոչ ոք չի հավատում»: Ուսանողի այն արձագանքին, որ չնայած գնանկման պաշտոնական ցուցանիշին` հասարակությունն «իր մաշկի» վրա զգում է գների բարձրացումը, Տ. Սարգսյանը նշեց, որ չկա մի երկիր, որտեղ քաղաքացիները չբողոքեն գների աճից: Նա նաեւ գտնում է, որ 2002թ. կազմված սպառողական զամբյուղի բաղադրությունը, որով հաշվարկվում է գների մակարդակը, այսօր չի համապատասխանում միջին խավի հայկական ընտանիքի իրական պատկերին: Շատ ապրանքատեսակներ կան, որ հայ ընտանիքն այսօր օգտագործում է, բայց դրանք չեն մտնում սպառողական գների ինդեքսի հաշվարկի մեջ: Ինչեւէ, հաշվարկին «մասնակցում են» այն ապրանքները, որոնց գները գուցե իսկապես չեն աճում:

Իսկ ինչո՞ւ ԿԲ-ն փոխարժեքի նպատակադրման քաղաքականություն չի վարում: Որովհետեւ փոխարժեքի կարգավորման համար մեր պետությանն անհրաժեշտ են միջազգային պահուստների հսկայական ծավալներ, որպեսզի ցանկացած պահի ԿԲ-ն կարողանա «շուկա դուրս գալ»:

ԿԲ նախագահն անդրադարձավ նաեւ դոլարի արժեզրկման պատճառներին` կրկին նշելով արտասահմանից մուտք գործող մասնավոր տրանսֆերտները, որոնց թիվը մինչեւ տարեվերջ կգերազանցի 1 մլրդ դոլարը: Սակայն Տ. Սարգսյանն առաջ բերեց եւս մեկ պատճառ. «Դոլարը Հայաստան է գալիս` արդեն արժեզրկված լինելով»: ԿԲ նախագահի համոզմամբ` հայկական դրամի արժեւորումից տեղական արտադրողները պետք է ոչ թե տուժեն, այլ առավել մրցունակ դառնան միջազգային շուկայում` տեղական արտադրանքի էժան գնից շեշտադրումը տեղափոխելով որակի ու արտադրական հզորությունների վրա: Պետք է նշենք, որ Տ. Սարգսյանի նոր տեսության դրույթները լուրջ մտածելու տեղիք են տալիս:

Մեկ «սենսացիոն» հայտարարություն եւս: Այս տարի առաջին անգամ ԿԲ-ի կողմից կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները տարբերվելու են կառավարության նույն ցուցանիշներից: Սակայն, ինչպես նշեց Տ. Սարգսյանը, ԿԲ-ն հետեւելու է իր թվերին, քանի որ պատասխանատու է հենց դրանց համար: