Երեւանի Պետրոս Դուրյանի անվան թիվ 10 հատուկ դպրոցի մի խումբ ուսուցիչներ բողոքում են դպրոցում ստեղծված բարոյահոգեբանական վատ մթնոլորտից, ինչի համար մեղադրում են դպրոցի տնօրեն Մարինե Աղաջանյանին՝ մասնավորապես նշելով, որ տնօրենն իր հայեցողությամբ երկարամյա բանիմաց ուսուցիչների է ազատում աշխատանքից՝ փոխարինելով նրանց իր «շրջապատի» կիսագրագետ մարդկանցով, թույլ է տալիս ֆինանսական եւ օրենսդրական խախտումներ:
Այս տարվա ամառային արձակուրդի ժամանակ տնօրենն ուսուցիչներին պարտադրել է իրենց հաշվին արձակուրդ գնալ՝ պատճառաբանելով, որ դա կրթության նախարարի հրամանն է եւ նպատակ ունի փակել բյուջեի ճեղքվածքը: Հետագայում այն երեք ուսուցիչները, ովքեր փորձել էին անմիջապես նախարարից ճշտել հրամանի իսկությունը («Իրավունք» թերթի «Ուղիղ կապի»-ի միջոցով), աշխատանքից հեռացվել են՝ դասաժամերի անբավարարության կամ թոշակառու լինելու պատճառաբանություններով: Նրանցից երկուսին հաջողվել է անձնական կապերը գործի դնելով վերականգնվել, իսկ Ս.Վարդանյանն, իր հավաստմամբ, չի էլ փորձել վերականգնվել, որովհետեւ նման մթնոլորտում աշխատելն անհնար է համարել: «Մեր տնօրենն աշխատում է ազատվել բոլոր բանիմաց մանկավարժներից եւ իրեն միայն կիսագրագետներով է շրջապատում, քանի որ ինքը եւս գրագիտությամբ չի փայլում եւ բանիմացների հետ աշխատելը նրա համար շատ դժվար է»,- ասում է Ս.Վարդանյանը: Նրա հավաստմամբ, Մարինե Աղաջանյանը տնօրեն նշանակվելու առաջին պահից սկսել է դպրոցը «մաքրել» բանիմաց մանկավարժներից, ովքեր դպրոցում այժմ երեք-չորսն են մնացել: Նրանց դեմ տիկին Աղաջանյանը պայքարում է՝ ընդհուպ արգելելով իր «թիմակիցներին» շփվել այս ուսուցիչների հետ: Դպրոցի մեկ այլ ուսուցիչ, որը վախեցավ ներկայանալ, պատմում էր, թե ինչպես տնօրենը գործընկերներից մեկին ասել է՝ «Դասաժամերդ կշատացնեմ, եթե էդ խմբից ձեռք քաշես»: Այս սկզբունքով տնօրենը դասաժամեր է բաշխում: «Մեկին գործից ազատում է` իբր դասաժամ չկա, մյուսին երկուսուկես դրույքաչափ է հատկացնում»,- բողոքում են ուսուցիչները: Տնօրենի տարբեր ամիսների աշխատավարձը տատանվում է 40-100.000 դրամի սահմաններում՝ աշխատավարձի ցուցակներում նկատել են ուսուցիչները՝ զարմացած, թե ինչու է տնօրենի աշխատավարձը գնալով մեկ ավելանում, մեկ պակասում: «Հիմա պակասեցրել է մինչեւ 40.000, որովհետեւ վերջերս շատ բողոքներ են եղել մեր դպրոցի հասցեին»,- տեղեկացնում են ուսուցիչները: Նույն սկզբունքով տնօրենը նաեւ դպրոցի աշակերտների թիվն է ուռճացնում՝ պետությունից եւ հովանավորներից հնարավորինս մեծ գումարների ակնկալիքով: Բողոքողներից մեկն էլ դպրոցի նախկին ուսուցիչ Ալբերտ Աթայանն է, ում տնօրենն ազատել է թոշակի անցնելու պատճառաբանությամբ: Ալբերտ Աթայանը երկու տարի առաջ կորցրել է երիտասարդ որդուն, խնամքին մնացել է հիվանդ՝ սայլակին գամված հաշմանդամ կինը, նրա բողոքներին ի պատասխան` կրթության փոխնախարար Ա. Ավետիսյանն ասել է՝ «Եթե տարբեր տեղեր բողոքած չլինեիր, կմիջնորդեինք` կվերականգներ, բայց հիմա հաստատ չի վերականգնի»: Իսկ Ա.Աթայանը բողոքել է ամենուր՝ սկսած քաղաքապետարանից, որի ենթակայությամբ է գործում դպրոցը՝ մինչեւ նախագահ ու վարչապետ: Ա.Աթայանին առաջարկում են նույնիսկ այլ դպրոցում աշխատել, բայց ոչ այս դպրոցում, որի հարեւանությամբ ապրում է ու տարիներ ի վեր՝ դպրոցի հիմնադրումից սկսած, աշխատել է: Աթայանի հավաստմամբ, քանի որ ինքը դպրոցին մոտ է ապրում, աշակերտները հաճախ դասից փախչում գալիս են իրեն այցելության, ինչի համար պատժվում են տնօրենի կողմից: Իսկ աշակերտները հաճախ են փախչում, որովհետեւ գիշերօթիկում հաճախ սոված են մնում ու մրսում են: Նրանք բողոքում են, որ «հենց ավագ խոհարար Անժիկը ոտքը դպրոցից քաշում է, մյուս խոհարարները հացն էնքան բարակ են կտրտում, որ կարաս գիրքը տակից պահես ու հանգիստ կարդաս»: Վերջերս դպրոցի 11 աշակերտներ հրաշքով փրկվել են մահից: Ինչպես նշում է երեխաներից մեկի մայրը, նրանք դասի ժամանակ օգնել են հրել տնօրենի անձնական բիզնեսը սպասարկող մեքենան, որը ընթացքի մեջ ընկնելով՝ շրջվել է դեպի ձորը, ինչի հետեւանքով երեխաներից մեկը ուղեղի ցնցում է ստացել: Տնօրենն ամեն կերպ աշխատում է եղածը կոծկել՝ ահաբեկելով կամ համոզելով ծնողներին ու երեխաներին: Իսկ ինչ վերաբերում է տնօրենի բիզնես-գործունեությանը, այն տեղակայված է անմիջապես դպրոցի տարածքում: «Ցեմենտի համար պարկեր են արտադրում»,- տեղեկացնում են ուսուցիչները, որոնց հավաստմամբ` դպրոցում մոտակա ստուգումների հոտն առնող տնօրենը արտադրամասը դպրոցի տարածքից անմիջապես լիկվիդացնում է: Այստեղ աշխատում են հիմնականում դպրոցի աշակերտների ծնողները: Դպրոցում ստուգումները ձեւական բնույթ են կրում. ուսուցիչները պատմում էին, թե ինչպես տնօրենը սովորաբար նման ստուգումների ժամանակ մի քանի ծնող եւ ուսուցիչ է անպայման կանչում, որոնց հրահանգում է տեսուչների մոտ իր գովքն անել: «Երբեմն էլ ուսուցիչներից ոմանց որպես ծնող է ներկայացնում եւ ստիպում, որ իրեն գովեն»,- պատմում էին ուսուցիչները՝ խնդրելով իրենց անունները չնշել: Նրանք համոզված են, որ իրենց բողոքները, միեւնույն է, ոչինչ չեն փոխի՝ իրենց վիճակը բարդացնելուց բացի:
Որեւէ պարզաբանում կամ մեկնաբանություն գիշերօթիկի տնօրենից չհաջողվեց ստանալ: «Ես լրագրողներին ասելու բան չունեմ, որովհետեւ դուք գալիս մի բան լսում՝ գնում այլ բան եք գրում,- հեռախոսազրույցի ժամանակ զայրացած ասաց տիկին Աղաջանյանը,- դպրոցի տնօրենը ես եմ, ես թույլ չեմ տալիս ձեզ իմ դպրոց մտնել եւ որեւէ մեկի հետ զրուցել»:
«Դպրոցի տնօրենը մեր ուսուցիչներից մեկին՝ Վաչե Հովսեփյանին, ում եւս գործից ազատել է, ասել է՝ եթե հանրապետությունում դպրոցի երկու տնօրեն կա, որ ամուր թիկունք ունեն, իմացի, որ մեկը ես եմ»,- ուսուցիչները մատնանշում են տնօրենի «թիկունքը»՝ դա իր ամուսինն է՝ ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակից Հովիկ Հովհաննիսյանը, որի մասին մեր աղբյուրները առավել հետաքրքրաշարժ մանրամասներ են նշում: 1996 թվականին Հ.Հովհաննիսյանը, որ աշխատում էր Արմավիրի մարզի ՆԳԲ պետի օպերատիվ գծով տեղակալ, Արմավիրի մարզի ՆԳ բաժնի քրեական բաժնի մի քանի այլ աշխատակիցների հետ միասին ձերբակալվում է՝ մեղադրվելով կոռուպցիայի մեջ: Հարուցվում է քրեական գործ, եւ ՆԳ նախարարի հրամանով Հ.Հովհաննիսյանը հեռացվում է համակարգից: Թե Հ.Հովհաննիսյանը որտեղ եւ ինչպես է կրել 10.000 դոլարանոց կաշառքի համար նախատեսվող պատժաչափը, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ հետագայում նա աշխատանքի է ընդունվում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում` որպես հետաքննչական բաժանմունքի պետ, այնուհետեւ, որն առավել զավեշտալի է, կոռուպցիայի մեջ մեղադրվող Հովհաննիսյանը աշխատանքի է ընդունվում 6-րդ վարչությունում: