Հայկական թեմի պահանջներն անցնում են բոլոր սահմանները

18/12/2005 Շորենա ԿՈԿՈՐԱՇՎԻԼԻ

Վրաստանի հայկական թեմը հայտարարել է, որ բախվում է հակահայկական տրամադրությունների հետ: Նրա ներկայացուցիչների խոսքերով, հայկական բնակչության, նրա մշակույթի եւ պատմության նկատմամբ բացասական տրամադրվածությունն աջակցություն է ստանում գիտական շրջանակներում եւ պետական կազմակերպություններում:

Հայկական թեմը դժգոհ էր վերջերս Գիտությունների ակադեմիայում անցկացված «Քրիստոնեությունը մեր կյանքում. անցյալը, ներկան, ապագան» գիտաժողովից: Վրաստանում Հայկական եկեղեցու ներկայացուցիչը հանդես եկավ «Հայկական թեմը Վրաստանում. պատմություն եւ արդիականություն» զեկույցով, որում ընդգծեց Հայկական եկեղեցու դերն ու նշանակությունը Վրաստանի պատմության մեջ: Միեւնույն ժամանակ բացատրվեց, որ վերջերս Վրաստանի հասարակական, գիտական շրջանակների որոշ ներկայացուցիչներ անում են ամեն ինչ, որպեսզի նվազեցնեն Հայկական եկեղեցու դերը, երբեմն էլ նույնիսկ ստորացնեն՝ անհեռատես արտահայտություններով: Միաժամանակ թեմի ներկայացուցիչը հայտարարեց Վրաստանում Հայկական եկեղեցուն կարգավիճակ տալու անհրաժեշտության եւ եւս մեկ անգամ Վրաստանի տարածքում հայերի կորցրած եկեղեցիների հարցին վերադառնալու մասին: Գիտաժողովի մասնակիցների կողմից զեկույցը բավականին բացասաբար ընկալվեց, ինչի հետեւանքով Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հայրապետությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «…Մենք մեր պատասխան վրդովմունքն ենք հայտնում Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի առանձին անդամներին՝ Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի համար, որն իր տհաճ դրսեւորումն ունեցավ վերջերս Թբիլիսիում կայացած «Քրիստոնեությունը մեր կյանքում. անցյալը, ներկան եւ ապագան» միջազգային գիտաժողովի ընթացքում: Գիտաժողովի մասնակից հայկական թեմի ներկայացուցիչը հանդես եկավ զեկույցով, որում ներկայացնում էր Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը Վրաստանում, ինչպես նաեւ` հայրապետությանն առավել հուզող եւ հրատապ խնդիրներ: Այդ թվում` շոշափվեցին հայրապետությանն իրավաբանական կարգավիճակ տալու եւ պատմականորեն նրան պատկանող եկեղեցիները վերադարձնելու մասին հարցերը: Զեկույցն առանձին գիտական շրջանակներում չընկալվեց` առիթ դառնալով Հայ Առաքելական եկեղեցու հասցեին վիրավորական եւ անհարգալից արտահայտությունների համար… Նպատակ ունենալով խոչընդոտել Վրաստանի հայերի դեմ տարբեր կազմակերպությունների, ԶԼՄ-ների եւ որոշ անձանց կողմից իրականացվող բացասական քաղաքականությանը, Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը բազմիցս փորձել է ձայն բարձրացնել: Սակայն ցավալի է, որ հակառակ մեր պահպանած առավելագույն համբերության, Վրաստանի հայկական բնակչության եւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ վիրավորանքներն անցել են եւ շարունակում են անցնել ողջամտության սահմանները»: Այլ հարցերի շարքում հայկական թեմը հավակնում է ավելի քան 600 եկեղեցիների եւ կրոնական կառույցների մնացորդների, պնդելով, որ դրանք պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն:

Այդ կապակցությամբ «Ախալի թաոբան» պարզաբանումների համար դիմեց Վրացական Ուղղափառ եկեղեցու Մամլո ծառայության ղեկավար Զուրաբ Ցխովրեբաձեին:

– Ամիսներ առաջ, երբ սուր իրավիճակ ծագեց Նորաշենիի եկեղեցու շուրջ, վրաց-հայկական համատեղ հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է պարզեր վիճելի իրադրությունը: Ընդ որում, պայմանավորվել էին, որ ընդհուպ մինչեւ այս կամ այն իրավիճակի պարզաբանումը` ԶԼՄ-ներին ոչ մի հայտարարություն չպետք է արվի: Բայց հայկական կողմը, չգիտես ինչու, խախտեց այդ պայմանը եւ հանդես եկավ իր հայտարարություններով:

– Դուք հանդիպե՞լ եք հայկական թեմի ներկայացուցիչների հետ, այն բանից հետո, երբ հնչել էր նրանց դիրքորոշումը եկեղեցիների շարքի վերաբերյալ:

– Հայտարարությունից հետո՝ ոչ:

– Ծագած վեճը չի՞ քննարկվել, արդյոք, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին կից կրոնական խորհրդում:

– Ոչ, չի քննարկվել: Գլխավորը ներկա վեճը հնարավորինս արագ լուծելն է, որպեսզի իրավիճակը մի երրորդ ուժ չօգտագործի իր շահերի համար:

– Հայկական կողմը հատկապես ո՞ր եկեղեցիներն է ցանկանում մտցնել իր կազմի մեջ:

– Դրանք մի քանիսն են, որոնց մի մասը գտնվում է Ախալցխայի շրջանում:

Վրաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Թամազ Գամկրելիձեն ծագած վրաց-հայկական մշակութաեկեղեցական վեճի վերաբերյալ արտահայտվեց հետեւայլ կերպ.

– Չնայած վաղեմի պատմական բարեկամական հարաբերություններին, հայերի եւ վրացիների միջեւ մշակութային եւ եկեղեցական ոլորտներում միշտ գոյություն է ունեցել ինքնատիպ «մրցակցություն»: Վաղուց ի վեր մեր հայ գործընկերները վիճարկում են մշակույթի եւ արվեստի ամենանշանակալից ստեղծագործությունների, կրոնական կառույցների եւ այլնի ծագումն ու պատկանելությունը եւ փորձում են իրենց սրբագրումները մտցնել տարբեր հրատարակություններում: Շատ հաճախ նրանք «հայկական հետք» են հայտնաբերում ցանկացած քիչ թե շատ նշանակություն ունեցող ստեղծագործությունում: Վրաստանի Գիտությունների ակադեմիան միշտ կանգնել է եւ կկանգնի ի պաշտպանություն մեր շահերի: Այդ, ինչպես ասացի, պատմական դիմակայությունը հերթական անգամ տեղ գտավ կայացած գիտաժողովի ընթացքում եւ հաստատեց, որ հայերի եւ վրացիների միջեւ եկեղեցական եւ մշակութային հարցերում դեռեւս դիմակայություն եւ անըմբռնողություն կա:

«Ախալի թաոբա», Վրաստան
www.mediadialogue.org