Երկու տարի առաջ «ԱրմենիաՆաու» էլեկտրոնային շաբաթաթերթը նախաձեռնեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական ակցիան՝ նպատակ ունենալով սոցիալական աջակցություն ցուցաբերել առավել կարիքավոր ընտանիքներին: «Հայ Ձմեռ պապը» երկու տարում հայտնաբերել եւ օգնել է ղարաբաղցի եւ հայաստանցի ավելի քան 20 ընտանիքների:
Դրանք եղել են կենսական առաջին անհրաժեշտության օգնություններ՝ կրթավճար, համակարգիչներ, կովեր, ոչխարներ, հավեր, անգամ՝ լուսամուտի ապակիներ: «Մենք չենք կարող փոխել բոլոր կարիքավորների կյանքը: Ուստի ավելի լավ է օգնել մի քանիսին, քան անտեսել բոլորին»,- գտնում է շաբաթաթերթի խմբագիր Ջոն Հյուզը: Այս դեպքում նրանց գործը եղել է այս ընտանիքներին գտնելը, ընթերցողներին նրանց պատմություններին ծանոթացնելն ու հենց ընթերցողների միջոցով նրանց օգնելը:
Երեկ «ԱրմենիաՆաուն» մեկնարկեց երրորդ «Հայ Ձմեռ պապի» սկիզբը. «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց շաբաթաթերթի եւ «Շողակաթ հեռուստաընկերության համատեղ «Հայ Ձմեռ պապ» (ֆիլմի հեղինակներ՝ Տիգրան Պասկեւիչյան, Արմենուհի Պետրոսյան, ռեժիսոր՝ Արա Շիրինյան) վավերագրական ֆիլմը, որը պատմում է բարեգործական ակցիայի այս տարվա շահառուների մասին: «Դրանք երջանիկ պատմություններ չեն, սակայն պատմում են մարդկային ոգու եւ արժանապատվության մասին, դրանք պատմություններ են տառապանքի, ինչպես նաեւ` բարության մասին, որպես լրագրող` մեր գործն է նման մարդկանց գտնելն ու հնարավորության սահմաններում նրանց օգնելը»,- Ջոնը Հյուզը հավատացած է, որ այս պատմությունները ոչ միայն կհուզեն, այլեւ կոգեշնչեն եւ բարի գործերի կմղեն մեզ: Ֆիլմի ավարտին ցուցադրված «Օգնիր եւ օգնություն կգտնես» հինգրոպեանոց տեսանյութը բարեգործական այս ակցիայի անցյալ տարվա մեկ այլ շահառուի՝ Լեռնուհի Իսոյանի մասին, քրիստոնեական այս ճշմարտության ապացույցն էր: Լեռնուհին պայթյունի հետեւանքով կորցրել է երկու ոտքն ու մի ձեռքը: Լավատեսությունը չկորցրած այս կինը, ով անցած տարի դեռ ինքն օգնության կարիք ուներ, այս տարի արդեն կարողանում է օգնել նաեւ իր նմաններին: Լեռնուհին մի ձեռքով գործում է, եւ իր ձեռագործ աշխատանքներով փորձում հոգալ եւ իր ընտանիքի կարիքները, եւ օգնության ձեռք մեկնել մերձավորներին: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում էին Լեռնուհու գործած շարֆերն ու բլուզները, որոնց վաճառքից գոյացած հասույթը «Հայ Ձմեռ պապը» կտրամադրի այլ կարիքավոր ընտանիքների: