Մեզանում լայն տարածում ունեցող բացասական երեւույթներից է բուժհաստատություններում գումարներ պահանջելու տարածված երեւույթը: Հակակոռուպցիոն պայքարում միջազգային փոձագետները քաղաքական կամքից եւ ճիշտ պետական ռազմավարությունից առավել կարեւորում են հանրային գիտակցության բարձրացումը:
Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքերով, ցանկացած հիվանդ, որին ասում են՝ վճարիր, պետք է իրազեկ լինի իր իրավունքների մասին եւ պահանջելով հսկիչ կտրոն՝ վճարումը կատարի միայն դրամարկղում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մի հետազոտության համաձայն, Հայաստանի Հանրապետությունում անվճար բուժծառայությունից օգտվում է մինչեւ 7 տարեկան երեխաների 59%-ը, շտապ բուժօգնության ծառայությունից՝ 47%-ը, հիվանդանոցային բուժծառայությունից` 23%-ը: Իսկ անվճար դեղորայք ձեռք բերելու իրավունքից՝ 38%-ը, մանկաբարձագինեկոլոգիականից՝ դիմողների 8%-ը: Հետազոտության համաձայն, մնացածները չեն օգտվել, որովհետեւ կամ իրազեկ չեն իրենց իրավունքներին, կամ պարզապես պարտադրված են վճարելու: Առողջապահության համակարգում անվճար բուժօգնության կամ հատուցման գաղափարը ներդրվել է 1997 թվականից, երբ խորհրդային պլանային առողջապահությունից անցում կատարվեց նոր ֆինանսական կառավարման մեխանիզմի: 0-7 տարեկան երեխաները, անկախ ախտորոշումից եւ սոցիալական խմբից, իրենց տարիքային կարգավիճակով մտնում են պետպատվերի մեջ: 2005թ. պետբյուջեով, մայրաքաղաքի մանկական ազգաբնակչությանը հատկացված գումարը կազմել է 1 մլրդ 113 մլն 295.000 դրամ: Մեկ դեպքի դիմաց միջինացված գներով վճարվում է 80-90 հազար դրամ, ինչը հաշվվում է ըստ հիվանդանոցում անցկացված օրերի: Սակայն, ինչպես մասնագետներն են պնդում, պետական ֆինանսավորումը լիովին չի հատուցում ներհիվանդանոցային ծախսերը: «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանի հավաստմամբ, այս տարի իրենք 400 միլիոն դրամի պետպատվերի ծրագիր են իրականացրել, բայց բուժհաստատությունը նույն ժամանակամիջոցում ծախսել է 600 միլիոն դրամ: «Տարեկան 5000 ներհիվանդանոցային եւ 12.000 արտահիվանդանոցային դեպքեր ենք ունենում»,- ասում է երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավարը: «Մեզ մոտ արդեն երեք-չորս ամիս պառկած է մի երեխա, որի համար հիվանդանոցն օրական 30-40 դոլարին համարժեք դրամ է ծախսում, սակայն մի դեպքի համար պետությունը հատկացնում է մոտ 80 հազար դրամ: Մենք ունենք պաշտոնական համավճար, եւ եթե ծնողը հնարավորություն ունի, ապա պետպատվերի իրավունքով պառկածն էլ կարող է 15.000 դրամի չափով համավճար կատարել: Սակայն հիվանդի չունենալուց կախված չէ նրա սպասարկման որակը. մեր նպատակն ու փիլիսոփայությունն է, որ երեխայի բուժման որակը կախված չլինի նրա ծնողի վճարունակության մակարդակից»,- հաստատում է պրն Բաբլոյանը:
Համավճարն իրական ծախսերի եւ պետական ֆինանսական հոսքերի տարբերությունն է: Սակայն 0-7 տարիքի երեխաների համար եւ ոչ մի դեպքում կիրառելի չէ համավճարի սկզբունքը, որն օրենքով է սահմանված: Փաստորեն, բուժհաստատություններն` ապօրինի գումար գանձելով, ներքին տնտեսվարման խնդիր են լուծում՝ «լցոնելով իրենց ֆինանսական ճեղքվածքը»: Պարոն Բաբլոյանը պատրաստակամություն հայտնեց իր տնօրինությանը պատկանող առողջապահական համալիրում ապօրինի գումար գանձած յուրաքանչյուր բժշկի անհրաժեշտության դեպքում հայտնաբերել եւ հեռացնել աշխատանքից. «Ես դեֆիցիտը փակում եմ իմ կապերով եւ հնարավորություններով՝ աշխարհում մոբիլիզացնելով մարդկանց, ովքեր ուզում են օգնել մեր երկրին: Օրինակ՝ «Ղարագյոզյան հիմնադրամը» հովանավորում է, որովհետեւ իրազեկ է, որ մեծ ճեղքվածք կա կարիքի եւ հնարավորությունների միջեւ: Հովանավորներն օգնում են խրոնիկ հիվանդություններով տառապող երեխաներին, ովքեր երկարատեւ կամ ամբողջ կյանքում բուժվելու կարիք ունեն: Մենք նրանց ձրի ենք բուժում»,- ասում է պրն Բաբլոյանը:
Ի դեպ, «168 Ժամ» թերթի խմբագրությունը բողոք-նամակ էր ստացել ծնող Ս. Այվազյանից, որն այս տարվա մայիս ամսին իր փոքրիկի հետ պառկած է եղել մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում եւ իր դժգոհությունն է արտահայտում կլինիկայի «Նորածնային պաթոլոգիա» բաժանմունքում տիրող բարձիթողի իրավիճակից եւ առքուվաճառքային մթնոլորտից: Մեջբերենք նրա նամակից մի հատված. «Եթե գումար ունես՝ երեխայիդ կբուժեն, իսկ եթե ոչ՝ Աստված քեզ հետ: Ամբողջ դեղորայքը գնում էինք մենք, ընդհուպ` մինչեւ կաթետրը: Բուժքույրերն իրենց պարտականությունը կատարելու համար գումար էին ուզում, եթե չէիր կարողանում վճարել՝ արժանանում էիր արհամարհանքի: Բուժման համար գումար էր պահանջում նաեւ բաժանմունքի վարիչը: Ես պարզապես ապշած էի մնացել, չգիտեի` բուժանձնակազմի՞ն վճարեի, թե՞ երեխայի համար դեղորայք գնեի»:
Իսկ մեկ այլ ծնող՝ Ա. Հարությունյանն, ընթացիկ տարվա հուլիսին գտնվելով նույն հիվանդանոցի Սոմատիկ բաժանմունքում, ականատես է եղել, թե ինչպես անապահով մի ընտանիք, չկարողանալով վճարել տվյալ բաժանմունքի վարիչի առաջարկած գումարը, զբոսանքի իջնելու պատրվակով դուրս գալով բակ՝ երեխաների հետ միասին ուղղակի փախուստի է դիմել շենքից՝ առանց փաստաթղթային համապատասխան ձեւակերպման: Հիվանդանոցից դուրս գրվելու համար ընդունված պայման է՝ լրացնել մի տեղեկանք, որտեղ ծնողը նշում է, որ ինքը տեղյակ է, որ իր երեխայի բուժումն անց է կացվել պետպատվերի շրջանակում, եւ մակագրել դրա դիմաց: Իհարկե, ինչպես ծնող Ա. Հարությունյանն է հաստատում, պետպատվերի փաստաթղթին զուգահեռ, ծնողին «ծանուցվում է» նաեւ որոշակի գումար վճարելու հանձնարարություն: Գումարի չափը, նրա խոսքերով, տատանվում է 25-50.000 դրամի սահմաններում:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւանի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը ծնող Ս. Այվազյանի նամակը որակեց «ճ» կարգի բողոք՝ նշելով, որ ինքը բավականին տոլերանտություն ունի դիմագրավելու նման դժգոհությունների ալիքին: Նրա խոսքերով, այն գործունեությունը, որ իրենք են ծավալում մանկական ազգաբնակչության շրջանում, դրվատանքի եւ խրախուսանքի է արժանի, քանի որ իրենց որդեգրած կարգախոսն է՝ «ոչ մի երեխա մեղավոր չէ նրանում` իր ծնողը հարո՞ւստ է, թե՞ ամենավերջին աղքատը»: Նա իր ասածը հիմնավորելու համար առանձնասենյակ հրավիրեց տասնամյա Դավթին: Պարզվեց, որ գունատ դեմքով եւ անորոշ հայացքով տղան կլինիկա է տեղափոխվել մահամերձ վիճակում եւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում (բժշկական եզրահանգման համաձայն, ուժեղ հազից ուղղակի պայթել էր տղայի կերակրափողը) ենթարկվել կերակրափողի եւ շնչափողի մի քանի բարդ վիրահատությունների: Ն. Դալլաքյանի ասելով, նրա վրա ծախսած գումարն արդեն կազմում է մոտ 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դավիթի տատիկը, որն ուղեկցում էր նրան, անընդհատ կրկնում էր, որ իրենք այս ժամանակահատվածում ոչ մի կոպեկ չեն ծախսել: «Բժիշկ ջան, եթե Ձեր դեմ դուրս գան, ուրեմն Աստծո դեմ դուրս կգան»,- վանկարկում էր տատիկը: Տրամագծորեն իրար հակասող այս դեպքերի նկարագրումը ոչ մի դեպքում չի արդարացնում երեխաների՝ պետության կողմից երաշխավորված բուժօգնության դիմաց պարտադիր եւ ապօրինի գանձումների տխուր ավանդույթն ու հանցավոր գործելաոճը, ինչը նաեւ վերահսկող մարմինների աշխատանքային թերացումների արդյունք է:
«Եթե երեխան ուղեգրված է պոլիկլինիկայի կողմից եւ հիվանդանոցային պայմաններում ստացիոնար բուժում է ստանում, ապա այն ամենը, ինչ որ կապված է բուժման հետ՝ անվճար է»,- ասում է ԱՆ Մոր եւ մանկան վարչության պետ Կ. Սարիբեկյանը: Իհարկե, բացառություններ կան, օրինակ, բարձր տեխնոլոգիաներով թանկարժեք սարքավորումներով հետազոտությունները՝ համակարգչային տոմոգրաֆիան, մագնիսառեզոնային յամերը վճարովի ծառայություններ են բոլորի համար: Կ. Սարիբեկյանը տեղեկացրեց նաեւ, որ հաշմանդամությունը կանխելու նպատակով անցած տարվանից պետպատվերի սահմաններում իրականացվում է նաեւ դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաների բուժսպասարկումը:
Ձմեռնամուտին որոշ մանկական հիվանդություններ ակտիվանում են: «Սուրբ Աստվածամայրի» տնօրեն Ն. Դալլաքյանը փաստում է, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի 12 մահճակալների առկայության դեպքում իրենք յուրաքանչյուր օր ընդունում են 15-16 ծանր դեպք: Դա է պատճառը, որ վերակենդանացման մանկական բուժծառայության ծախսերը մի քանի անգամ գերազանցում են հատկացված գումարները: Եվ «Սուրբ Աստվածամայր» եւ «Արաբկիր» բժշկական կենտրոնների տնօրենների կարծիքով, որպեսզի բուժսպասարկման ոլորտում ազգաբնակչության առաջարկն ու պահանջարկը համապատասխանեն` անհրաժեշտ են կտրուկ ֆինանսական միջոցառումներ եւ համակարգային լուծում, այն է՝ պարտադիր ապահովագրական առողջապահություն: