Իմ խոսքը դեռ կասեմ

18/12/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

15 տարվա ազատազրկման դատապարտված զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի դատավարությունը գնալով հասարակական մեծ հնչեղություն է ստանում: Վերաքննիչ դատարանի դիմաց հավաքված ուսանող երիտասարդներն ու հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն արդար դատավարություն են պահանջում՝ թափահարելով «Մենք չենք ուզում լինել հաջորդը», «Մենք գիտենք, թե ովքեր են իրական հանցագործներն ու նրանց հովանավորները» տեքստերով պաստառները:

Վախը չափած ա

Դատապաշտպանները հայտարարում են, որ այս գործը հովանավորվում է իշխանական վերնախավի կողմից: Դատապաշտպաններ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Ոսկանյանն ասում են. «Մինչ առաջին ատյանի դատավարությունը, որը Սյունիքի մարզում կայացավ, մենք Երեւանում գնացինք Գագիկ Ջհանգիրյանի մոտ: Նա մեզ ասաց՝ «Դատավորն ո՞վ ա, որ առանց մեզ դատավճիռ արձակի: Մինչեւ դատավճիռ արձակելը կգամ Ղարաբաղ, դուք ձեր արգումենտները կներկայացնեք, մենք մերը կներկայացնենք, իսկ հետո կորոշենք, թե ինչ անենք»: Ըստ պայմանավորվածության` նա եկավ Ղարաբաղ: Մենք ներկայացրինք մեր արգումենտները, իսկ նա մեզ ասաց. «Բա ես էլ գիտեմ, թե դուք եկել եք մեր հետ բանակցեք, որ պատժից մեղմ պատիժ տանք: Ավելի լավ չի՞, թող մեղքը ընդունեն, մենք էլ մի բան մտածենք, պատժից ավելի մեղմ պատիժ կա, բան կա, կնստեն-դուրս կգան»: Մենք ասացինք` ի՞նչ է՝ ուզում եք, որ այս աղմուկը տեղափոխվի Երեւա՞ն, Վերաքննիչ դատարա՞ն: Նա ասաց. «Ես ոչ մի բանից չեմ վախենում, իմ վախը չափած ա շուտվանից»: Ավելի ուշ, երբ նորից նրա հետ խոսեցինք, ասաց, որ Ռազմիկ Սարգսյանը խոստովանել է սպանությունը եւ այդ խոստովանությունը տեսագրված է: Ասացինք, որ տղան դա արել է ծեծի եւ խոշտանգումների ենթարկվելուց հետո, նա մեզ ասաց՝ «Նաիրի Հունանյանն էլ է ծեծի ենթարկվել, բա ինչի՞ չի խոստովանել»:

Իսկ ինչպե՞ս են տրամադրված սպանված զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդները: Ռոմանի իրավահաջորդ Արթուր Եղիազարյանի (սպանված Ռոմանի հորեղբայրը) միակ նպատակը իրական մեղավորներին պատժված տեսնելն է: Ա. Եղիազարյանը վստահ է, որ սպանությունը կատարել են այս 3 տղաները: Նրան հարցնում եմ՝ «Դուք վստա՞հ եք, որ նրանք են կատարել սպանությունը, փաստացի ի՞նչ ապացույց ունեք»: Ասում է՝ «Ինքս եմ ջրամբարից հանել դիակը, դրանից էն կողմ էլ ի՞նչ ապացույց, մենք ենք վադալազներ կանչել, ու ես ներկա եմ եղել, թե ինչպես են դիակը ջրից հանել»: Հարցնում եմ՝ «Դուք սպանվածի դիակը հանել եք, բայց ապացույց ունե՞ք, որ հենց այդ տղաներն են սպանել»: Ասում է՝ «Էդ Ռազմիկին պաշտպանողները գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ բան է տղային բանակ ուղարկելը ու հետո դիակը հողին հանձնելը: Ինչո՞ւ են պաշտպանում: Մեղավորը պիտի պատժվի: Ռազմիկի խոստովանությունը նկարահանված է, ինքն ասել է, որ սպանել է»:

«Ուղարկում ես բանակ, բայց ստանում ես դիակը»

Օրերս այցելեցինք սպանված Հովսեփ Մկրտումյանի ծնողներին: Հիշեցնենք, որ սպանված Հովսեփի հայրը՝ Մովսես Մկրտումյանն ընդհատված դատական նիստից զարմացած դուրս եկավ: Վերջինս շատ բորբոքված ասաց. «Ես չգիտեմ` ինչ է կատարվում, այստեղ հակասություն կա, տեսագրության մեջ քննիչը Ռազմիկին հարցրեց՝ կարո՞ղ ես նկարագրել Հովսեփին: Նա ասաց, որ Հովսեփը բոյով տղա էր, բայց իմ տղան շատ կոլոտ էր, մոտ 160 սմ, չեմ հասկանում, ստացվում ա, որ Ռազմիկը մի տղայի ա սպանել, որին չի՞ ճանաչում, չի՞ տեսել: Ախր Հովսեփն էնքան կոլոտ էր, որ 4-5 հոգու միջից իրա կոլոտությամբ կտարբերվեր: Ես չգիտեմ, չթողեցին մինչեւ վերջ նայեմ»: Նույն բանը Մ. Մկրտումյանն ասաց մեր այցելության ընթացքում: Ի դեպ, երբ դատավարությունից առաջ այս մարդն ասել է, որ կասկածում է, թե իր տղային այս 3 երիտասարդներն են սպանել, նրա հասցեին բավական ուշագրավ որակումներ են հնչել: «Ես գիտեմ, որ իմ մասին վատ խոսքեր են հնչում, լուրեր են տարածվել, թե ես ալկոհոլիկ եմ, իմ ասածներին պետք չի հավատալ, որովհետեւ ես խմող մարդ եմ: Խոսակցություններ կան, իբր ես կաշառք եմ վերցրել չգիտեմ ումից ու ես անկապ բաներ եմ դուրս տալիս,- վիրավորված պատմում է Մ. Մկրտումյանը: -Ես մինչեւ վերջ կհետեւեմ դատին եւ իմ կարծիքը կհայտնեմ, թե չէ ով ճշմարտության մասին մի բան ասում է՝ հոգեկան հիվանդ են հանում: Ես ձեզ ոչինչ չեմ ասի, թե ես ինչ եմ կարծում տղայիս իրական սպանողների մասին, որովհետեւ ինձ էլ կհանեն հոգեկան հիվանդ: Նայելու եմ տեսագրությունը մինչեւ վերջ ու ոչինչ չեմ խոսելու, լռելու եմ այնքան ժամանակ, մինչեւ դատավորը կհարցնի՝ «Դուք գտնում եք, որ ձեր տղային սպանել են Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյա՞նը»: Երկրորդ տարին է՝ լռում եմ, բայց ասելու շատ բան կա… Ինձ համար կարեւոր է, որ իրական հանցագործը պատժվի»: Սպանվածի հայրը գտնում է, որ Ռազմիկ Սարգսյանը սխալ է այն առումով, որ, եթե իրոք ինքն անմեղ է, ապա Վերաքննիչ դատարանի դատավարությունը նրա վերջին շանսն է, եւ, անմեղ լինելու դեպքում, նա չպետք է այդ շանսը բաց թողնի: Մ. Մկրտումյանը նաեւ նշեց, որ Ռազմիկը հակասական բաներ է ասել նախորդ նիստերի ժամանակ, եւ վստահ է, որ տղաներն ինչ-որ բան են թաքցնում: «Եթե անկեղծ ասեմ, ապա ես չեմ հավատում էդ հացադուլին, որովհետեւ եթե իրոք անմեղ ա՝ կպայքարեր»: Մովսեսն ասում է, որ իր տղայի սպանության հարցով արդար դատավարություն չի ակնկալում. «Արդար դատավարություն չի լինի, քանի դեռ իշխանությունը նույնն է, եթե իշխանությունը փոխվի` կարող ա արդարություն լինի: Ես հիմա ոչ մեկի ասածին չեմ հավատում, ոչ մի քննիչի խոսքին չեմ հավատում, շատ էլ` որ լսում եմ: Էս երկու տարի ա` ես իմ մեջ քննություն եմ կատարում, իմ համար քննիչը ես եմ, որ շատ բաներ եմ տեսել ու լսել, բայց չեմ արտահայտվել: Կգա ժամանակը՝ իմ խոսքը կասեմ, մենակ թե էդ տղեն հացադուլից դուրս գա»: Մ. Մկրտումյանին խնդրեցինք տղայի՝ Հովսեփի մասին պատմել. «Հովսեփը շատ ձիգ տղա էր, ես նրան դաստիարակել եմ այնպես, որ երբեք սուտ չխոսի: Ձյուդո մարզաձեւում մեծ հաջողություններ ուներ: Երեք տղաներիցս ամենափոքրն էր ու շատ ուժեղ էր: Նրան չէին կարող ծալել անգամ հսկա տղաները: Թաղում տղաներիս բոլորն էլ ճանաչում են` որպես ուժեղ եւ դաստիարակված սպորտսմենների: Երբ այդ երեք տղաներին տեսա, ասացի, որ նրանք չէին կարող Հովսեփին վնաս պատճառել, որովհետեւ տղաս շատ ուժեղ էր, բայց թիկունքից խփելու դեպքում հնարավոր է: Դեմ-դիմաց կռվելիս հաստատ չէին կարա Հովսեփի հետ կռվել, Ռազմիկի նման տասին կծալեր, բայց հետեւից միամիտ խփելով` կարային»: Հովսեփի մայրը՝ տիկին Գրետան չի մասնակցում դատավարությանը, կարծում է՝ սիրտը չի դիմանա: Նայում է Հովսեփի նկարին, աչքերը լցնում է ու չի կարողանում խոսել: Ասում է՝ «Ի՞նչ ասեմ, 5 տարի առաջ էլ եղբորս տղային ուղարկեցինք բանակ, բայց սպանված դիակը մեզ տվեցին: Սգից դուրս չէինք եկել, ու Հովսեփիս դիակը բերեցին: Ի՞նչ կարող է մայրն ասել, երբ սպորտսմեն տղային ուղարկում է բանակ` առանց կասկածի, որ տղան դժվարությունները կհաղթահարի, բայց ստանում է ջրի մեջ սառած դիակը: Եղբորս տղային էլ հաուպտվախտում գտել էին՝ իր կոշիկների շնուրոկներով կախված: Պատկերացնո՞ւմ ես` երիտասարդ տղան իբր ինքն իրեն կախել է, էն էլ հաուպտվախտում ու էն էլ սեփական բատինկեքի շնուրներով: Ծաղրելու նման մի բան է ստացվում: Նույնն էլ հիմա է…»: