Իրական դաշտում պայքար չկա

18/12/2005

Եվ այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին տարածաշրջան։ 2006-ին Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններ ու հանրաքվեներ չեն սպասվում, եւ, ինչպես բազմիցս հայտարարվել է միջազգային տարբեր ամբիոններից, 2006-ը կարող է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով նպաստավոր տարի լինել։

Մինչ այդ ընդդիմությունը փորձում է հասկանալ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ միջազգային կառույցները չափազանց մեղմ գնահատական տվեցին հանրաքվեի ընթացքում արձանագրված կեղծիքներին, եւ այս հարցի վերջնական պատասխանը կարծես թե գտնված է։ Այն է` միջազգային հանրությունը նպատակ ուներ հանրաքվեի եւ ընտրությունների միջոցով թուլացնել Քոչարյանի եւ Ալիեւի դիրքերը, որպեսզի ավելի հեշտությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման լուծում պարտադրի։

Առաջին հայացքից բավական թափանցիկ այս սխեման, սակայն, մի շարք հարցեր է ծնում։

1. Փաստորեն, ընդդիմությունը հստակ գիտակցում է (եւ մինչեւ հանրաքվեն նույնպես գիտակցում էր), որ միջազգային հանրության համար մեր տարածաշրջանում կարեւորը ոչ թե ժողովրդավարության ամրապնդումն է, այլ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, եւ հենց դրա համար էլ միջազգային հանրությունը հանուն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարների աչք փակեց ընտրակեղծիքների վրա։ Շատ բարի։ Բայց եթե ընդդիմությունը սա գիտակցում էր, ինչո՞ւ հրապարակային ելույթներում եւ հանրահավաքներում երբեւէ չանդրադարձավ ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու այդ հարցում իր տեսակետներին։ Չէ՞ որ այդպես ավելի տրամաբանական կլիներ։ Դու հասկանում ես, որ քո երկրի առջեւ կանգնած թիվ մեկ խնդիրը ղարաբաղյան հարցն է, հասկանում ես, որ միջազգային հանրությանը նույնպես առաջին հերթին դա է հետաքրքրում, եւ ներկայացնում ես քո տեսակետները։ Մեր ընդդիմությունն այդպես վարվեց, եւ բնականաբար` ոչ ժողովրդի կողմից պատշաճ ուշադրության արժանացավ, ոչ միջազգային կազմակերպությունների։

2. Ըստ այս սխեմայի, լեգիտիմության ակնհայտ պակասով տառապող Քոչարյանին եւ Ալիեւին ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծում է պարտադրվելու (բնականաբար, աննպաստ լուծում, այլապես պարտադրանքի մասին խոսք լինել չէր կարող)։

Բայց ընդդիմությունը ոչինչ չի ասում` Քոչարյանն ընդունելո՞ւ է այդ պարտադրանքը, թե՞ ոչ։ Այս մասին բարձրաձայն չի խոսվում, բայց, ամենայն հավանականությամբ, ընդդիմությունն իրադարձությունների հետագա զարգացումը պատկերացնում է այսպես. միջազգային հանրությունն ինչ-որ աննպաստ լուծում է պարտադրում (որի առաջին փուլում անպայման նախատեսվում է ազատագրված տարածքների մեծ մասի վերադարձը), Քոչարյանը, տեղի տալով միջազգային ճնշմանը, ստորագրում է այդ փաստաթուղթը, եւ…

Շարունակությունը միանշանակ չէ։ Կամ ժողովուրդը դուրս է գալիս փողոց եւ իշխանափոխություն անում, կամ ուժային կառույցները, գեներալներն ու «ազգային-հայրենասիրական ուժերն» են հեղաշրջում անում, իսկ ժողովուրդն այդ մասին իմանում է միայն լուրերի երեկոյան թողարկումից։

Սկսենք երկրորդ տարբերակից։ Զինված (կամ ուժի կիրառման սպառնալիքով ուղեկցվող) հեղաշրջումը միշտ անցանկալի է։ Հայաստանի դեպքում` առավել եւս, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ Ղարաբաղի հարցի շահարկմամբ իրականացված իշխանափոխությունն առաջին հերթին ծանրացնում է հենց Ղարաբաղի վիճակը։

Ինչ վերաբերում է «ժողովուրդը դուրս է գալիս փողոց» տարբերակին (ընդդիմությունը երեւի մեծ հույսեր է կապում սրա հետ), ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ պիտի ժողովուրդը ղարաբաղյան խնդրի արժանապատիվ կարգավորման հույսը կապի այսօրվա ընդդիմության հետ, եթե այդ ընդդիմությունն առ այսօր ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսակետները չի շարադրել։ Այն արտահայտությունները, թե «ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացումից հետո», դժվար է «տեսակետ» համարել (թեեւ արտահայտությունն ինքնին գեղեցիկ է հնչում)։ Իսկ ո՞վ է ասել, որ ղարաբաղցիները կհամաձայնեն ապրել ժողովրդավարական Ադրբեջանի կազմում, կամ ո՞վ է ասել, որ ադրբեջանցիները հարյուր տոկոսանոց եվրոպացիներ դառնալուն պես կհամաձայնեն, որ Ղարաբաղը դուրս գա Ադրբեջանի կազմից։

Ամփոփենք։ Հայաստանի քաղաքական դաշտում հատուկ դերակատարում կարող են ունենալ միայն այն քաղաքական ուժերը, որոնք ղարաբաղյան խնդրի վերաբերյալ դիրքորոշում եւ այդ դիրքորոշումը հրապարակելու համարձակություն ունեն։ Ցանկացած այլ դեպքում «քաղաքական գործընթացներն» էմոցիոնալ հարթության մեջ են եւ իրական քաղաքականության հետ որեւէ կապ չունեն։