300 առաջամարտիկներն ու վնասատուները

18/12/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի տնտեսական կյանքում ցանկացած ձեռնարկ ի վերջո վերածվում է թամաշայի։ Դրական ամեն մի քայլ, վիճակը բարելավելու փոխարեն, վերածվում է աբսուրդի։ Վերջին տարիներին Հարկային տեսչությունը բարեխղճորեն հրապարակում է երկու շատ կարեւոր ցուցակ` «Առաջին 300 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարման հարկերի մեծության մասին» եւ «1 մլն դրամ եւ ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողների» մասին։ Երկու ցուցակն էլ առանձնակի հաճույք են պատճառում ուսումնասիրողին։ Խոսքը տնտեսագետների մասին չէ։ Ցանկացած մարդ, ով կարող է կարդալ յոթանիշ թիվ, անկասկած մեծ բավականություն կստանա այդ ցուցակները թերթելիս։ Այդ հաճույքն առաջինը ստացվածի իրավունքով խորհուրդ եմ տալիս սկսել խոշոր հարկատուների ցանկից, հետո նոր անցնել վնասով աշխատողներին։ Վնասով աշխատող ընկերությունների անուններն ընթերցելիս ձեզ կթվա, թե դուք դեռեւս նախորդ` խոշոր հարկատուների ցանկն եք նայում։ Տնտեսության մասին ձեր ունեցած պատկերացումները կստիպեն այդպես մտածել։ Բայց` ոչ։ Օրինակ` «Հայկական ատոմակայանը» մշտապես 10 խոշոր հարկատուներից է։ 300-ի ցուցակում զբաղեցնում է 6-րդ տեղը։ Նույնիսկ շահութահարկ է մուծում, բայց 2004թ. փակել է 4,2 մլրդ վնասով։ Երեւանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» եւս կա երկու ցուցակում։ Մեկը նշում է, որ նա հիմա երկրի 182-րդ հարկատուն է, իսկ երկրորդն` ավելացնում, որ անցած տարի 134 մլն դրամի վնաս է ունեցել։ Թե՛ հարկ վճարողների, թե՛ վնասով աշխատողների ցուցակում շատ են հանրահայտ եւ խոշոր կազմակերպությունները։ Երեւի հայկական տնտեսական հրաշքի առանձնահատկությունն էլ հենց սա է։ Ազգային վիճակագրական ծառայությունը խոսում է ՀՆԱ-ի 12,2%-անոց աճի մասին, բայց բնակչությունը դա չի զգում։ Հարկային տեսչությունը հրապարակում է 300 առավել հաջող բիզնեսների եւ առավել անհաջող բիզնեսների ցուցակը, բայց կարդում ու համոզվում ես, որ երկու տեղում էլ նույն անուններն էին։ Օրինակ, ո՞ւմ մտքով կարող է անցնել, որ «ՀայՌուսգազարդը» հա՛մ կարող է խոշոր հարկատու լինել, հա՛մ էլ 6,5 մլրդ դրամ վնաս հայտարարագրել։ Նույն «Մասիս Տաբակի» անունը կարելի է գտնել երկու ցուցակում էլ։ Ճիշտ է, սրա վնասները համեմատաբար փոքր են` ընդամենը 300 մլն դրամ։

Հաջորդ զվարճալի փաստն այն է, որ խոշոր հարկատուների ցանկում Երեւանի պետական համալսարանը (89-րդ տեղ) եւ «Փեթակ» տոնավաճառը (90-րդ) հարեւաններ են։ Ավելին` համալսարանը 1 մլն դրամից ավելի հարկ է մուծել։ Իսկ Երեւանի ճարտարագիտական համալսարանը (նախկին Պոլիտեխնիկի մի մասը) ավելի խոշոր հարկատու է, քան, ասենք, «Հայաստան» առեւտրի կենտրոնը։ Ընդ որում, 8 մլն դրամից ավելի հարկ է մուծել «Հայրապետյան եղբայրներից»։ Ասենք, կարող եք համեմատել, թե «Արաքս» թռչնաֆաբրիկան կամ «Գրանդ Քենդին» որքան հարկ են մուծել, եւ համեմատել դրանք Երեւանի պետական համալսարանի կամ Մանկավարժական համալսարանի հարկային մուծումների հետ։ Օրինակ, «Գրանդ Քենդին» մոտ 6 մլն դրամ պակաս հարկ է մուծել, քան «Արաքս» թռչնաֆաբրիկան։ Բայց նրանք երկուսն էլ պետության համար ավելի լուրջ հարկատուներ են, քան Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանը։ Որովհետեւ համապատասխանաբար 11 եւ 5 մլն դրամ ավելի են մուծել, քան բուհը։ Իսկ, այ, Լուսակերտի թռչնաֆաբրիկան, որ «Արաքսից» ու «Գրանդ Քենդիից» պակաս չի գովազդվում մեր հեռուստաեթերում, պակաս հաջողակ գործարար է, քան բուհը։ Իրենց տոհմային թռչնաբույծ համարողները մանկավարժներից 10 մլրդ դրամ պակաս հարկ են տալիս։ Ցուցակների ընթերցումը կթարմացնի ձեր հիշողությունը։ Հիշո՞ւմ եք «Տելեփլասին»։ Այն դեռ շարունակում է տնտեսվարել եւ երկրի 160-րդ հարկատուն է (մոտ 70 մլն դրամով)։ Իսկ, այ, ավելի ամպագոռգոռ «Արմենիկումը» արդեն միայն վնասակիրների ցուցակում է։ Անցած տարի այս ընկերության վնասները մոտ 1,3 մլրդ դրամ են կազմել։ Զվարճանալու հետ մեկտեղ` դուք դեռ ձեզ համար կհայտնաբերեք, որ երկրի բյուջեն նկատելի չափով լրացնում են ամենեւին էլ ոչ գործարարները։ Կրթական, առողջապահական, գիտական, գրահրատարակչական ընկերությունների մի մասն իր ուսերին է վերցրել այդ բեռը։ Առանձին հաճույք կպատճառի առանձին հարկատեսակների դիտարկումը։ Օրինակ, կպարզենք, որ երկրի 3-րդ հարկատու «ՀայՌուսգազարդը» շահութահարկ մոտ 13 անգամ ավելի քիչ է մուծել, քան Մաքուր երկաթի գործարանը։ Դժվար կլինի ընկալել, թե ինչու 209-րդ հարկատու «Հայծխախոտը» 23 անգամ ավելի մեծ գումար մուծել որպես ակցիզային հարկ, քան հայ-հունական «Մասիս Տաբակ» համատեղ ձեռնարկությունը։ Մինչդեռ «Մասիս Տոբակը» 300 ընտրյալների ցանկում 65-րդն է։ Ինչո՞ւ են 300 հարկային առաջամարտիկների ցուցակից բացի` մտնում նաեւ վնասակիրների ցուցակ, դժվար է բացատրել։ Չնայած կարելի է ենթադրել, որ հենց հարկեր մուծելու պատճառով են վնասակիր դարձել։ Բայց դա արդեն տնտեսության ոլորտից չէ եւ, որ ամենակարեւորն է` հնարավոր չէ ապացուցել։