Օր չի լինի, որ մեր մարդիկ չլսեն աշխարհում Հայաստանի տեղի ու դիրքի մասին ուշագրավ որեւէ հաղորդագրություն: Դրանք երբեմն ոգեւորող են, երբեմն` մտահոգող: Հայ հանրությունը հատկապես անհանգիստ է երկրի տնտեսական զարգացումների վիճակագրության հանդեպ, նրան մշտապես ուղեկցում է «Տեսնես մեզնից վատ ապրող կա՞»՝ հարցը: Այստեղ, որպես փորձագիտական կառույց, հաճախ է հանդես գալիս Համաշխարհային բանկը (ՀԲ): ՀԲ-ն, ինչպես անվանում են այն, յուրաքանչյուր տարվա համար թողարկում է «Երկրներ եւ տարածաշրջաններ» տեղեկագիրք: Օրերս լույս տեսած «Աշխարհը թվերով» վերլուծականն ընդգրկում է մինչեւ 2003թ. արձանագրված վիճակագրությունը:
Ըստ ՀԲ-ի վերլուծաբանների, որոնք տեղեկագրքում ընդգրկել են աշխարհի 208 երկրները, դրանք բաժանվել են եկամտային առումով 7 խմբերի. տրված են դրանց ինչպես` միջինացված, այնպես էլ` առանձին վերցրած երկրների ցուցանիշները: Միջինացված ցուցանիշները հետեւյալն են. 1 բնակչի հաշվով եկամտի ցածր ՀՆԱ ապահովող երկրներ-տարեկան 440 ԱՄՆ դոլար, ցածր եւ միջին՝ 1280 դոլար, միջինից ցածր՝ 1490 դոլար, միջին՝ 1930 դոլար, միջինից բարձր՝ 5440 դոլար, Եվրամիության 12 երկրներ՝ 27.000 դոլար եւ բարձր եկամուտ ապահովողներ՝ 28.600 դոլար: Վերլուծաբանները խնդիր են ունեցել միջին գնահատման պարագայում: Դասակարգումը նրանք սահմանել են երկրների համար բնորոշ 50 ցուցանիշերի հիման վրա, այլ ոչ` զուտ համախառն ներքին արդյունքի: Ստացվել է այնպես, որ նույն միջինից ցածր եկամուտ ապահովող երկրների խմբում են հայտնվել թե 810 դոլար ապահովող Ինդոնեզիան, թե 2800 դոլար ապահովող Բրազիլիան: 950 դոլար ցուցանիշով այստեղ է հայտնվել նաեւ Հայաստանի Հանրապետությունը:
Անշուշտ, ԱՄՆ դոլարի հանդեպ դրամի կայունացումը եւ տնտեսական աճի երկնիշ թվերը կարող են մեր ցուցանիշի կտրուկ բարձրացման հանգեցնել. բայց մենք համոզվել ենք, որ դրանից մեր կյանքում դրական էական փոփոխություն չի արձանագրվում: Տեսեք. շատերիս համար կարող է տարօրինակ թվալ, որ, ասենք, Նամիբիան 2000 դոլար ցուցանիշ ունի, որին հասնելու համար մեզ առնվազն 10-ամյակ կպահանջվի: Փոխարենը` մեր ցուցանիշը շատ մոտ է առավել անպատվաբեր ցածր եկամուտ ապահովող մի շարք երկրների արդյունքներին. Անգոլան ու Նիկարագուան 2003-ին ունեցել են 740 դոլար: ՀՀ ղեկավարությունը հուսադրում է, թե մեր տնտեսական աճի ցուցանիշները բարձր են, եւ մենք հետ մնալու անհանգստություն չունենք: Գուցեեւ ճիշտ են, սակայն որոշ թվերի ծանոթանալուց հետո լավատեսությունը չի ամրապնդվում: Նման մտահոգություն է առաջանում այն պատճառով, որովհետեւ, ասենք, մի այնպիսի ցուցանիշով, ինչպիսին է 1000 բնակչի հաշվով համակարգիչներից օգտվողների թիվը, Նիկարագուայում նրանք 28-ն են, ՀՀ-ում՝ 16-ը, ինտերնետից օգտվողները, համապատասխանաբար` 17 եւ 16: Նիկարագուացիները մեզ էապես գերազանցում են օրաթերթեր ընթերցելու առումով. հազիվ 67 տոկոս գրագիտություն ունեցող այս երկրում 1000 բնակչի հաշվով տպագրվում է 30 օրինակ թերթ, ՀՀ-ում՝ 5:
Մեր մարդկանց հետաքրքրող մի այլ դիտարկում: Խմբում ընդգրկված շատ երկրներում գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 10 տոկոսից չի անցնում: Զարգացող Բրազիլիայում այն կազմում է 6 տոկոս. ստացվում է, որ 1 բնակչի հաշվով երկիրն արտադրում է 150 դոլարի գյուղմթերքներ, ՀՀ-ում այս ցուցանիշը 240 դոլար է: Բայց նայելով մեր պարենային շուկային, ուր հեռավոր Բրազիլիայից Հայաստան հասցված միսն ու մսամթերքներն ավելի ցածր գին ունեն, քան տեղականը, լավատեսության զգացում չես ապրում: Նույնն է ցորենի պարագայում. շատ երկրներում այս մշակաբույսի 1 կիլոգրամը հայ ներմուծողները գնում են 30-40 դրամով, բնականաբար, թանկ համարելով հայ հողագործի պահանջած 70 դրամը, որն, ըստ իր բացատրության, անգամ կատարած ծախսերը չի փակում:
Մենք թերեւս մեկ հարցում անվիճելի առաջատարների թվում ենք. խոսքը 1 բնակչի հաշվով ստացվող օգնությունների մասին է: Ըստ ՀԲ տվյալների, 2002-ին այն կազմել է 96 դոլար, 2003-ին՝ 81 դոլար, այն դեպքում, երբ նույն խմբում գտնվող Բրազիլիայում՝ 2 դոլար է: Առավել անբարենպաստ խմբում գտնվող Հնդկաստանում, ուր 1 բնակչի հաշվով տարեկան եկամուտը հազիվ 540 դոլար է (մեր կեսին մոտ ցուցանիշ), օգնությունը հազիվ 1 դոլար է: Երեւի հնարավոր չի լինի պատկերացնել մեր վիճակը, եթե ՀՀ-ում ստացվող այդ 80-100-ապատիկ օգնությունը մասամբ իսկ կրճատվի: Թերեւս նման տրամադրությամբ է պայմանավորված աշխարհի ամենաաղքատ երկրների համար նախատեսված հազարամյակի մարտահրավերների ծրագրում ընդգրկված լինելու հպարտությունը, երբ պարզապես այլ զգացում է պետք ունենալ: