Բժշկական համալսարանի ընդհանուր թերապիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդուարդ Եղիշեի Նազարեթյանը դեկտեմբերի 2-ին այցելեց Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկ՝ 2005թ. օգոստոսի 12-ից հացադուլի մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանին: Ստորեւ ներկայացնում ենք Նազարեթյանի հետ հարցազրույցը հիվանդին կատարած ակնթարթային զննումից հետո: Մինչ պրոֆեսորի զննումը Ռազմիկը շուրջ 5 օր էլ հրաժարվել էր գլյուկոզա ընդունելուց: 140/ 90 եւ ավելի ճնշումը համարվում է հիպերտոնիա:
– Ինչպե՞ս կգնահատեիք Ռազմիկ Սարգսյանի վիճակը զննումից հետո:
– Վտանգավոր ոչ մի բան չկա: Երեք օր գլյուկոզա չընդունելուց ոչ մի տեղաշարժ չի լինի, որովհետեւ ուղեղը 95%-ով օգտագործում է գլյուկոզա, ինքը երիտասարդ է, ունի ճարպային պահեստային նյութեր: Եթե մարդը սկսում է չուտել, պահեստանյութերն այրվում են եւ իրեն մեծ էներգիա են տալիս, իր կենսագործունեությունը պահպանվում է:
– Մոտավորապես կարո՞ղ եք ասել, ասենք, մի ամիս մարդը կարող է առանց գլյուկոզայի, կարող է նորմալ վիճակում գտնվել:
– Հարցն այն է, թե նա ջուր խմո՞ւմ է, թե՞ ոչ, ամբողջ որովայնում ջուր կար, աղիքներում ջուր կար, այսինքն, այսպես ասած, ապահովում ա ջրի պահանջը: Սննդայինը, 40-50 օր հետո եթե նա լրիվ հրաժարվում է, նոր էդ դեպքում առաջանում են որոշակի օրգանական փոփոխություններ` փոքր: Բայց հարցը նրանում է, որ ոչ մի բժշկական հիմնարկում թույլ չեն տալիս, որ նա երկարատեւ գնա… առանց սննդի մնա: Նրան զոնդով են կերակրում…
– Այսինքն, կարելի է զոնդով կերակրե՞լ:
– Անպայման, իհարկե:
– Բայց ես որքանով տեղյակ եմ` զոնդով կերակրելը միջազգային նորմերով արգելվում է:
– Ես չգիտեմ: Ինչի՞ համար է արգելված, բա հոգեկան հիվանդներին մենք ինչո՞վ ենք կերակրում, որոնք հրաժարվում են սննդից: Եթե նա որպես անհատ հրաժարվում ա, հումանիտար մասնագիտությունը թույլ չի տա, որ նա հրաժարվի սննդից: Մենք միջոց կգտնենք սնունդ տալու: Զոնդով չենք կերակրի` միկրոկլիզմաների միջոցով կկերակրենք: Ի՞նչ ա պատահել… Ներերակային սրսկումների միջոցով կկերակրենք: Ի՞նչ ա պատահել… Մենք երբեք թույլ չենք տա, որ մարդը սոված մնա:
– Ի՞նչ կարծիքի եք Ռազմիկ Սարգսյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ: Մեկուսարանային պայմանները բավարա՞ր են նրան այստեղ պահելու համար:
– Ես չեմ կարող դա ասել, որովհետեւ սա իրանց ադմինիստրացիայի գործն է, եւ գոյություն ունի էքսպերտ հանձնաժողով, մենք` որպես մասնագետներ, եկել-նայում ենք: Ներկա րոպեին ես չեմ տեսնում անհրաժեշտություն նրան որպես հիվանդի բուժելու: Այսինքն, ինքը որպես հիվանդ ինձ մոտ չի ներկայանում: Որովհետեւ եւ սոնոգրաֆիկ պատկերը, եւ հետազոտությունը ցույց են տալիս, որ սրտի աշխատանքը նորմալ է. 120/90 ճնշումը դա համարվում է նորմալ սրտի աշխատանքի արդյունք, պուլսը ռիթմիկ է, այսինքն, սիրտ-անոթային սիստեմի կողմից փոփոխություններ չկան, թոքերում շնչառությունը մաքուր է, լյարդը կողերի տակից 0,5 -1 սանտիմետր դուրս է գալիս. դա նորմայի սահմաններում է: Եվ, իհարկե, հիվանդը դեռ, եթե մենք էսպես ընդունենք, մարդը դեռ կարող է ապրել… հանգիստ, կարող է կենսագործել. սննդի ընդունման պայմաններում:
– Ինչո՞վ եք բացատրում, որ երկարատեւ հացադուլի մեջ լինելով, չորս ամիսը շուտով լրանում է, եւ նա նորմալ վիճակում է:
– Չորս ամսվա ընթացքում, ինձ թվում ա` խնամքը եղել ա նորմալ: Ես չեմ կարծում, որ խնամք չի եղել այստեղ, որովհետեւ եթե խնամք չլիներ…
– Խնա՞մք. ի՞նչ նկատի ունեք:
– Սնունդ: Իրան կերակրել են, կամ տվել են… ես չեմ կարող էդ հարցին պատասխանել:
– Իսկ ո՞վ կարող է պատասխանել:
– Իրանք, էստեղ աշխատողները: Ես չեմ կարծում, որ նա 4 ամսվա ընթացքում սովամահ է եղել, եւ այսօրվա էս վիճակում ա… չեմ կարծում: Ցանկացած մարդ իրա վրա դա կարող է փորձել: Պետք է միջոցներ գտնել իրեն սնելու համար:
– Իսկ եթե ինքը չի՞ ուզում սնվել:
– Գիտե՞ք ինչ, նրա հետ կարող է զրուցել փսիխոթերապեւտը, կարող է համոզել նրան: Բժշկի աշխատանք է պետք այստեղ…
– Անպայման պետք է կերակրե՞լ նրան:
– Պետք ա աշխատել նրա հետ, կերակրել, եւ ինքը կվերադառնա նորմալ կյանքի:
– Մենք Կարմիր խաչի հետ էլ ենք խոսել, նրանք ասում են` եթե ինքը հացադուլի մեջ է, դա նրա իրավունքն է, եւ որեւէ մեկը իրավունք չունի արգելել` ինքն է որոշում:
– Ես չեմ կարող էդ Կարմիր խաչի ասածով բան ավելացնել: Ո՞նց կարելի ա էդ մարդուն չհամոզել, որ` կեր: Ես տեղյակ չեմ, թե ինքը ինչի համար է հրաժարվում սննդից, եւ ես նայում եմ էսօրվա իրա վիճակը, որ եթե ինքը էսօրվա վիճակից հետո շարունակի ուտել. իրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, այսինքն, ինքը կկարողանա ապրել նորմալ կյանքով: Կարելի է միջոցներ որոնել, դա, չգիտեմ, իրավաբանական միջոցներ են… ինչ միջոցներ են… որ էս մարդը ուտի, վերադառնա նորմալ կյանքի: Մենք գտնում ենք, որ իրավաբանները կարող են իրա հետ զրուցել, կարող են ճիշտ ուղու վրա գնալ, եւ էդ դեպքում էս մարդը կարող է եւ սկսի ուտել: Եվ վտանգ չի լինի հետագայի համար: Էսօր ես վտանգ չեմ տեսնում:
– Որեւէ բացասական երեւույթ չե՞ք տեսնում:
– Ես չեմ տեսնում, սիրելիս, ես չեմ տեսնում: Այսինքն, կարող է առաջանալ հետո: Նա ընդամենը երեք օր ա, որ լրիվ հրաժարվում է բուժական միջոցառումներից: Երեք օրվա ընթացքում ոչ մի բան չէր զարգանա: Գիտակցությունը տեղում ա, ինքը շատ լավ մեզ լսում ա, շատ լավ հասկանում է, այսինքն` ուղեղի աշխատանքը նորմալ է, տարածության եւ ժամանակի մեջ կողմնորոշվում ա ինքը: Դա նշանակում ա, որ դեռ նրա այս երեք օրվա ոչինչ չընդունելը չի ազդել նրա կարեւոր օրգանների ֆունկցիաների վրա: Սա ամենակարեւորն ա: Հիմա սրանից հետո, թե ինչպես պետք է օգնել նրան, արդեն դա պետք է որոշեն դատաիրավական օրգանները:
– Կարո՞ղ եք նշել` քանի օր գլյուկոզա չընդունելուց հետո նրա վիճակը կվատանա:
– Մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս… Նայած օրգանիզմի էներգետիկ պահեստային նյութերի առկայության: Մարդ կա, որ ունի մեծ էներգետիկ ռեսուրսներ` նրա մոտ ուշ է զարգանում ածխաջրածնային քաղցը: Իրա ներքին օրգաններում կա գլիկոգեն, որը քայքայվում է եւ իրան տալիս է էնդոգեն գլիկոգենը, լյարդում էլ ինքը զապաս ունի` օրգանիզմը շատ խելոք է… եւ ինքը տալիս է իրան գլյուկոզան ինչքան իրան պետք ա: Այսինքն, իրա մոտ սով չի առաջանում: Հենց առաջացավ` ինքը կուզենա ուտել: Էդ էլ ձեզ ասեմ: Եվ ուրիշ բան էլ ասեմ, բավական է ինքը ուտի` դրանից հետո ինքը էլ չի կարող պահել:
– Գլյուկոզայի ընդունման ժամանակ նրա առողջական վիճակը կարելի՞ է բավարար համարել:
– Հիմնական էներգետիկ նյութը դա գլյուկոզան է: Երեխաներ կան, որ միայն շաքար են ուտում եւ իրանք շատ երկար են ապրում: Քանի որ նա երկար ժամանակ պառկած է, նրա էներգետիկ ծախսը շատ փոքր է: Սա պաշտպանական միջոց է։ Երբ նա անընդհատ պառկած է, չի շարժվում, դա պաշտպանական միջոց է: Այ, եթե նա ֆիզիկական աշխատանք կատարի, էդ դեպքում պահանջը գլյուկոզայի նկատմամբ խիստ կմեծանա, եւ եթե նա կկարողանա 15 օր առանց ուտելու մնա, ֆիզիկական աշխատանքի ժամանակ մեկ-երկու օր հետո ինքն իր զապասները կվերջացներ: Այսինքն, ինքն ընդունել է պաշտպանական միջոց: